20 03 2020

Արցախի նախագահը, լինելով հմուտ գործիչ, չի կրկնի Փաշինյանի սխալները

Արցախի նախագահը, լինելով հմուտ գործիչ, չի կրկնի Փաշինյանի սխալները

Եթե Հայաստանում կա կորոնավիրուս, ուրեմն, անհնար է, որ այն մի օր չհասնի Արցախ։ Չինաստանից հասավ, չէ՞, մինչև աշխարհի ամենահեռու անկյունը․ իսկ Արցախի ու Հայաստանի միջև սահմանը շատ թույլ կետ է վարակակրի ներթափանցումը կանխելու համար։ Առավելևս, երբ այդ ուղղությամբ ոչինչ չի արվում։

Ակնհայտ է որ դրա դեմը պետք է առնել։ Ինչպե՞ս։ Հայաստանում տեսանք, թե ինչ կատարվեց։ Մեզ մոտ վարչապետը լուրջ չէր ընդունում վիրուսի վտանգավորությունը և անգամ երբ հաստատված դեպք ունեինք, քարոզարշավ էր անում։ Մարտահրավեր նետեց կորոնավիրուսին, ու հիմա փոխադարձ մարտահրավերի արդյունքը տեսանք՝ Հայաստանն ԱՊՀ երկրներում առաջատար է 100 հազար բնակչին հասնող դեպքերի թվով։

Արդեն 10 տարի Արցախը ղեկավարող Բակո Սահակյանը լուրջ գործիչ է, փորձություններով անցած, նա գիտի ազգային անվտանգության գինը և ուրեմն՝ գրեթե համոզված ենք, որ չի կրկնի այն սխալը, որ կատարվեց Հայաստանում։ Արտակարգ դրության ռեժիմ կմտցնի՝ չսպասելով վարակակրի հայտնաբերմանը, կամ առավելևսъ մահացու դեպքի։

Այստեղ պետական մոտեցում է պետք։ Ի վերջո, մարդու առողջությունն առաջնային է և չպետք է քաղաքական նպատակահարմարությանը գերիշխի։ Մանավանդ որ մենք տեսանք՝ շատ ավելի հեշտ է պայքարել դրա դեմ, քան հետևանքների դեմ․ որովհետև երբ գրանցվում է մեկ դեպք, արդեն զսպելն անհնար է․ մեղադրել Իտալիայից վերադարձած զբոսաշրջիկին, թե գործարանատիրոջը, ճիշտ չէ։ Արցախը նույնպես չունի այս ամենի դեմ պայքարի բավարար միջոցներ՝ թե՛ դեղամիջոցների, թե՛ մասնագետների առումով, և ուրեմն, բոլոր պարագաներում շատ ավելի հեշտ է կանխարգելելը, քան հետևանքների վերացումը։ Արցախն ունի անվտանգության լուրջ խնդիրներ և պարզապես չի կարելի թույլ տալ, որ դրան գումարվի քայքայիչ համաճարակը։

Վստահորեն կարելի է ասել, որ այդ ամենը նախագահ Սահակյանը քաջ գիտակցում է՝ լինելով առաջին հերթին բազմամյա պետության ղեկավար և պետական-ռազմական գործիչ։

Նախագահի թեկնածուների մի մասն արդեն դադարեցրել է քարոզարշավը՝ ցուցաբերելով անձնական ողջախոհություն․ բայց չի կարելի հույսը դնել քարոզչական թիմերի վրա․ գայթակղությունը մեծ է հանդիպելու ընտրողներին, վերջին 10 օրերին առավել ուժգին քարոզչություն անելու, չէ՞ որ միշտ էլ քարոզարշավում ամենավճռականը վերջին շաբաթն է։ Եվ ուրեմն, թվում է, որ արտակարգ դրության մտցնելը բխում է բոլորի շահերից, առաջին հերթին՝ երկրի ներկա և ապագա ղեկավարների։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ