11 05 2020

Կորոնավիրուսը միայն արագացրեց սպասվող անկումն անշարժ գույքի շուկայում

Կորոնավիրուսը միայն արագացրեց սպասվող անկումն անշարժ գույքի շուկայում

Հայաստանի անշարժ գույքի շուկան, ինչպես և ենթադրելի էր, առաջինն արձագանքեց կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական կացության վատթարացմանը։ Բացի օբյեկտիվ գործոնից՝ նման իրավիճակներում անշարժ գույքի շուկան առաջինն է արձագանքում, մարտ ամսին այստեղ արձանագրված անկումը մեկ այլ՝ սուբյեկտիվ պատճառ էլ ունի։

Բանն այն է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում, հակառակ տնտեսության  վիճակի աստիճանական վատթարացմանը, անշարժ գույքի շուկան այսպես կոչված «գերտաքացվում էր»՝ գործարքներն ավելանում էին, գները բարձրանում։ Անշարժ գույքի շուկայի այդ արհեստական աշխուժացումը պայմանավորված էր իշխանության կողմից «հեսա լավ ա լինելու» և «շինարարության բում»-ի մասին խոստումներով։ Հավատալով այդ խոստումներին, շատերը հիպոթեկային վարկեր վերցրեցին և ձեռք բերեցին անշարժ գույք։ Տնտեսական իրողությունից դուրս և զուտ խոստումների վրա հիմնված նման աշխուժացումը անխուսափելիորեն հանգեցնելու էր գործարքների թվի և գների կտրուկ նվազման։ Դատելով մեր շուկայի սահմանափակ հնարավորություններից, այդ գործընթացը կարող էր սկսվել այս տարվա վերջին, բայց կորոնավիրուսը արագացրեց այդ գործընթացը։ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի շուկայի վերլուծության համաձայն, 2020 թ․-ի մարտ ամսին բոլոր ցուցանիշներում անկում է գրանցվել։

Մասնավորապես, գործարքների ընդհանուր թիվը Հայաստանի Հանրապետությունում կազմել է 15442, որը 6 տոկոսով պակաս է փետրվար ամսվա թվից։ Ընդ որում, շուկայի գլխավոր հատվածում՝ Երևանում գործարքների քանակը նվազել է թե այս տարվա փետրվարի համեմատ՝ 5,7 տոկոսով, թե անցյալ տարվա մարտի համեմատ՝ 8,4 տոկոսով։ Նույն միտումն է գրանցվել նաև մարզերի քաղաքային բնակավայրերում։

Առքուվառաքքի գործարքները ՀՀ-ում մարտին փետրվարի համեմատ նվազել են 7,7 տոկոսով, իսկ անցած տարվա մարտի համեմատ՝ 0,5 տոկոսով։ Միայն Երևանում այս ցուցանիշներն ավելի վատթար են՝ փետրվարի համեմատ առքուվաճառքի գործարքները նվազել են 10,8 տոկոսով, անցած տարվա մարտի համեմատ՝ 16 տոկոսով։ Նվազել է առանց բացառության բոլոր տեսակի գույքի՝ բնակարանների, տների, արտադրական և հասարակական նշանակության շինությունների, հողի առքուվաճառքի գործարքների քանակը։

Եվս մեկ ուշագրավ վիճակագրություն։ Օտարեկրացիների կողմից Հայաստանում վաճառված անշարժ գույքն այս տարվա մարտին փետրվարի համեմատ աճել է 9,1 տոկոսով, իսկ ահա օտարեկրացիների կողմից գնված անշարժ գույքը փետրվարի համեմատ նվազել է 39,1 տոկոսով, անցած տարվա մարտի համեմատ՝ 7,6 տոկոսով։ Սա թերևս լավագույն վկայությունն է «նոր» Հայաստանի մասին արտերկրում, այդ թվում ներդրողների մոտ ձևավորված բացասական կարծիքի։ Այն պարագայում, երբ առքուվաճառքի գործարքների թիվը նվազում է, օտարերկրացիների կողմից անշարժ գույքի վաճառքի գործարքներն ավելանում են։

Առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում գների ցուցանիշները։ Մարտին թե Երևանում, թե մարզերում բնակարանների վաճառքի գների միջին աճը կազմել է 0,5 տոկոս։ Այդուհանդերձ, շուկայում գործունեություն ծավալող կազմակերպությունների և փորձագետների կանխատեսմամբ մինչև տարվերջ գները կարող են նվազել մինչև 30 տոկոսով։ Հատկապես ծանր վիճակում են հայտնվելու հիոպթեկային վարկավորմամբ անշարժ գույք գնած մարդիկ, որոնք եկամուտների նվազման և վարկերի մարել չկարողանալու պատճառով հարկադրված են լինելու վաճառել իրենց գնած անշարժ գույքը։ 

Ի դեպ, հիպոթեկային վարկավորման գործարքների մասին։ Այս տարվա մարտին դրանք փետրվարի համեմատ 9,3 տոկոսով աճել են, իսկ ահա անցած տարվա մարտի համեմատ նվազել են 24,1 տոկոսով։ Երևանում, որտեղ իրականացվել են հիպոթեկային գործարքների գրեթե 60 տոկոսը, գործարքների քանակը աղետալի անկում է ունեցել անցած տարվա մարտի համեմատ՝ 40,4 տոկոսով և փոքր անկում այս տարվա փետրվարի համեմատ՝ 1,6 տոկոսով։ 

Ակնհայտ է, որ հիպոթեկային վարկերի ծավալների կտրուկ ավելացումը, որն, ի դեպ, սկսվել էր այսպես կոչված «թավշա հեղափոխությունից» շատ առաջ՝ 2017 թ․-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, նույնքան կտրուկ էլ անկում է ունենալու առաջիկա ամիսներին։

Իշխանական մունտիկները իրար հերթ չտալով անշարժ գույքի շուկայի այս և հետագայում սպասվող անկումը կբարդեն  բացառապես կորոնավիրուսի, դրանով պայմանավորված արտակարգ դրության և կարանտինի վրա՝ «մոռանալով» արհեստական ճանապարհով այստեղ փչվող փուչիկի մասին։ Սակայն մենք զերծ կմնան նրանց «բութ» կամ «սրիկա» անվանելուց։ Միայն հիշեցնենք նրանց, որ Նիկոլ Փաշինյանն էր չթաքցված հիացմունքով խոսում կորոնավիրուսի մասին, դա համարելով տնտեսական հեղափոխության իրականացման և Հայաստանից արտահանումը 30 մլրդ դոլարի հասցնելու հնարավորություն։ Պարտավորվում ենք այս մասին  հիշեցնել յուրաքանչյուր անգամ, երբ նրանք փորձեն տնտեսական ճգնաժամի և մարդկանց սոցիալական վիճակի վատթարցումը բարդել կորոնավիրսուի վրա, որի տարածմանն էլ, իմիջիայլոց, իր անլուրջ մոտեցմամբ և հանրահավաքներով նպաստել է նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ