23 03 2020

Ինչո՞ւ է անհրաժեշտ լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումները վերացնել

Ինչո՞ւ է անհրաժեշտ լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումները վերացնել

Արտակարգ դրության սահմանումից ի վեր ամենից շատ քննադատվեց ԶԼՄ-ների և այլ լրատվական հոսքերի, տեղեկությունների սահմանափակումները, ասում էին անհրաժեշտություն չկա, ոչինչ չի տալու և որ առհասարակ այն սխալ մոտեցում է։ Պնդում ենք, որ պետք է ազատ թողնել լրատվամիջոցներին՝ ազատորեն տնօրինելու այն ինֆորմացիան, որը ստանում ենք։ Միևնույն է՝ սուտը հեշտ է պարզվում, իսկ ճշմարտությունը թաքցնելն անհնար է։

Երբ պետությունը սահմանափակում է լրատվամիջոցների աշխատանքը և պարտադրում, որ միայն պաշտոնական ինֆորմացիային հետևենք, դրանով, միևնույն է, բացահայտվում է  ճշմարտության կեսը, և դրանով վնաս է տրվում հենց առաջին հերթին Արտակարգ դրության պայմաններում խուճապի վիճակում չհայտնվելու գործին։ Մամուլի հրապարակած բոլոր կարգի տեղեկություններից կառավարությունն իր համար օգտակար բաներ է բացահայտում և սկսում լուծել այդ խնդիրները։ Մենք, օրինակ, ամեն օր ստանում ենք ահազանգեր քաղաքացիներից, բայց դրանք ստիպված չենք հրապարակում, որպեսզի, ասենք, նույն օրը ստիպված չլինենք տուգանքի ու դատի սպառնալիքի տակ հանել։

Օրինակ՝

Մենք տեղեկություններ ենք ստանում, որ մարզային հիվանդանոց են գնացել Վրաստանից եկած անձինք, հայտարարել, որ բարձր ջերմություն ունեն։ Բոլորովին պարզ չէ՝ կորոնավիրուսո՞վ են վարակված, թե ոչ։ Հիվանդանոցում մի քանի ժամ պահելուց հետո նրանց բաց են թողել, որովհետև ո՛չ պաշտպանիչ հագուստ է բժիշկներին տրվել, ոչ էլ թեստ։

Կամ, ասենք, սպասարկման ոլորտի աշխատողները չեն կարողանում գնել բժշկական դիմակներ, իսկ հիմնարկի տնօրինությունը չի տրամադրում դրանք։

Կամ արտակարգ դրության պատճառով նույն երթուղով սպասարկող մեքենաների թիվը կրճատվել է, բայց մեքենաներում կանգնած ուղևոր չի թուլատրվում ունենալ։ Միաժամանակ՝ մարդիկ շարունակում են գործի գնալ։ Ստացվում է՝ գործից ուշանում են, և ոչ բոլորն են կարողնաում հասնել աշխատանքի վայր։ Հենց Արարատի մարզից Երևան եկողները նման խնդիր ունեն։ Ստացվում է, որ աշխատողները ուշանում են, կարող են կրել պատասխանատվություն։

Դեղատներում ալկոհոլային հիմքով քսուքի անվան տակ վաճառում են բառիս բուն իմաստով զիբիլ, որից սպիրտի հոտ չի գալիս և սոսնձի պես կպչում է ձեռքերին։ Վաճառվում են ինքնաշեն դիմակներ, առանց արտադրության վայրի նշման օդափոխիչ հեղուկներ։ Դրանք, հայտնի չէ՝ օգնո՞ւմ են, թե՝ վնասում։ Այս մասին չենք կարող գրել։

Կասկածներ ունենք կորոնավիրուսի իրական թվի մասին․ մեզանում հայտարարում են, թե կորոնավիրուսով վարակվածների հետ շփված անձինք ևս մեկուսացվել են ամբողջությամբ, բայց դրանից մեկ օր անց ՌԴ մեկնած Հայաստանի քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվում ու պարզվում է, որ վարակվածներից մեկի հարազատն է, որին աչքաթող են արել։

Կամ, ասենք, վարչապետը հայտարարում է, թե կորոնավիրուսով վարակվածների թիվը 190-ից դարձել է 194։ Հաջորդ առավոտյան թիվը չի ավելանում, և մարդիկ մտածում են, որ եթե օրը 20-30 դեպք գրանցող երկրում մեկ օրում 4 դեպք է գրանցել, ուրեմն վիճակը բարելավվում է։ Բայց պարզվում է, որ քիչ բացահայտվելու պատճառն այն է, որ լաբորատոր հետազոտությունը հրապարակող Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը դադարեցրել էր աշխատանքը՝ շենքը ախտահանելու համար։ Այսինքն, թեստեր չի արել։ Սա գրում ենք, կարող են ասել՝ նպաստում եք խուճապին, չենք գրում ու թողնում ենք պաշտոնական տեղեկատվությանը, ստացվում է, որ ո՛չ մենք ենք ազնիվ, ո՛չ էլ պաշտոնական տեղեկատվությունը։

Օրինակները շատ են։ Երբ մենք այս մասին չենք կարողանում գրել, իսկ քաղաքացին անգամ եթե վստահում է պետական աղբյուրներին, որում մեծ կասկած ունեմ, միևնույն է, փնտրում է նաև այլ ինֆորմացիա։ Այդ ինֆորմացիայի պակասը կարող է լրացնել սովորական բամբասանքը, որը նույնպես բավականին զորեղ է, և տարածվում է նույնպես արագ։ Ինֆորմացիայի պակասը կարող է և վստահ եմ՝ լրացնում են ադրբեջանական ֆեյք-հայկական ֆեսբուքյան էջերը ու գրում, թե բանակում կորոնավիրուսով վարակվածները լիքն են, կան մահեր, որոնք կառավարությունը թաքցնում է և այլն։ Այս ամենի դեմ ինչպե՞ս է պայքարելու պարետը։ Իսկ դրանք շատ արագ տարածվում են՝ մեկը կարդում է և որպես բացարձակ ճշմարտություն պատմում է կնոջը, կինը՝ զոքանչին, նա էլ իր՝ զինվոր ունեցող քրոջը․․․ Վստահ եմ՝ պարզ է ամեն ինչ։

Երբ դու սահմանափակում ես մամուլի աշխատանքն ու թողնում ես միայն պաշտոնական հաղորդագրություն, կամ պաշտոնյայի երկար-բարակ լայվը, մարդիկ մի օր սկսում են քեզ չհավատալ, սկսում են հավատալ չափազանցված տեղեկություններին, որոնք աշխարհում վարակի սրընթաց տարածման ֆոնին ավելի հավաստի է թվում։ Իսկ երբ դու թողնում ես մամուլին ազատ արտահայտվել, մամուլը նշում է իր ահազանգերը, գրում կամ վերատպում է արժանահավատ տեղեկությունը միայն, իսկ ադրբեջանական աղբյուրների տեղեկությունները մաղվում-գնում են։ Չէ՞ որ բոլորի մոտ հարց է առաջանում՝ եթե էդպիսի բան լիներ, կայքերը կգրեին։ Իսկ հիմա ստացվում է, որ կգրեին, եթե թողնեին։ Վերջ ի վերջո, երբ ինֆորմացիան շատ է և բազմապիսի, ընթերցողը մի քանի տեղից կարդում և հետևություն է անում իր համար՝ ո՞րն է հավաստի, որը՝ ոչ․ այս դեպքում չկա այդ ամենը ստուգելու դաշտը։

Ի վերջո, հայաստանյան լրատվամիջոցը դժվար թե ուզենա երկրում խուճապ ստեղծել ու վնասել պետության անվտանգությանը։ Իսկ եթե պարետին թվում է, որ լրատվականների խմբագիրները կարող է և չհասկանան, թե ինչից ինչ կարող է դառնալ, կարծում եմ՝ հակառակն է՝ պաշտոնյան կարող է բաներ հրապարակել, և չհասկանալ թե ինչ վնաս է տալիս պետությանը։ Դրան մենք ականատես ենք գրեթե ամեն օր։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ