Օրեր առաջ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկում է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար սահմանել լիցենզիայի տարեկան տուրք 100 հազար դրամ:
Նախագիծը տեղադրված է հանրային քննարկման e-draft կայքում:
Որպես նախագծի հիմնավորում նշվում է, որ ներկայումս տաքսի ծառայություն է մատուցում 190 կազմակերպություն, որոնցից 46-ը 1-4 ավտոմոբիլով և վճարում են լիցենզիայի համար տարեկան 100000 դրամ պետական տուրք, իսկ 67-ը` 5 և ավելի ավտոմոբիլներով, որոնք վճարում են լիցենզիայի համար տարեկան 200000 դրամ պետական տուրք: Իսկ ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների համար լիցենզիայի պետական տուրքը հանվել է:
Այսինքն անհավասար պայմաններ են ստեղծվում նույն գործունեությունն իրականացնողների համար պետության կողմից մատուցվող նույն ծառայության՝ լիցենզիայի տրամադրման պետական տուրքի մասով:
Մինչ օրենսդրական նախաձեռնությունը կհասնի կառավարություն և Ազգային ժողով, հիշենք, թե ինչ էր ասում այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ։
Նոյեմբերի 13 2018՝ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում՝ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ․ «Հաջորդ կարևոր որոշումը վերաբերում է մասնավոր տաքսիներին արտոնագրային վճարից ազատելը, այսինքն ինչ ենք ասում, ասում ենք եթե մարդը անհատ տաքսու վարորդ է, ապա այդ մարդիկ որևէ վճար վճարելու անհրաժեշտություն չունեն, այսինքն մարդիկ կարող են աշխատել, գործունեության այդ տեսակը իրականացնել առանց լիցենզիայի և վճար կատարելու։ Ի դեպ սա էլ տարօրինակություններից մեկն է, մենք շատ հստակ չգիտենք թե քանի հոգի է այդ գործունեությամբ զբաղվում, բայց փորձագիտական գնահատականներով մոտավորապես 50 հազար մարդ ունենք, և եթե սա դնենք չոր աշխատավարձերի տրամաբանության մեջ, ապա կստացվի, որ մենք Երևանում այս մարդկանց աշխատավարձը ավելացնում ենք ամիսը 12 հազար դրամ, իսկ մարզերում՝ 8 հազար դրամ»։
Հուլիսի 20 2019 նիկոլ Փաշինյանի խոսքը՝ Շիրակի մարզում գործարար համաժողովին․ «Հունիսի 29-ից հուլիսի 1-ից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող տաքսու վարորդները ազատվում են բոլոր տեսակի վճարներից, սա նշանակում է, որ նրանք Երևան քաղաքում 12 հազար դրամ, իսկ մարզերում 8 հազար դրամ ամսական վճար անելուց ազատվում են։ Իհարկե, տաքսի վարելու համար նրանք պետք է լիցենզիա ունենան, որոշակի պայմանների բավարարել և այդ լիցենզիաների ստացման գործընթացը նույնպես անվճար է։ Սա նշանակում է, որ մենք բազմաթիվ մեր հայրենակիցների առանց հարկային պարտավորություններ կատարելու գործունեություն ծավալելու հնարավորություն ենք տալիս։ Եվ մենք, այս հնարավորությունը տալով, հույս ունենք, որ սա կլինի կառավարություն-քաղաքացի համագործակցության, գործընկերության որոշակի չափանիշ»։
Սեպտեմբերի 18 2018․ հատված Նիկոլ Փաշինյանի ուղիղի եթերից․ «Կարծես թե մենք մի շատ լավ որոշման ենք հանգում, անհատ տաքսիների վարորդների համար և մենք քննարկում ենք և շատ մոտ ենք այն որոշմանը, որ ՀՀ տարածքում և բնականաբար նաև Երևանում կարծես թե անհատ տաքսիների վարորդներին կազատենք բոլոր տեսակի հարկերից, այսինքն նրանք ըստ էության հարկ չեն վճարի և ազատ կգործեն, խոսքը անհատ տաքսիների մասին է։ Ըստ էության կարծում եմ, սա շատ կարևոր որոշում է, որովհետև այն ունի նաև սոցիալական նշանակություն, որովհետև մեր դիտարկումները ցույց են տալիս, որ բազմաթիվ մարդիկ, ովքեր աշխատանք ունեն և աշխատում են այդ թվում պետական հիմնարկներում, ոչ պետական հիմնարկներում, նրանք իրենց ընտանիքների սոցիալական վիճակը, սոցիալական հարցերը հոգում են տաքսի վարելու միջոցով և մենք այս որոշմամաբ փաստորեն նաև հույս ունենք, որ որոշակի աջակցություն կլինի և այդ մարդիկ նրանք, ովքեր անհատ ատքսիստներ են, տաքսի են վարում, թեկուզ ժամով օրվա մեջ մի քանի ժամ, հնարավորություն կունենան այդ աշխատանքը լիարժեք առանց որևէ կաշկանդվածության անել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը