Խիստ հազվադեպ է լինում, որ փորձված դիվանագետը, մանավանդ՝ ԱԳ նախարարը, առավել ևս՝ Ռուսաստանի երկարամյա ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նման «թրծված» կարպարը ուղիղ արտահայտի այն, ինչն ուզում է ասել: Բայց դա տեղի ունեցավ: Ուստի այն, ինչ ուզում էր ասել Սերգեյ Լավրովը հայ-ռուսական հարաբերությունների, ռուսական գազի գնի, Արցախի հիմնախնդրի կարգավորման ընթացիկ վիճակի և իրադրության մասին, ասաց: Այս պարագայում հարցը կամ շեշտն ավելի շատ շեղվում դեպի այն, թե ինչու նա դա ասաց և ինչու հիմա ասաց:
Եթե թեկուզ կեսկատակ ընդօրինակենք էժան սենսացիաներ կամ ինչպես սիրում եմ ասել՝ «ճվճվիկ լուրեր» շրջանառող հայրենական որոշ կայքերի ոճը, ապա կարելի էր ձևակերպել այսպես՝ «Սերգեյ Լավրովը մի քանի բառով պայթացրեց Հայաստանի քաղաքական դաշտը»: Բայց չշեղվենք, թեպետ, իսկապես էլ՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությունները բավականին նկատելի իրարանցում հարուցեցին հայրենի քաղաքական դաշտում կամ այն տարածքում, ինչ վերջին երկու տարում մնացել է այդ, պայմանական ասած՝ դաշտից: Եվ նրա հայտարարություններն իսկապես էլ պայթած ռումբի տպավորույթուն գործեցին:
Սկսենք գազի գնից: Հանրահայտ է, որ գազի գինը կամ դրա տատանումը ոչ այնքան կոմերցիոն, որքան քաղաքական խնդիր է: Ռուսաստանի ԱԳ նախարարը նախ հիշեցրեց, որ երբ մյուսները շուկայական գներով էին ձեռք բերում ռուսական գազը, այն դաշնակից Հայաստանին, օրինակ, տրամադրվում էր շուկայականից ցածր կամ «դաշնակցային» գներով: Այլ շեշտադրումներ էլ արեց: Բայց իրավիճակի նրբությունն այն է, որ եթե հայ-ռուսական հարաբերությունները իսկապես այնքան լավ վիճակում են, ինչպես շարունակ ուզում է հավատացնել «թավշյա» վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա ոչ միայն գազի գնի հետ կապված նման հարցեր չէին ծագի կամ գոնե նման հնչեղություն չէն ստանա Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում, այլև բանն այնտեղ չէր հասնի, որ Սերգեյ Լավրովը դրա մասին նման հայտարարություններ աներ, ինչպիսիք արեց ապրիլի 21-ին:
Եվս մեկ առանցքային դրվագ, որը, չգիտես ինչու, հիմնականում վրիպեց հայրենական մեկնաբաններից շատերի ուշադրությունից:
Նույն՝ «գազի գնի» խնդրի կատարած անդրադարձի համատեքստում Ռուսաստանի ԱԳ նախարարը հատուկ ընդգծեց Հայաստանում ռուսական կամ ռուսաստանյան կապիտալով գործող ընկերությունների նկատմամբ «ոչ դաշնակցային» վերաբերմունքը: Ասենք, առանց ավելորդ դեսուդենի ուղղակի մատնանշեց «Հարավկովկասյան երկաթուղու» նկատմամբ քրեական գործի հարուցման պարագան:
Ասել կուզի՝ Հայաստանի գործող ղեկավարությունը, նախկինից ժառանգած գործընկերային պայմանագրերի ու համագործակցային հենքի վրա, իհարկե, տեղ ունի դաշնակցային հարաբերություններին հարիր մոտեցում ակնկալել, օրինակ, գազի գնի հարցում, սակայն նման մոտեցումները չեն կարող լինել միակողմանի:
Հանրագումարում, թե՛ նման վիճակը գազի գնի, երկաթուղային ընկերության ու մնացած դետալավորված հարցերում, թե՛ երկկողմ հարաբերություններում տիրող ներկայիս ընդհանուր մթնոլորտն ու վիճակը հուշում են, որ կա բավականին նկատելի լարվածություն, կա նյարդային տրամադրություն և չկա գործընկերային վստահություն: Համենայն դեպս՝ չի երևում գործընկերային վստահության այնպիսի մակարդակ, որը թույլ է տալիս թվարկված ու նմանօրինակ հարցերը լուծել «աշխատանքային ռեժիմում», առանց հասցնելու այն կետին, որ դրա մասին ուղիղ խոսքով, առանց նույնիսկ ակնարկներով քողարկելու, խոսի Ռուսաստանի ԱԳ նախարարը:
Իսկ դա իսկապես վատ է:
Արցախի հիմնախնդրի հետ կապված: Նախ, հարցն այն է, որ չնայած վարչապետ Փաշինյանի հայտարարույթանը, թե այժմ բանակցությունների սեղանին որևէ փաստաթուղթ չկա (չի քննարկվում), ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության երկրներից Ռուսաստանի ԱԳ նախարարը բացեիբաց հայտարարում է, որ ոչ միայն կա նման նախագիծ, այլև նշում է, որ քննարկվում է հակամարտության կարգավորման «փուլային» տարբերակը:
Ով՝ ով, բայց Սերգեյ Լավրովը անկասկած լավատեղյակ է, թե Հայաստանում ինչպես են վերաբերվում այդ «փուլայինին», որը, անկեղծ ասած՝ կարգավորում էլ չէ, որպես այդպիսին, քանի որ նշանակում է հայկական կողմի միակողմանի տարածքային զիջումներ... բացարձակապես ոչ մի բանի դիմաց («խաղաղության», «կոմունիկացիաների» և այլն նշումները կոնկրետ այս դեպքում հենց ոչ մի բան են): Նա, կարծում ենք, նմանապես քաջատեղյակ է, որ վերջին անգամ, երբ Հայաստանի իշխանությունը բանակցեց ու նախնական համաձայնություն տվեց «փուլային» կարգավորման տարբերակին, դա ավարտվեց նրանով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը «հայտնի ուժերի» ճնշման ներքո հրաժարական տվեց Հայաստանի ղեկավարի պաշտոնից:
Իսկ այս կոնտեքստում արդեն իսկապես էլ հետաքրքիր է, թե ինչու Սերգեյ Լավրովը հիմա խոսեց այդ մասին: Մի՞թե միայն իր հայտարարությանը հաջորդող Մնացականյան-Մամեդյարով հանդիպման պատճառով: Հազիվ թե:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը