26 03 2020

Բնակչությունն ու բիզնեսը պետք է նախապատրաստվեն դժվարագույն ժամանակների

Բնակչությունն ու բիզնեսը պետք է նախապատրաստվեն դժվարագույն ժամանակների

Հայաստանում կորոնավիրուսի տարածման գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Մեկ ամիս առաջ համավարակի նկատմամբ նրա անլուրջ վերաբերմունքը հանգեցրեց ներկա վիճակին։ Բացի մեր առողջությանը կորոնավիրուսի սպառնացող վտանգից, առաջիկայում դրա պատճառով Հայաստանը բախվելու է լրջագույն սոցիալ-տնտեսական խնդիրների։ Ի՞նչ է անում կառավարությունն ու նրա ղեկավարը դրանց դիմագրավելու համար։ Գործնականում ոչինչ։

Եթե ամբողջ աշխարհում խոսում են սպասվող տնտեսական ճգնաժամի մասին, ապա Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ինչ պայծառ հնարավորություն է ստեղծում մեր տնտեսության «15-20 տոկոս աճի», «30 մլրդ դոլարանոց» արտահանման, «տնտեսական հեղափոխություն իրականացնելու» համար ․․․ կորոնավիրուսը։ Հիշում եք չէ՞ Գոգոլի «Խելագարի գրառումները»՝ գլխավոր հերոսին թվում էր, թե ինքը խոսում է շան հետ, որ այդ շունը նամակ է գրում  մեկ այլ շան, որ ինքը դարձել է Իսպանիայի թագավոր ․․․ 2000 թվականի ապրիլի 43-ին և այլն։ Այժմ ըստ էության։

Եթե անգամ մեկ-երկու ամսում հաղթահարենք կորոնավիրուսը, միևնույն է՝ դրա հետևանքով տնտեսական ակտիվության անկումը խորանալու է, և անգամ վիճակագրական կոմիտեի ի վիճակի չի լինելու հակառակը ցույց տալ։

Արդյունաբերության երկու խոշոր ճյուղերից մեկը՝ մշակող արդյունաբերության արտադրանքի սպառումը նվազելու է թե երկրի ներսում, թե դրսում։ Այստեղ ամենամեծ ծավալներն ունեն սննդամթերքի, խմիչքների, ծխախոտի և մետաղների արտադրությունները։ Համաշխարհային բոլոր շուկաներում և հատկապես մեր արտահանման հիմնական երկիր Ռուսաստանում սպառումը նվազելու է։ Դա նշանակում է, որ այս ապրանքների արտահանման ծավալները նվազելու են։ Դա բերելու է ձեռնարկությունների եկամուտների նվազմանը, նրանց աշխատանքային հզորությունների և աշխատատեղերի կրճատմանը։ Սա էլ իր հերթին բացասաբար է ազդելու առանց այն էլ անկում ապրող գյուղատնտեսության վրա։ Սննդամթերքի, խմիչքի և ծխախոտի հումքի բազան գյուղատնտեսությունն է։ Դրա մեջ ներգրավված հարյուր հազարավոր մարդկանց եկամուտները նույնպես նվազելու են, ձեռնարկությունները դժվարություններ են ունենալու մթերել նրանց ստացած բերքը։

Մետաղների գների նվազումը հարվածելու է մեր հանքարդյունաբերական կոմբինատներին, որտեղ մոտ մեկ տասյակ հազար բարձր վարձատրվող աշխատատեղեր են գործում։ Պղնձի գները շարունակում են նվազել և այժմ տատանվում են 4600-4800 դոլարի սահմաններում։

Զբոսաշրջության ոլորտը արդեն հիմա փաստացի դադարել է գործել։ Առաջիկա ամիսներին այն կենդանության ոչ մի նշան ցույց չի տալու։ Մինչ ամբողջ աշխարհում չհաղթահարվի կորոնավիրուսը, այս ճյուղը չի վերաշխուժանալու։  Խոսքը ոչ միայն հյուրանոցների և հանգստյան տների, այլև ռեստորանների, սրճարանների, տուրգործակալությունների, տրանսպորտային ծառայություններ մատուցողների, էքսկուրսավարների, հուշանվերներ արտադրողների և վաճառողների և մնացած բոլորի մասին է։ Թերևս ամենածանր փորձությունն այս ոլորտի և նրանում ընդգրկված մարդկանց համար է լինելու։

Սպառման ծավալների նվազումը բերելու է շինարարության ծավալների անկմանը, որտեղ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի «բում» էր խոստանում։ Շինարարական կազմակերպությունները դադարեցնելու են իրենց գործունեությունը, նրանց աշխատակիցները մնալու են առանց աշխատանքի։ 2009-ին նման մի գործընթաց տեղի ունեցավ՝ երբ 2000-ականների շինարարության բուռն աճին համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով հաջորդեց կտրուկ նվազումը։ Այն ժամանակվա կառավարությունը դա փորձեց մեղմացնել աղետի գոտում և ճանապարհաշինության պետական ֆինանսավորման ծրագրերով։

Առևտրի և ծառայությունների ծավալները արտացոլում են այն, ինչ տեղի է ունենում տնտեսության մյուս ճյուղերում։ Դրանց շրջանառությունները նվազելու են ներկայիս ժամանակավոր դադարից հետո։ Հետևաբար նվազելու են տասնյակ հազարավոր մարդկանց եկամուտները, իսկ շատերն էլ պարզապես կդադարեն գործունեություն ծավալելուց։

Գործազրկությունն այս ամեն հետևանքով աճելու է։ Չի բացառվում, որ մեր աշխատանքային միգրացիայի հիմնական երկիր Ռուսաստանում տնտեսական իրավիճակի բարդացման պատճառով մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան՝ հավելյալ սոցիալական լարվածություն ստեղծելով։

Հարյուր հազարավոր մարդիկ ոգեշնչված Նիկոլ Փաշինյանի «լավ ա լինելու» հայտարարությունից նոր՝ սպառողական և հիպոթեկային վարկեր են վերցրել։ Նրանց վիճակը աննախանձելի է լինելու։ Առավելագույնը, որ նրանց համար կանեն բանկերը՝ պարտավորությունները հետաձգելն է։ Բանկերը նույնպես մասնավոր կառույցներ են և կդադարեն գործել, եթե դուրս գան բիզնես տրամաբանությունից և սկսեն զանգվածաբար պարտքեր ներել։

Անցած մեկ-երկու տարում հարյուր հազարավոր ավտոմեքենաներ ներկրողները մինչ համավարակի տարածումն արդեն ունեին իրացման խնդիր։ Հիմա մեքենաների վաճառքի խնդիրն ավելի է դժավարանալու, իսկ նրանք ովքեր վարկեր են վերցրել՝ դրանք վերադարձնելու խնդիրն ավելի է բարդանալու։

Ինչ մնում է 150 մլրդ դրամ արժողությամբ կառավարական ծրագրին, ապա եթե անգամ այն արդյունավետ օգտագործվեի, դա չափազանց քիչ է իրավիճակը մեղմացնելու համար։  Իսկ որ այդ գումարով կառավարութունը պարզապես պարտք է առաջարկում տնտեսվարողներին իրենց պարտավորությունները կատարելու համար և ոչ միայն գրավիչ չէ, այլև վանող է, անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում։

Եզրակացությունը մեկն է՝ բնակչությունն ու բիզնեսը պետք է նախապատրաստվեն դժվարագույն ժամանակների և զուր հուսեր չկապեն պետության աջակցության հետ՝ արդեն երկու տարի է լսում ենք Նիկոլ Փաշինյանի դատարկ խոստումները։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ