27 04 2020

Մի քանի վատ նորություն` կառավարության մեկ որոշման մեջ

Մի քանի վատ նորություն` կառավարության մեկ որոշման մեջ

Այն ժամանակ, երբ կորոնավիրուսը նոր էր Հայաստան մուտք գործել, Նիկոլ Փաշինյանը մի կողմից անլուրջ մոտեցմամբ, մյուս կողմից՝ հանրահավաքներ անելով, նպաստեց դրա արագ տարածմանը։ Դա էլ բավական չէր, իր հարցազրույցներից մեկում Նիկոլ Փաշինյանը  հայտարարեց, որ տնտեսական հեղափոխության ժամանակը եկել է, որ աշխարհում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) երեք տրիլիոն դոլարանոց անկում է լինելու, որ այդ ազատված տեղից առնվազ 30 միլիարդ դոլարանոց հատվածը հենց Հայաստանը պետք է զբաղեցնի առաջիկա 5 տարվա ընթացքում: Շատերը սա գնահատեցին որպես առնվազն տնտեսությունից անտեղյակ մարդու հայտարարություն։ Եվ ահա, այդ հայտարարությունից մոտ մեկ ամիս անց, կառավարությունը որոշում է ընդունում․․․ մեծացնել բյուջեի պակասորդը, ավելացնել արտաքին պարտքը, բարձրացնել ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցությունը և կանխատեսում բյուջեի եկամուտների լուրջ նվազում։ 

Ըստ կառավարության ներկայացրած օրենքի նախագծի․ «Տնտեսական անկման պայմաններում, գնահատվել է, որ 2020թ.-ին հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ կնվազեն մոտ 169,1 մլրդ դրամով: Արդյունքում, անփոփոխ պահելով ծախսերի մակարդակը և ներառելով 150 մլրդ դրամ տնտեսության օժանդակության փաթեթները, պետական բյուջեի պակասուրդը կաճի՝ հասնելով ՀՆԱ-ում 5 տոկոսի, իսկ պետական բյուջեի լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կկազմի շուրջ 260 մլրդ դրամ»։ Այս մեկ պարբերության մեջ գուժվում է մի քանի վատ նորություններ։

Առաջինը, մեզ սպասվող տնտեսական անկումն է։ Թե որքա՞ն այն կկազմի, դեռ հստակ ասել անհնար է։ Այստեղ հարկ ենք համարում ընդգծել, որ անկախ կորոնավիրուսից, այս տարի բացակայում էին անցած տարվա տնտեսական որոշակի աշխուժություն ապահովող գործոնները՝ ավտոմեքենաների զանգվածային ներմուծումը, խաղադրույքների մեծ ծավալները բուքմեյքերական գրասենյակներում, մետաղների, մասնավորապես՝ պղնձի բարձր գները։ Դրա հետևանքով տնտեսական աճի տեմպն արդեն սկսել էր նվազել։

Երկրորդը՝ տնտեսական անկումը, բնականաբար հանգեցնելու է հարկային եկամուտների նվազման։ Կառավարության գնահատած 169 մլրդ դրամի նվազումը դեռ լավատեսական պետք է համարել, քանզի թե համաշխարհային տնտեսության անկման ցուցանիշների վերաբերյալ տարբեր գնահատակններ են հնչում, թե Հայաստանի տնտեսության վրա բացասաբար ազդող ներքին գործոնները հաշվի չեն առնվել։ Խոսքը մեր երկրում անարդյունավետ կառավարման ու տնտեսական ակտիվությունը խթանող հակաճգնաժամային միջոցառումների բացակայության մասին է։

Անհասկանալի է նաև, թե ինչո՞ւ է բյուջեի դեֆիցիտը ծրագրվում ավելացնել մինչև 5 տոկոսի՝ հասցնելով 324 մլրդ դրամի, ինչո՞ւ է որպես տնտեսական օժանդակություն հատկացված 150 մլրդ դրամը 260 մլրդ դրամի լրացուցիչ ֆինանսավորում պահանջում, ինչո՞ւ ենք բյուջեի դեֆիցիտը՝ զուհագեռաբար նաև արտաքին պարտքը այդքան մեծացնում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է երկու տարվա ընթացքւոմ պետական բյուջեի հարկային եկամուտները մոտ 1 մլրդ դոլարով ավելացնելու մասին։ Եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ ենք լրացուցիչ մոտ 260 մլրդ դրամ կամ 530 մլն դոլարի արտաքին պարտք ավելացնում։ Սա փաստացի հօդս է ցնդեցնում 1 մլրդ դոլարով բյուջեի հարկային եկամուտների ավելանեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի խոշոր ստերից մեկը։ 

Բացի դրանից, հիշեցնենք, որ անցյալ տարվա բյուջեի ծախսերի թերակատարման պատճառով մոտ 300 մլրդ դրամ դրված է Կենտրոնական բանկում։ Ինչո՞ւ կառավարությունը այդ միջոցները չի օգտագործում հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնելու համար։ Ի՞նչ իմաստ ունի ունենալ պահեստավորված 300 մլրդ դրամ և որպես արտաքին պարտք վերցնել 260 մլրդ դրամ։  Սակայն սա էլ ամբողջը չէ։

Վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կան մոտ 1 մլրդ 300 մլն դոլարի վարկային միջոցներ, որոնք ծախսված չեն և սպասում են իրենց ծախսմանը»։ Այս մասին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակմամբ։ 

 Եվ չնայած այս գումարների առկայությանը, կառավարությունը գնում է արտաքին պարտքի բեռը ավելացնելու ճանապարհով։ Այն ճանապարհով, որի համար դաժանորեն քննադատում էր նախորդ իշխանությանը, որը վարկային խոշոր միջոցներ էր վերցրել 2009 թ․-ին և հաջորդ տարիներին՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար։ Այն ժամանակ Հայաստանը համարվում էր պարտքային ցածր բեռ ունեցող երկիր։ Շնորհիվ 2000-ականների տնտեսական բուռն աճի, 2007 թ․-ի վերջին Հայաստանի արտաքին պարտքը ՀՆԱ-ի ընդամենը 6 տոկոսն էր կազմում։ Այժմ այն  հասել է մոտ 50 տոկոսի։ Ըստ կառավարության պատասխանատուների, ծրագրվում է օրենսդրությամբ թույլ տալ այն մինչև 60 տոկոսի հասցնելու, իսկ մեկ տարի առաջ ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելուց Նիկոլ Փաշինայնը հայտարարեց արտաքին պարտքի շեմը ՀՆԱ-ի նկատմամբ 10 տոկոս բարձրացնելու և 70 տոկոսի հասցնելու հարցի շուրջ «մտածելու» մասին։ Փաստորեն, մեկ տարի առաջ դեռ չկար կորոնավիրուսը, բայց այս իշխանությունը ծրագրում էր ավելացնել արտաքին պարտքը։

Մի խոսքով, կարող ենք փաստել, որ ոչ ճգնաժամային իրավիճակում տնտեսության զարգացման անընդունակ կառավարությունը առավել ևս անընդունակ է մեղմացնել սպասվող ճգնաժամը։ Այս պարագայում, Նիկոլ Փաշինյանի «տնտեսական հեղափոխության ժամանակը եկած եկել է» արտահայտությունը թերևս միայն քմծիծաղ կարող է առաջացնել։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ