13 04 2020

Ի՞նչն է խանգարում թույլ տալ փոքր բիզնեսին գոյություն պահպանել

Ի՞նչն է խանգարում թույլ տալ փոքր բիզնեսին գոյություն պահպանել

Հայաստանի իշխանության անլրջության  հետևանքները շարունակում ենք քաղել՝ անգամ առողջապահության նախարարն է ստիպված խոստովանում, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Իրականում դա տեղի էր ունեցել առնվազն մեկ ամիս առաջ, երբ իրազեկ մարդկանց և մասնագետների կոչերն ու խորհուրդները՝ դադարեցնել չվերթները վարակի լայն տարածում ունեցող երկրներից և մեկուսացնել արտերկրից եկողներին, պարզապես արհամարվում էին։ Այդ ժամանակ 50 եվրոյով Հռոմ մեկնելը ներկայացվում էր որպես Հայաստանում բարեկեցության ցուցիչ։ 

Եվ ահա, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ արտակարգ դրությունը պետք է երկարացնել ևս մեկ ամսով։ Այդուհնադերձ, դա ոչ միայն չի կասեցնելու կորոնավիրուսի տարածումը, այլև ավելի ուժգին է հարվածելու տնտեսությանն ու վատթարացնելու բնակչության սոցիալական կացությունը։ Մեկ ամիս անց էլ կարող են լինել մարդիկ, որոնք վարակվել են դրանից երկու շաբաթ առաջ և սկսեն տարածել վարակը նույն արագությամբ։ Ի՞նչ անել դա թույլ չտալու, դրա հետ մեկտեղ տնտեսությունը կաթվածահար վիճակից գոնե մասամբ դուրս բերելու, մարդկանց եկամուտների վերջնական փոշիացում թույլ չտալու համար։ 

Համավարակի դեմ պայքարում են լայնածավալ ախտահանիչ գործողություններով՝ սկսած շինությունների ներսից և դրսից, տրանսպորտային միջոցներից մինչև փողոցներ և հրապարակներ։ Արվո՞ւմ է դա այսօր։ Իհարկե՝ ո՛չ։

Չի արվում նաև մյուս պարտադիր պայմանը՝ մեծ թվով մարդկանց թեստավորումը։ Այդ պատճառով անգամ կորոնավիրուսի տարածման ճշգրիտ պատկերը չունենք։

Հաջորդը՝ Հայաստանում անգամ վարակի ներթափանցումից գրեթե երկու ամիս անց չի պահանջվում տանից դուրս գալու դեպքում պարտադիր դիմակ կրել։ Ավելին, Արսեն Թորոսյանը մինչ օրս դիմակ կրելը անկարևոր է համարել։ Անհասկանալի է, թե ինչո՞ւ բոլոր երկրներում դա պարտադիր պահանջ է, իսկ Հայաստանում՝ ոչ։ Հավանաբար միայն մեր իշխանությունն է անընդունակ ընկալելու այն պարզ ճշմարտությունը, որ համատարած դիմակ կրելու դեպքում վարակակիր մարդուց առողջ մարդուն վարակի անցման ճանապարհին առնվազն երկու խոչընդոտ է ստեղծվում և նվազեցնում վարակելու ռիսկը։   

Անհասկանալի է առևտրի, ծառայությունների և արտադրության փոքր օբյեկտների գործունեության դադարեցումը այն դեպքում, երբ սուպերմարկետներում ահռելի մարդկային կուտակումներ են լինում՝ ի տարբերություն  վերոնշյալ փոքր օբյեկտների։ Ի՞նչն է խանգարում թույլ տալ փոքր բիզնեսին գոնե գոյությունը պահպանել՝ պահանջելով նրանից ամենօրյա ախտահանում, դիմակներով աշխատանք և բացառել մարդկային կուտակումները իրենց մոտ։ Վստահաբար, փոքր բիզնեսի ներկայացուցիչներն ավելի նախանձախնդիր կլինեն իրենց և իրենց հաճախորդների անվտանգության, իրենց անխափան գործունեության համար, քան խոշոր սուպերմարկետների վարձու աշխատողները։ Եթե առաջիկա մեկ-երկու շաբաթներում թույլ չտրվի նրանց գործունեությունը, ապա տասնյակ հազարավոր անհատ ձեռնարկատերեր հայտնվելու են առանց գոյության միջոցների մնալու առջև։ Առանց այն էլ «թավշյա» իշխանության ապիկար կառավարման 1-2 տարիներին նրանց շրջանառություններն ու եկամուտները էապես նվազել են։ Փաստենք նաև, որ բացի սննդամթերքից, մեզ բոլորիս անհրաժեշտ են լինում նաև տնտեսական, կենցաղային ապրանքներ, շինանյութեր, խնամքի, հիգիենայի, կոսմետիկ միջոցներ, տարբեր ծառայություններ և այլն։ 

Եվ վերջապես, ըստ Նիկոլ Փաշինյանի, հանրային տրանսպորտի աշխատանքը առաջիկա շրջանում ընդհանրապես կարգելվի, քանի որ այն «վարակի տարածման առումով ամենամեծ ռիսկայնությունն ունի»։ Նրա այս պնդման հետ կարելի է համաձայնվել, եթե նկատի ունենանք Երևանի հանրային տրանսպորտի ներկայիս վիճակը և ախտահանման աշխատանքների լիակատար բացակայությունը շարժակազմում։ Մինչդեռ, հանրային տրանսպորտի աշխատանքը միանգամայն հնարավոր է, եթե նախ՝ ավտոբուսները, տրոլեյբուսներն ու միկրոավտոբուսները ամեն օր ախտահանվեն, երկրորդ՝ դրանցով երթևեկելը պարտադիր լինի դիմակներով, երրորդ՝ եթե դրանք չգերբեռնվեն։

Առավել խնդրահարույց է հատկապես տրանսպորտի գերբեռնված երթևեկելու հարցը։ Սակայն, վառելիքի միջազգային գների կտրուկ անկման հետևանքով ներկայում ձևավորված դիզվառելիքի ցածր գինը, տրանսպորտային ընկերություններին գոնե մեկ ամսով պետական տուրքից և վարորդների համար վճարվող եկամտային հարկից ազատելը հնարավորություն կտա, առանց ուղևորների իրար գլխի լցնելու, շահույթով երթևեկել։ Առավել ևս, երբ ամենաերթևեկող զանգվածը՝ ուսանողներ, դպրոցականներ, շարունակելու են մնալ մեկուսացման մեջ։ Այս ամենի մեջ կա մեկ «եթե» ․․․ Եթե Երևանի քաղաքապետարանը անի այն քայլերը, որոնք այստեղ նշվեցին։

Ակնկալել կորոնավիրուսից ահաբեկված Երևանի քաղաքապետից, որ կանի այս քայլերը, գուցե և անիրատեսական է։ Հետևաբար ընդունվել է ավելի հեշտ տարբերակը՝ արգելել, իսկ մասնավոր հատվածում աշխատողների աշխատավայր հասնելու խնդիրը Նիկոլ Փաշինյանը դրել է գործատուների վրա։ Ուրիշի հաշվին «լավամարդ» դառնալու նրա մոտեցումը անփոփոխ է մնում։ Սակայն, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ գործատուները դա կանեն, քանի որ չունեն նման պարտավորություն և տնտեսական ակտիվության ներկայիս անկման պարագայում դա հավելյալ բեռ և տեխնիկական դժվարություն է նրանց համար։ Այսպես, թե այնպես, այդ ծախսը մնալու է կամ գործատուների, կամ աշխատակիցների վրա, իսկ կառավարությունը հերթական անգամ ձեռքներն է լվանում։ 

Ակնհայտ է, որ իշխանությունները պարտավոր են ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք առավելագույնս արդյունավետ լինեն, այլ ոչ թե ցանկացած որոշում դիտարկեն իրենց իշխանության համար ռիսկային լինել-չլինելու, ոչինչ չանելով արդյունքներ ստանալու և իրենց պարտավորությունները ուրիշների ուսերին բարդելու տեսանկյունից։ Այլապես, հետևանքները ծանր կլինեն ոչ միայն բնակչության, այլ՝ հենց իրենց համար։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ