Ամենայն Հայոց կաթողիկոսի հայտարարությանն իշխանական «թիմի» արձագանքները, ճիշտն ասած, բավականին տխեղծ տպավորություն են թողնում: Մանր, ցած, անհեթեթ ու նաև՝ անհոգի արձագանքներ են:
Գարեգին Երկրորդն իր տեսակետն ու դիրքորոշումը բավականին հստակ է ձևակերպել, իհարկե: Այն է՝ արդարադատության իրագործման հետ մեկտեղ, հարկ է, որ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, ներառյալ՝ խափանման միջոցի փոփոխությունը՝ համավարակի շրջանում ապահովագրելու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ առողջական վիճակի հետագա բարդացումներից:
Մնացյալ իշխանավորները՝ մի կողմ: Վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, մամուլի քարտուղարի միջոցով ասում է, թե՝ «ՀՀ կառավարությունը որևէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ...»:
Առհասարակ, ավելի լավ կլիներ, որ կառավարությունը մի փոքր հեռատեսություն ունենար, երկու փոքր էլ՝ գործունակություն, իրենց մեկնաբանությունը պետք չէ: Կամ էլ՝ կառավարությունն ավելի լավ է, թող համավարակի հետ կապված իր կոլեկտիվ ու նաև անհատ-պաշտոնյաների մակարդակով տակուգլուխ մոտեցումները մեկնաբանի: Չնայած, դրա հերթն էլ կգա մի «պայծառ օր», երբ համավարակի շրջանում Փաշինյանի կառավարության գործողությունները քննող հանձնաժողով ձևավորվի: Ու իրադարձությունների ընթացքից դատելով՝ դա այնքան էլ հեռավոր ժամանակի խնդիր չէ:
Ինչ վերաբերում է կոնկրետ հարցադրմանը, ապա Փաշինյանի խոսնակի ասածից կարելի է կարծել, թե Ամենայն Հայոց կաթողիկոսը դիրքորոշում էր արտահայտել, ակնկալելով՝ կառավարության մեկնաբանությունը: Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդը հստակ ու կոնկրետ դիրքորոշում ու վերաբերմունք է արտահայտել ու, նաև որպես Հայրապետ, մեծաբար ու մեծի դիրքից, բավականին ընկալելի ուղի է ցույց տվել երկրի աշխարհիկ կառավարիչներին: Վերջիններս, եթե իրոք մի փոքր հեռատեսությամբ օժտված լինեին, թերևս կհասկանային, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցում իրենց իսկ քմահաճույքով ստեղծված հակաիրավական ու նաև՝ անմարդկային իրավիճակից ու թնջուկից հնարավորինս հանգիստ ելնելու առումով կաթողիկոսը միանգամայն նորմալ տարբերակ է նախանշել:
Բայց դե, ինչպե՜ս կարելի է: Հապա էլ ո՞նց կամ էլ ե՞րբ «սիրո հեղափոխության» իշխանավորված ներկայացուցիչները «չփայլատակեն»՝ կաթողիկոսի ու մեր եկեղեցու դեմ իրենց հերթական ու թունոտ «մարգարիտներով»...
Ի դեպ, մի հանգամանք էլ, որ կարմիր թելով, ինչպես ասվում է, բավականին թափանցիկ երևակվում է Փաշինյանի (մամուլի քարտուղարի) արձագանքում: Դա այն ակնարկն է, որ եթե Արցախի հերոս, ԼՂՀ առաջին ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը (կալանք) փոխվի, ապա նա կարող է խուսափել արդարադատությունից: Ավելի պարզ ու առանց իրավաբանական ոլորուն ձևակերպումների, ակնարկում են, թե կարող է փախչել:
Ավելի անհեթեթ և փուչ, որոշակի առումով նաև՝ վիրավորելու միտում ունեցող ակնարկ, կառավարության ներկայացուցիչն ու, մեծ հաշվով՝ հենց վարչապետը չէին կարող անել:
Ռոբերտ Քոչարյանը, ինչպես իր անցած ճանապարհով, այնպես էլ հենց այս շինծու գործով իրականացվող հետապնդման ընթացքում դրսևորած կեցվածքով, առավել քան պարզորոշ հասկացրել է, ավելին՝ բացեիբաց դատարանում հայտարարել է, որ ինքը փախչող չէ, մարդկային այն տեսակն է, որ դիմագրավում ու հաղթահարում է փորձությունները, այլ ոչ թե դրանցից փախչում կամ թաքնվում, ի տարբերություն ոմանց:
Այլ բան որ չասենք էլ, այս մեկ փաստարկը բավարար է. եթե Ռոբերտ Քոչարյանը, կներեք, փախչող լիներ, ապա՝ իմանալով, որ իր դեմ գործ է հարուցվել ու մեղադրանքներ են ներկայացվել, արտերկրից արագորեն չէր վերադառնա Հայրենիք:
Ավելի շուտ, արդեն լավ էլ երևում է, թե այս արհեստական կարված «գործով» իրականում ո՛վ է խուսափում արդարադատությունից, ո՛վ է ամեն կերպ փորձում փախչել դատից:
Արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ գործով դատավորն է դատավարությունից խուսափածի վիճակում, ինչի՞ մասին է խոսքը...
Եվ, ի դեպ, առավել ևս, ներկա արտակարգ դրության պայմաններում, երբ սահմանից սկսած, օդանավակայանով վերջացրած ամեն ինչ փակ է, ո՞վ կարող է ուր գնալ, եթե անգամ, ենթադրենք, նման ցանկություն կամ մտադրություն ունենա էլ:
Փաշինյանի իշխանության պահվածքն անընկալելի է նաև այն իմաստով, որ կոնկրետ դատավարական գործընթաց փաստացի չկա, կոնկրետ իշխանության քմահաճույքով առաջնորդվող դատավորը մեկ արձակուրդ է վերցնում, մեկ, ըստ լուրերի, պլաստիկ վիրահատության խնդիր ունի, ու այդ ամբողջ ընթացքում պետության երկրորդ նախագահը կալանավորի կարգավիճակում պիտի սպասի՞:
Որ ի՞նչ, էլի:
Հապացույց այն բանի՞, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվում է զուտ քաղաքական հետապնդում, գումարած՝ Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությո՞ւնը: Թեպետ, վրեժխնդրության դրսևորումն էլ ինչպե՞ս է լինում:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը