Մեկշաբաթյա դադարից հետո կորոնավիրուսի հետ կապված վիճակագրությունը կրկին հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դժվար է հասականալ, թե ինչու է նախարարության ֆունկցիան իրենով արել վարչապետը, կամ, ասենք, ինչ է մեզ` քաղաքացիներիս, տալիս այն փաստը, որ ամեն առավոտ Փաշինյանը լայվ է մտնում` հայտնելու հերթական թվերը:
Անցնող շաբաթը, երբ իրավիճակը, մեղմ ասած, հուսադրող չէր, մահվան դեպքեր էին արձանագրվում, վարչապետը գերադասեց հեռու մնալ գլխավոր ինֆորմատորի դերից, բայց, վստահաբար մեր կյանքում դրանից ոչինչ չփոխվեց:
Առողջապահության նախարարության էջը, ԶԼՄ-ներն իրենց գործառույթը կատարում էին, հանրությանը տեղեկացնում իրավիճակը, նույն կերպ նաև տարածում ինֆորմացիոն հոլովակներ` կորոնավիրուսից խուսափելու, անձնական հիգիենան պահելու և պաշտպանիչ միջոցները ճիշտ կիրառելու մասին:
Իսկ ինչո՞վ են տարբերվում իրավիճակի պատասխանատուների գործողություններն ու քայլերը վերը թվարկածից: Ոչնչով: Օրինակ ապրիլի 6-ին Նիկոլ Փաշինյանը լայվ է մտավ, 7 րոպե խոսեց` միայն հայտնելու համար հերթական օրվա հերթական թվերը` «լայվի չելընջը» փոխանցելով Առողջապահության նախարարին:
Տասը րոպե էլ Արսեն Թորոսյանը խոսեց, նորից կրկնելով նույն թվերը, հետո էլ ցույց տվեց դիմակ կրելու նրբությունները: Իհարկե, սա մի փոքր զավեշտալի է, երբ այս համատեքստում հիշում ես, որ օրեր առաջ նույն Թորոսյանը ասում էր, որ դիմակը պաշտպանիչ միջոց չէ և նպատակահարմար չէ այն կրել:
Հարց է առաջանում`երբ բոլորը միայն խոսում են ու թվեր հայտնում, իսկ ո՞վ է աշխատում: «Ամենից ամենա դուխով» Փաշինյանին, ով չէր վախենում կորոնավիրուսից, քաղաքացիներին, տվյալ դեպքում ճիշտ կլինի ասել՝ պոտենցիալ ընտրողներին վտանգի էր ենթարկում և հրավիրում բազմնամրդ հավաքների, մենք այս օրերին չտեսանք ո՛չ մեկուսացածներին այցելելիս, ո՛չ էլ հիվանդներին, ավելին, չտեսանք նույնիսկ առողջապահության համակարգի պատասխանատուների, մասնագետների, ականավոր բժիշկների և գիտնականների հետ հանդիպելիս կամ քննարկումներ անելիս:
Վարչապետը բավարարվում է միայն իր աշխատասենյակից հերթական թվերը ներկայացնելով և «հեռախոսային գալաջի» անելով:
Իսկ Արսեն Թորոսյանին անգամ իր թիմակիցներն են հորդորում «ֆեյսբուքյան չարաճճիությունների փոխարեն գործով զբաղվել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը