Բավականին ուշագրավ են վիճակագրության կոմիտեի կողմից հրապարակած՝ հունվար-փետրվար ամիսների Հայաստանի սոցիալ-տնտեսական ցուցանիշները։ Ուշագրավ են, նախ՝ այն առումով, որ դրանցում ներկայացված է մինչև մեր երկրում կորոնավիրուսի տարածումը եղած կամ ցույց տրվող վիճակը, երկրորդ՝ արտացոլում են տնտեսական ակտիվության փաստացի նվազումը այդ ժամանակահատվածում, երրորդ՝ հերթական անգամ ցույց են տալիս վիճակագրական կոմիտեի ցանկալին իրականություն ներկայացնելու հետևանքով ի հայտ եկող հակասությունները։
Այսպիսով, այս տարվա հունվար-փետրվարին անցած տարվա նույն ամիսների համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 8,7 տոկոս։ Հիշեցնենք, որ նույն վիճկոմի տվյալներով, այս տարվա հունվարին անցյալ տարվա հունվարին աճը 8,9 տոկոս էր։ Այսինքն, տեղի է ունեցել աճի տեմպի նվազում, և դա տեղի է ունեցել մինչև կորոնավիրոսւի տարածումը Հայաստանում։ Սա արձանագրենք, որպեսզի հետագայում կանխատեսվող տնտեսական անկման «մեղքը» իշխանությունները չգցեն միայն կորոնավիրուսի վրա։
Տնտեսության բոլոր ճյուղերում առանձին-առանձին վերցրած, բացի արդյունաբերությունից՝ աճի տեմպը նվազել է։ Միայն արդյունաբերությունում է փոքրիկ աճ արձանագրել։ Դա հետևանք է հանքարդյունաբերության ծավալների ավելացման։ Բանն այն է, որ փետրվարին սկսեց նվազել պղնձի միջազգային գինը, ինչը ստիպեց մեր ձեռնարկություններին ավելացնել հանքանյութի արդունահանման ծավալները։ Սակայն, արտահանման գումարային ծավալները, պայմանավորված գների անկմամբ նվազել են։ Այսինքն, սկսել ենք հանքանյութ արտադրել և վաճառել ավելի շատ, բայց ավելի ցածր գնով։
Տնտեսական ակտիվության աճի տեմպի նվազումը արձանագրել է նույնիսկ վիճկոմը։ Սրան երկու բացատրություն կա։ Առաջին՝ իրականում տեղի ունեցել աճի տեմպի նվազում և այլևս անհնար է եղել այն թաքցնել։ Երկրորդ՝ հունվարին բարձր աճ է ցույց տրվել, վերջին տարվա ընթացքում ավանդույթ դարձած՝ «ավանսով»։ Այսինքն, վիճկոմը, կատարելով Նիկոլ Փաշինյանի «8-9 տոկոս աճ» ցույց տալու հրահանգը, նախ բարձր աճ է ցույց տալիս այս կամ այն ճյուղում կամ ճյուղերում, հետո տարվա ընթացքում մի ճյուղի աճը «ճշգրտում» է՝ փոքր-ինչ նվազեցվում, փոխարենը լրացուցիչ աճ է ցույց տալիս մեկ այլ ճյուղում։ Արդյունքում, հնարավոր է դառնում պահպանել տնտեսական ակտիվության ընդհանուր աճի պահանջվող ցուցանիշը։
Հենց այդպես այս տարվա հունվարին բարձր՝ 8,9 տոկոս աճ էր պատկերվել։ Այն հույսով, որ փետրվարին տնտեսապես ավելի ակտիվ ամիս կլինի և կհաջողվի ապահովել հունվարին՝ «ավանսով» պատկերված աճի ցուցանիշը։ Սակայն, փետրվարին տնտեսական ակտիվությունը փաստացի նվազել է։ Ինչը սպասելի էր իհարկե։ Առանց կորոնավիրուսի էլ պարզ էր, որ այս տարի չէին լինելու անցած տարի աճ ապահոված հիմնական գործոնները՝ ավտոմեքենաների զանգվածային ներմուծումը և մետաղների բարձր գները։ Մնում էր միայն խաղային բիզնեսը, այն էլ, ինչպես պարզվում է նույնպես չի արդարացրել իրեն։
Վիճակագրական կոմիտեի թվերի հակասությունը ակնհայտ է դառնում նաև արտաքին առևտրի ցուցանիշներից։ Այստեղ աճպարարություն անելը բարդ է, քանի որ հնարավորություն կա մեր վիճկոմի տվյալները համեմատել ինչպես ԵԱՏՄ վիճակագրական տվյալների, այնպես էլ առանձին այլ երկրների ցուցանիշների հետ։
Եվ այսպես փետրվարին նվազել են թե ներմուծման, թե արտահանման ծավալները։ Ներմուծման ծավալը նվազել է 3,2 տոկոսով, արտահանմանը՝ 1,3 տոկոսով։ Արտահանման անկման պատճառի մասին վերևում նշեցինք, իսկ ահա ներմուծումը նվազել է ոչ միայն փետրվարին, այլ հունվար-փետրվար ամսիներին՝ 0,8 տոկոսով։ Եթե նկատի ունենանք, որ Հայաստանը մեծամասամբ ներմուծող երկիր է, այսինքն մեզ մոտ վաճառվում են հիմնականում դրսից բերված ապրանքները, ապա ներմուծման ծավալների անկումը փաստում է բնակչության գնողունակության նվազումը և տնտեսության մեջ տեղի ունեցող լճացման երևույթները։
Այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանի կողմից հունվար-փետրվարի սոցիալ-տնտեսական ցուցանիշները իր ֆեյսբուքյան էջում տեղադրելն ու դրանցով հպարտանալը առնվազն տարակուսանք է առաջացնում։ Հատկապես հիմա, երբ մարդիկ զանգվածաբար զրկվում են աշխատանքից, եկամուտներից և հայտնվել են անորոշ կացության մեջ։ Ի՞նչ կարող ենք անել, մարդու համար մի քանի հազար «հավանում» ստանալը ֆեյսբուքում կյանքի իմաստն ու նպատակն են դարձել։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը