08 04 2020

Փաշինյանական թալանի բանաձևը՝ 33 հազարական դոլար յուրաքանչյուր նախարարին

Փաշինյանական թալանի բանաձևը՝ 33 հազարական դոլար յուրաքանչյուր նախարարին

Պարգևատրումների՝ իր համար խոցելի թեմայի մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը հայտնվեց իր իսկ պատրաստած թակարդում։ Պատասխանելով ֆեյսբուքյան օգտատիրոջ՝ «անիմաստ պարգևավճարների չափը չե՞ք ուզում քչացնել, դրանք կարելի է փոխանցել թոշակառուներին, օրինակ» հարցին, նա «հանկարծ» հայտնեց, որ անցած մեկ տարվա ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրումները կազմել են 1 մլրդ դրամ և դրանք թոշակառուներին հատկացնելը արդյունավետ չէ։ Այն, որ նրան տրված հարցը  պետական համակարգի բոլոր պաշտոնյաներին 2019 թ․-ին տրված ավելի քան 25 մլրդ դրամ  (ըստ կառավարության պարզաբանման) կազմող պարգևատրումների մասին էր, Նիկոլ Փաշինյանը իբր թե չնկատեց և սկսեց պատասխանել այնպես, ինչպես նախապատրաստվել էր։ Նրա այս «ֆռռիկներին» անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման մեջ։

Այժմ անդրադառնանք բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրումներին, որոնց մասին թեման շեղելով, Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե փրկվել է տհաճ վիճակում հայտնվելուց։ Մինչդեռ, միայն բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրումների գումարի չափը և այն ստացողների թիվը շատ ավելի վրդովեցնող է։

Այսպիսով, ըստ «ժողովրդի» վարչապետի,  անցած տարի նախարարներին, փոխնախարարներին և գլխավոր քարտուղարներին որպես պարգևատրում 1 մլրդ դրամ է հատկացրել պետական բյուջեից, այսինքն մեր բոլորի վճարած հարկերից։ 

Մենք ունենք 12 նախարարություն, հետևաբար՝ 12 նախարար, նախարարությունների 12 գլխավոր քարտուղարներ և ընդհանուր առմամբ 39 փոխնախարարներ (կառավարության պաշտոնական կայքի համաձայն։) Փաստենք՝ 63 մարդ մեկ տարվա ընթացքում որպես պարգևատրում ստացել են 1 մլրդ դրամ։  Կատարենք թվաբանական գործողություներ իմանալու համր, թե նրանցից յուրաքանչյուրը որքա՞ն պարգեատրում է ստացել։

Եթե 1 մլրդ դրամը բաժանենք 63-ի, կտեսնենք, որ յուրաքանչյուրը մոտ 15,9 մլն դրամ կամ 33 հազար դոլար միջին տարեկան պարգևատրում է ստացել անցած տարի։ Պատկերացնո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամներից յուրաքանչյուրը մեկ տարում 33 հազար դոլար կազմող կլորիկ գումար են դնում իրենց գրպանը միայն որպես պարգևատրում։ Սա այն Հայաստանում, որտեղ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ասած «տատիկ-պապիկները» միջին ամսական 44 հազար դրամ թոշակն են ստանում, իսկ բնակչության մեկ քառորդը գտնվում է աղքատության գծից ցած։ Սրան հավելենք, որ նախարարի ամսական աշխատավարձը 1,5 մլն դրամ է, փոխնախարարինը՝ 1 մլն դրամ, գլխավոր քարտուղարինը՝ մոտ 800 հազար դրամ։ Այսինքն, տրանսգենդերների «քաջարի պաշտպան» Զարուհի Բաթոյանը, կորոնավիրուսի համաճարակի տարածման գլխավոր պատասխանատու Արսեն Թորոսյանը, մեզ բոլորիս գաղտնալսելու նախագծի հեղինակ Ռուստամ Բադասյանը, «փետրվարի 31-ի» Հակոբ Արշակյանը և մյուսները ոչ միայն ամսական ստանում են 1,5 մլն դրամ, այլև տարեկան էլ 33 հազար դոլար են «աշխատում»։ 

Սա, իհարկե, Նիկոլ Փաշինյանը ցինիզմ չի համարում։ Նա ցինիզմ էր համարում այն ամենը, ինչ տեղի է ունեցել «նախկինում», մասնավորապես երբ, ըստ նրա «բոլոր պաշտոնյաներին տրված է եղել արտոնություն՝ կաշառքներով, հովանավորչությամբ, կոռուպցիոն այլ լծակներով փողեր աշխատել և ըստ էության թալանել երկիրը»։ Այն դեպքում, պետական բյուջեից 63 բարձրաստիճան պաշտոնյա ամսական 33 հազար դոլար են տանում միայն  որպես պարգևատրում, Նիկոլ Փաշինյանը չի տալիս անգամ 1 նախկին նախարարի օրինակ, ով պետական բյուջեից իր ասած երևույթների միջոցով այդքան գումար է տարել և դատարանի որոշմամբ այդ փաստը վերջնականապես հասատատվել է։ Նա չի հասկանում, որ  «նախկինում և նախկինների» մասին «կուտն» այլևս դժվար է մարսվում անգամ ամենահավատավոր «հպարտների» կողմից, միաժամանակ ի ցույց է դնելով սեփական ցինիզմը։ Մինչդեռ, ակնհայտ է, որ երկրի թալանը հենց այն է, ինչ տեղի է ունենում հիմա՝ «պարգևատրումներ» անվան տակ, տեղի է ունենում ուղղակիորեն Նիկոլ Փաշինյանի  որոշմամբ, և այդ թալանի, ինչպես նաև ընտանեկան հիմնադրամների համար շորթվող ահռելի գումարների համար, վաղ թե ուշ նա պատասխան է տալու օրենքի առջև։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ