Հայաստանի կառավարությունը կտրուկ ավելացնելու է արտաքին պարտքը, չնայած Նիկոլ Փաշինյանը օրուգիշեր խոսում է ինչ-որ երևութական միլիարդների մասին, որոնք իբր նա վերադարձրել է կոռուպցիայի դեմ պայքարելիս։ Սակայն այդ գումարները ոչ մի տեղ չեն երևում, բացի իշխանությանը հատկացվող պարգևատրումների 25 մլրդ դրամանոց ֆոնդից։ Այսինքն, բյուջեի ավելացման «հեղափոխական» թվերը սովորական սուտ են, և այդ պատճառով էլ կառավարության որոշմամբ արտաքին պարտքը նախատեսվում է մեծացնել, հասցնելով համախառն ներքին արդյունքի 60 տոկոսին՝ 2019 թ․-ի 50 տոկոսի փոխարեն։ Այդ մասին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակմամբ:
Մինչ իշխանության գալը, արտաքին պարտքի ավելացման նախորդ իշխանության յուրաքանչյուր որոշում Նիկոլ Փաշինյանը քննադատում և շահարկում էր։ Սակայն կա մարդ, որ զարմացած է, երբ արտաքին պարտքի ավելացումը հիմա է քննադատության արժանանում։ Զավեշտն այն է, որ այդ զարմացողը Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի տնտեսական լրագրող, ներկայումս Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն է։ Նրա հավաստմամբ, արտաքին պարտքի ավելացումը պայմանավորված է բացառապես կորոնավիրուսի համավարակով: «Ինչ վերաբերում է արտաքին պարտքն ավելացնելու անհրաժեշտության շուրջ ծավալվող քննարկումներին, ապա ես հարց ունեմ՝ իսկ երբ պանդեմիա ու ճգնաժամ չկար, 2016-2017 թվականներին ամեն տարի 850 միլիոն դոլարով պետական պարտքն ավելանում էր, ինչո՞ւ այն ժամանակ չէին, աղմկում», ասել է ԱԺ պատգամավորը:
Ինչո՞ւ է զավեշտ, որ արտաքին պարտքի ավելացման աղմուկը հարց է առաջացնում Հայկ Գևորգյանի մոտ։ Տարիներ շարունակ հենց նա է եղել իր նշած աղմուկ բարձրացնողը, սակայն հիմա այն կարծիքն է հայտնում, որ իրեն դա կարելի էր, իսկ ուրիշներին՝ ոչ։ Փաշինյանի բռնապետական հակումներից կարծես թե խոնավություն են սկսել քաշել նաև նրա շրջապատի մարդիկ։ Հիմա ըստ էության։
Հիշեցնենք նաև, որ 2017 թ․-ին արտաքին պարտքը կազմում էր ՀՆԱ-ի մոտ 45 տոկոսը։ Կառավարության որոշմամբ այդ շեմը մինչև ՀՆԱ-ի 60 տոկոս բարձրացնելը իշխանական պատգամավորը համարում է «բացառապես կորոնավիրուսով» պայմանավորված և այս առումով էլ նմանվում իր ստախոս վարչապետին ու նախկին գլխավոր խմբագրին։
Հիշեցնենք Հայկ Գևորգյանին, որ մինչ կորոնավիրուսը, մեկ տարի առաջ երկրի արտաքին պարտքը մոտ 500 մլն դոլարով ավելացնելու մասին հայտարարել էր ֆինանսների նախարարը։ Սակայն, իշխանության կողմից «սերժական մնացորդ» համարվող ֆինանսների նախարարին դեռ մի կողմ թողնենք։ Դառնանք Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը անցյալ տարվա ապրիլին։ Ազգային Ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտաքին պարտքի շեմը ՀՆԱ-ի նկատմամբ 10 տոկոս բարձրացնելու և 70 տոկոսի հասցնելու հնարավորության մասին։ Այդ ժամանակ կորոնավիրուս չկար, բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր արտաքին պարտքի էական ավելացման մասին։
Հիմա հարց Հայկ Գևորգյանին, մեկ տարի առաջ, «երբ պանդեմիա ու ճգնաժամ չկար», ինչո՞ւ նա չէր աղմկում արտաքին պարտքն ավելացնելու և ՀՆԱ-ի 70 տոկոսին հասցնելու Նիկոլ Փաշինյանի մտադրության դեմ, ինչո՞ւ չէր հարցնում, թե ո՞րն է արտաքին պարտքի ավելացման պատճառը։ «Դո՞ւխը» չէր հերիքում, թե՞ լավ գիտեր իրենց կառավարման հետևանքով տնտեսությունում ստեղծված իրական վիճակը, որը ստիպել էր նրա «շեֆին» մտածել արտաքին պարտքը նման աննախադեպ չափով ավելացնելու մասին։ Մենք հակված ենք երկրորդ տարբերակին, իսկ մեր նախկին գործընկերը կարող է ձևացնել, թե տեղյակ չէ այս հարցից և ընդհանրապես մեր հրապարակումից։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը