Մայիսի 8-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցավ անընդունելին․ պատգամավորների միջև ծեծկռտուք՝ օրենսդիր ու գործադիր մարմինների բոլոր ներկայացուցիչների ներկայությամբ և մեծամասնության մասնակցությամբ։ Այն, ինչը նախորդեց ծեծկռտուքին, քիչ հետաքրքիր է, քանի որ արդեն սովորական դարձած բառապաշար էր, բայց հետաքրքիր էր մյուս հատվածը՝ ծեծկռտուքն ու հետևանքը։ Ընդ որում ամոթը միայն ծեծկրտուքի փաստը չէր, այլ որ իրար հերթ չտալով հարձակվեցին մեկ հոգու վրա։ Իսկապես ամոթ էր ու դատապարտելի և ուրեմն՝ անդրադառնանք հերթով բոլոր դրվագներին։
Ծեծկռտուք
Վարչապետն ու գործադիրի ներկայացուցիչները խորհրդարանում ներկայացնում էին կառավարության ծրագրի կատարողականը։ Բազմաթիվ ելույթներ եղան, վարչապետն անձամբ հարցերին էր պատասխանում, նա, սովորության համաձայն, տեղավորվեց պոպուլիզմի շրջանակներում, շրջանցում էր բոլոր խնդիրները կամ վերագրում նախորդներին՝ արդարացում գտնելով չարածների համար։ Որտեղ պետք է կոնկրետ պատասխաններ տար, քաղաքական զեղումներով շրջանցեց։ Խորհրդարանական ընդդիմությունը հիմնականում չափավոր քննադատեց, սակայն այդ քննադատությունն անգամ դուր չեկավ իշխանությանը։ Ո՞նց, Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ քննադատո՞ւմ եք։ Իրար հաջորդող ելույթներն ու արձագանքները մթնոլորտն աստիճանաբար լարեցին:
ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ, որը իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանին կոչ էր անում մթնոլորտը չշիկացնել սրիկա ու տականք բառերով, տեղից ակտիվացավ Սասուն Միքայելյանը՝ ռեպլիկներ թողնելով Մարուքյանի հասցեին: Ըստ երևույթին, ամբիոնից չգոռգոռալու նպատակով Էդմոն Մարուքյանն իջավ ամբիոնից, որին անմիջապես մոտեցավ Սասուն Միքայելյանն ու «սիլա» տվեց Մարուքյանին, ինչից հետո տարբեր կողմերից իրար գլխի թափվեցին ժողովրդի ընտրյալները, և սկսվեց խառը ծեծկռտուք:
Ծեծկռտուքի մասնակիցները
Ծեծկռտուքին մասնակցելու ցանկություն ունեցողները, պարզվեց, շատերն էին։ Ուշագրավն այն է, որ ոչ թե մյուսները եկան հաշտեցնելու, այլ հիմնականում՝ իրենք ևս հարվածներ հասցնելու` տպավորություն թողնելով թե, սպասում էին Սասունը «կպներ»՝ խփեին: Նրանց չպահեց ո՛չ ուղիղ եթերը, ո՛չ մանդատը, ո՛չ իրենց քաղաքական ղեկավարի ներկայությունը: Նման էր «քուչի կռվի», որտեղ հաղթում էր այն կողմը, որը թվով ավելի շատ էր: Ով հասցնում էր՝ խփում էր կամ հրում։ Խորհրդարանի նախագահն անվստահ ձայնով փորձում էր միկրոֆոնով հանդարտեցնել, դա նրան չհաջողվեց, տեղից իջավ ներքև, այնտեղ ևս նրան ոչինչ անել չհաջողվեց, հետ գնաց: Փոխվարապետ Ավինյանը եկավ հանդարտեցնելու, նրա մոտ ևս ոչինչ չստացվեց՝ ոչ ոք բանի տեղ չդրեց: Փաշինյանը, որքան էլ իմքայլականները փորձեցին համոզել որ այդ պահին դահլիճում չէր՝ դահլիճում էր, տեղից վեր կացավ, բայց ոչ թե մոտեցավ հանդարտեցնելու, այլ գնաց դեպի հակառակ կողմը՝ դեպի ելք: Կադրերում երևում է թե ինչպես էր դուրս գալուց առաջ, գոռգոռում խորհրդարանի ղեկավարի վրա՝ հրահանգներ տալով, թե գնա հանգստացրու դրանց։ Կադրերում ֆիքսվեց, որ Մարուքյանին հետևից գալիս-հարվածում է պատգամավոր Արտակ Մանուկյանը։ Վարչապետի քավորի եղբայրը՝ Վահե Ղալումյանը, մի պահ բռնել էր Էդմոն Մարուքյանի գլխից և քաշքշում էր: Հետո ասաց, թե ուզում էր բռնել, որ Սասունին չխփի։ Կրքերը հանդարտվեցին իրենց-իրենք, բայց երբ ընդմիջում հայտարարվեց, դարձյալ խառնվեցին իրար ու շարունակվեց նույն ոգով, բառապաշարը ավելի լարվեց, բրթբրթոցը ու խփողների հերթը նույնպես չնվազեց:
ԱԺ նախագահը
Արարատ Միրզոյանը որպես ԱԺ նախագահ ի սկզբանե տարբերվում է իր նախորդներից կողմնապահությամբ: Նա երբեք անաչառությամբ աչքի չի ընկել, նա սովորաբար չի սաստում իր թիմակիցներին անվայելուչ բառապաշարի համար և ընդհակառակը, փորձում է մեղքը բարդել մյուս ֆրակցիաների վրա, թե՝ դուք սկսեցիք կամ դուք էլ պակասը չէիք: Նախորդ նիստում, երբ իրար մայր էին հայհոյում, Արարատ Միրզոյանը դարձյալ մեղքը գցեց Էդմոն Մարուքյանի վրա, թե՝ դուք Ալեն Սիմոնյանին ասել եք «հոգնած»: Այս անգամ էլ չէր տիրապետում իրավիճակին։ Անճարությունից սկսեց բղավել միկրոֆոնի մեջ, «Անվտանգության ծառայող չկա՞ այս շենքում, եկեք կարգի հրավիրեք»։ Խորհրդարանի ղեկավարը, պարզվեց, տեղյակ էլ չէր որ, որ անվտանգության ծառայողը չունի դրա իրավունքը՝ մտնելու և կարգի հրավիրելու, մանավանդ որ ներսում իրար ճանկռում էին ոչ թե փողոցից եկած խուժանները, այլ բարձր մանդատով օժտված անձեռնամխելի պատգամավորները։ Խորհրդարանի ղեկավարը պետք է դա հանդարտեցներ՝ խիստ խոսքով, ձայնով և անպայման բարձր հեղինակությամբ։ Արարատ Միրզոյանի դեպքում դրանք բացակայում են։
Ուշագրավ է, որ խորհրդարանական հանրապետության խորհրդարանի ղեկավարին հրահանգ էր տալիս վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի դերը
Այս ամենի մեղավորն է առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանն է, որ որոշել էր միանձնյա վերցնել իշխանությունը, և չունենալով պատմություն և արժեք ունեցող կուսակցություն ու նորմալ թիմ, ում ասես նշանակեց նախարար, մտցրեց խորհրդարան, ձևաորեց «քաղաքական էլիտա», որին իրենք ոչ մի ձև չէին համապատասխանում: Նրանք իրենց կյանքում ոչինչ չէին արել-ստեղծել, չունեին անգամ ունակություն լուրջ բաներ խոսելուց առաջ գոնե մտածելու։ Ու ստացվեց այնպես, որ ամեն հերթական ու արտահերթ նիստի ժամանակ խորհրդարանի ամբիոնից լսում ենք զավեշտալի ելույթներ, իսկ որպես արձագանք Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե հպարտ է իր պատգամավորների ցուցադրած մաստեր կլասով: Նա նման է չարաճճի երեխաների դեռահաս հոր, որը անգամ պատասխանատվություն չի ուզում կրել իր ստեղծած մակապարտեզի որակի համար։ Ցավը այն է, որ անգամ այս դեպքը նրան չսթափեցրեց և վարչապետն իրեն չպահեծ մեծի պես, չեմ ասում երկրի ղեկավարի, թիմի առաջնորդի, ոչ, պարզապես մեծի պես չպահեց:
Նիկոլ Փաշինյանի ողբերգությունը կամ թռնելը՝ որպես սովորություն
Մայիսի 8-ին խորհրդարանում իր թիմի անդամները՝ բոլորը միասին, ցույց տվեցին, որ Փաշինյանից ոչ կերպ չեն կաշկանդվում, ոչ վախենում են, ոչ էլ որևէ կերպ հարգում են: Չէր կարող նման բան տեղի ունենալ նախկինում՝ նախորդ ղեկավարների ներկայությամբ: Ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Լևոն Տեր-Պետրոյսյանի, ոչ էլ, առավել ևս, Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ որևէ պատգամավոր իրեն թույլ չէր տա նման կերպ վարվել, անգամ՝ Նիկոլ Փաշինյանը: Բայց իր թիմակիցները ցույց տվեցին, որ իրենց համար իրենց քաղաքական թիմի առաջնորդը և երկրի ղեկավարը զրո հարգանք ունեն: Նա պետք է ունենար այդ հարգանքը, «դուխը», եթե կուզեք՝ վախը, որ հայացքից անգամ սառեին, այ հենց այստեղ նա պետք է կանգներ ու ասեր՝ վեր ընկեք տեղնրդ: Բայց հակառակը տեղի ունեցավ, սկզբում տեղից չշարժվեց, հետո դահլիճից վերկացավ ու ետևի դռնով փախավ՝ բնավորության համաձայն: Ինչպես որ փախել է պատերազմից, մարտի 1 հրահրելուց հետո, կորոնավիրուսի պատասխանատվությունից։
Խելոք պատգամավորների փչացումը
Այսօրվա Ազգային ժողովում կան մի քանի պատգամավորներ, որոնք, թվում է, բանիմաց են, խելացի: Կամ ձևակերպենք այսպես․ մինչև պատգամավոր դառնալը նրանց որպես խելացի, կիրթ, բան հասկացող էինք ճանաչում: Նրանց թվում էին մեր նախկին գործընկեր Բաբկեն Թունյանը, տնտեսական հարցերով փորձագետ Արտակ Մանուկյանը: Տնտեսագետներ են, որոնց հրավիրում էինք հարցազրույցի, հիմնավոր քննադատում էին նախորդ իշխանության գործունեությունը: Ափսոսացինք, երբ նրանք մտան խորհրդարան, որովհետև հասկանալի էր՝ այս թիմի կազմում գաղափարական փչացում են ապրելու: Բաբկեն Թունյանի բառապաշարը ելույթից ելույթ փոխվեց, ու այսօր քիչ բանով է տարբերվում հեղափոխական թրենդային բառապաշարից: Տեսնելով, թե ինչպես է Արտակ Մանուկյանը հանգիստ մոտենում, ետևից «ճլոթում» Էդմոն Մարուքյանին ու վերադառնում, հասկացանք, որ նրան ևս անդառնալի կորցրել ենք: Կան պատգամավորներ, որոնք ի սկզբանե այն տպավորությունն են թողել և նրանց վարքից չենք զարմանում, նշվածներից և էլի մի քանիսի գործելաոճի փոփոխությունը, իրոք, տխրեցրեց:
Վարչապետի գաղափարական կապիտուլյացիան
Այս պատմությունը այսչափ տխուր չէր լինի, եթե գոնե այսքանից հետո, Փաշինյանը սթափվեր։ Թվում էր թե, իրականում, սպասվում էր որ վարչապետը, կրքերը հանդարտվելուց հետո, կսկսի շռայլել ներողություններ, Մարուքյանին, ընդդիմադիր պատգամավորներին, ժողովրդին, կդատապարտի Սասունին, հետո բոլոր խփողներին, չբաժանողներին, կդատապարտի բռնությունը և այլն։ Իսկ ի՞նչ տեսանք մենք․ վարչապետը, ըստ էության, ելույթում սկսեց մեղադրել խորհրդարանական ընդդիմությանը, Մարուքյանին, ում հետ մեկ օր առաջ սուրճ էր խմում, նախկիններին, ինչ-որ բանդաների, բոլոր բոլորին, բացի իրական մեղավորներից։
Նիկոլ Փաշինյանը ելույթի ընթացքում ջղաձգված, պատմում էր, թե ամենօրյա ռեժիմով իշխանությանը բռնության են ենթարկում՝ հոգեբանական։ Ուղիղ երկու տարի անց հոգեբանական բռնության բումերանգը հյուր է եկել արդեն Փաշինյանին ու իր թիմակիցներին։ Նախկինները միանգամից ճիշտ նկատեցին․ ո՞վ է խոսում բռնությունից, վիրավորանքից, հասկանո՞ւմ եք, Նիկոլը արդեն ներկայանում է որպես բռնության զոհ։ Մարդ է խոսում ատելությունից, որը հենց հեղափոխության սկզբից, ամբողջ երկու տարի աջ ու ձախ դա է սերմանում, դա է քարոզում, ում հրամանով ամբողջ համացանցը լցված է հայհոյանքով, ատելությամբ, ում հրամանով շուտով փողոցում արդեն իրար «սամասուդ» կանեն: Իսկ իրականում, գոնե նախկին իշխանության նկատմամբ նա ատելություն քարոզում է արդեն 20 տարի:
Նախկինի դասերը կամ
Այս իշխանությունից առաջ Ազգային ժողովում «համբալ», «դիշովկա», «շիշը կտամ գլխիդ» վերջին անգամ ասել էին 2016 թվականին՝ Նիկոլ Փաշինյանին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում միջադեպեր եղել են մշտապես։ Ու երբևէ միջադեպերը չեն եղել գաղափարական հողի վրա, մի կարևոր օրինագծի շուրջ, ազգային հարցերի շուրջ։ Սակայն ընդդիմության վրա հարձակում եղել է 1996 թվականի սեպտեմբերի 26-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը ընտրությունները խայտառակ կեղծելուց հետո, կեղծիքներին դեմ հանդես եկող ըմբոստ ընդդիմադիր խորհրդարանականների վրա գնդակահարության հոդված դրեց ու անձեռնմխելիությունից զրկելու հարցն էր քննարկում: Այդ ժամանակ հենց խորհրդարանի ամբիոնին դաժան ծեծի ենթարկվեց այժմ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Ի դեպ, ընտրակեղծարարների թվում, ասում են, նաև Սասուն Միքայելյանն էր: ՀՀՇ-ական իշխանության գաղափարները շարունակող այսօրվա իշխանությունը ևս գնաց նույն ճանապարհով:
Ասում են՝ բա Սերժի վախտ: Սերժի վախտ կային հայհոյող պատգամավորներ՝ Շմայս, որը հայհոյում էր ընդդիմադիր պատգամավորներին, բայց բավական էր, որ նույն ՀՀԿ-ականներից թարս մեկը նայեր, և տեղն էր նստում: Այսօր այդ թափով մեկը չկա իշխող թիմի կազմում: Կար Թոխմախի Մհեր, որն էլ լրագրողների հետ իրեն պահում էր այնպես, ինչպես հիմա՝ Անդրանիկ Քոչարյանը։ Բայց նրան էլ հուշում էին, որ իրեն պատգամավորին հարիր պահի: Սեդրակյանի հետ մեկ-երկու միջադեպ ենք հիշում, իսկ Անդրանիկ Քոչարյանը իրեն վատ է պահում գրեթե բոլոր ճեպազրույցների ժամանակ:
Վարկանիշի գահավիժում
Իշխանության ու նրա ղեկավարի վարկանիշը գահավիժում է խոստումների չկատարման, գործ անելու փոխարեն՝ մշտապես մեղավորներ գտնելու, կորոնավիրուսի դեմ պայքարել չկարողանալու և ժողովրդին աղքատության ու հուսահատության ճիրանները գցելու արդյունքում: Այս ամենին եկավ-գումարվեց հայտնի միջադեպը, որը ակնհայտ ցույց տվեց որ իշխանությունը կենսունակ չէ, էլ ուր մնաց հանրության հարցերը լուծի: Հանրության վստահությունը իրենց, սակայն, կարծես չի էլ անհանգստացնում: ԱԺ փոխխոսնակն ասում է. «Վարկանիշի համար կանհանգստանանք ընտրությունների ժամանակ»: Հին գործելաոճը՝ մեզ ժողովուրդը ձայն է տվել, կարող ենք անել ինչ ուզում ենք: Հետո կանենք այնպես, որ էլի ձայն տա: Մեկ է՝ ժողովուրդը հեշտ է խաբվում:
Իշխանության կորուստը
Նիկոլ Փաշինյանը իր իշխանության բանաձևը հենց սկզբից այսպես է ուրվագծել․ Ժողովուրը ինձ վստահում է, ինչ ասեմ, դա է ճիշտ և պետք է անել։ Անցած երկու տարվա ընթացքում ինչ ասես չտեսանք, սկսած որ բեմից հրահանգներ էր տալիս ոստիկանությանը «ասֆալտներին փռել», վերջացրած Ռոբերտ Քոչարյանի կալանավորելու հետ կապվածները, ՍԴ նախագահի դեմ արշավները մինչ հանրաքվեով գործից հանել տալը։ Վստահաբար կարելի է ասել որ իր հահանգով այսօր մեր երկրում բազմաթիվ հարցեր են լուծվում, ենթադրվում է, որ մարդիկ զանգով արդարադատություն են անում, զանգով սրան նրան բռնում են, պաշտոնից հեռացնում են, ոստիկանական գործողություններ են իրականացվում… Եվ հիմա այդ հրահանգ ստացողներն առնվազն տարակուսանքի մեջ են, թե՝ էս ո՞վ է մեզ հրահանգ տալիս, մենք սրա ու սրա՞նց պատվերով ենք օրինական և ոչ միայն հրահանգներ կատարում: Ցանկացած մեկը, լինի նախարար, դատախազ, դատավոր, քննիչ կամ վարչապետի խոհարար, արդեն դիրքորոշում ու վերաբերմունք է փոխում:
Ընդդիմության մեղքը
Մեր ընդդիմության մեղքն ու ողբերգությունն այն է, որ այն որքան էլ փորձում է լեզու գտնել իշխանության հետ, մեկ է վերջում արժանանանում է արհամարհանքի, քամահրանքի և այսօր արդեն սամասուդի։ Այդ իսկ պատճառով է, որ ընդդիմադիր միտքը մնում է խորհրդարանի պատերից դուրս: 2018 թվականից ի վեր խորհրդարանական ընդդիմությունը հլու-հնազանդ ենթարկվեց իշխանության բոլոր քայլերին, ընդամենը մի քանի բոցաշունչ ելույթներ ունեցավ, պատերի տակ բամբասեց: Ընդդիմությունը ձևական էր, ձևավորվեց իշխանության սրտով՝ առանց հաշվի առնելու, որ իշխանության ղեկին մարդ է, որը ողջ կյանքում չի պահել և ոչ մի պայմանավորվածություն:
Իշխանության վերջը
Այս իշխանությունը, որը ձախողել էր իր գրեթե բոլոր խոստումները, այսօր արդեն վերջացել է: Նրանց ներվերը տեղի են տալիս, չեն դիմանում քննադատության, կորցնում են իրենք իրենց և վերջանում որպես իշխանավոր: Մենք հասել ենք մի հանգրվանի, որտեղ այլևս կարող է որևէ ընդդիմություն չաշխատել իշխանության հեղինակությունը գցելու վրա. Նիկոլ Փաշինյանն ու թիմը դա անում են լավագույնս: Նիկոլ Փաշինյանը դեմքը փրկելու տարբերակներ ուներ, եթե ունենար իրական իշխանություն, լիներ ուժեղ։ Օրինակ՝ նա կարող էր պահանջել հրաժարականներ՝ ԱԺ նախագահի հրաժարական, պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Արտակ Մանուկյանի, Վահե Ղալումյանի և այլոց մանդատները վայր դնելու պահանջ: Դա չարեց: Բայց նա դա չարեց, որովհետև թույլ է, ներսի պրոբլեմները դուրս կգային ջրի երես։ Նրան, ստացվում է, այլ բան չէր մնում, քան արդարացնել խայտառակ պահվածքը: Եկել է այդ թիմով, ու այդ թիմով էլ կգնա: Կատարվածն ընդամենը մոտեցրեց այդ գնալու ժամկետը: Ու այդ ժամկետը մոտեցավ իշխանության ձևավորման երկամյակի օրը:
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը