Մեր հանրության մեջ կա մարդկանց մի զանգված կա, որ կամ համոզված է, որ Նիկոլ Փաշինյանին «սխալ», կամ «միակողմանի» են զեկուցում և երկրում կատարվողի պատճառը հենց դրա մեջ է։ Կամ էլ այդ մարդիկ այդպես են ասում՝ վախենալով «Նիկոլ Փաշինյան» սերիալի մոլի հետևորդների և կառավարական ֆեյքերի հարձակումներից։
Երկու օր առաջ տեղի ունեցավ մի իրադարձություն, որը մի տեսակ աննկատ մնաց։ ՁԻԱՀ կենտրոնի աշխատակիցը, արտակարգ դրության ժամանակ սուպետմարկետներով շրջող Նիկոլ Փաշինյանին մոտեցավ և ցանկացավ ներկայացնել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հետ ՁԻԱՀ կենտրոնին միացնելու դեմ իր կոլեկտիվի հիմնավորումները։ Նրա համոզմամբ, վարչապետին միակողմանի տեղեկություն է փոխանցվում։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ որոշումն անբեկանալի է և ինքը «ինչքան անհրաժեշտ է» տեղյակ է այդ հարցից։ Դժվար է ասել այս պատասանը համոզեց դիմողին, որ «վարչապետին սխալ կամ միակողմանի» չեն զեկուցել, բայց փաստն այն է, որ արդեն երկու տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանին ցանկացած վիճակից «չոր» դուրս բերող այդ թեզը ակտիվորեն շրջանառվում է։
Դեռ երկու տարի տարի առաջ, երբ Հայ առաքելական եկեղեցին ենթարկվում էր «հեղափոխական» գրոհների, որոնք դադարեցին, երբ վերջինիս կողմից գումար փոխանցվեց իշխանական ընտանիքին պատկանող հիմնադրամներից մեկին, ոչ ոք չհամարձակվեց ասել, թե ո՞վ է մեղավորը և որտեղի՞ց էր ուղղորդված այս գրոհը։ Հաշվապահական և փաստաբանական ծառայությունները ավելացված արժեքի հարկով հարկելու կառավարության նախաձեռնության դեմ բողոքող հաշվապահններն ու իրավաբանները մեկ տարի առաջ դարձյալ կրկնում էին, որ վարչապետին ճիշտ չի զեկուցվում հարցը և մեղավորը ֆինանսների նախարարությունն էր։ Նույնը նաև հիմա՝ հարկային ոլորտի ցանկացած փոփոխության մեջ մեղավոր են ԱԺ պատգամավորները կամ ՊԵԿ-ը, բայց ոչ երբեք Նիկոլ Փաշինյանը։ Ամենամեծ աղմուկի պատճառ դարձած նախարարների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումն ու աստղաբաշխական պարգևատրումները քննադատողներից շատերն անգամ համոզված էին, որ «վարչապետը տեղյակ չէ»։ Չնայած վերջինս հրապարակավ հայտարարեց, որ դա իր որոշմամբ է տեղի ունեցել, հայտնի չի, դա հասկացա՞ն արդարացի, բայց սխալ հասցեով դժգոհողները։
Անցած երկու տարում բազում նման օրինակներ կարելի է բերել՝ սկսած կառավարության շենքի առջև բողոքի գործողություններ իրականացնողներից՝ վերջացրած զանգվածային ցույցեր անողները (ստամբուլյան կոնվենցիայի վավերացման կամ Ամուլսարի գործարկման դեմ բողոքողներ), որոնք կամ խուսափում են Նիկոլ Փաշինյանի անունը տալ կամ ասում են, որ նրան «ճիշտ չեն զեկուցում»։ Երկու տարի շարունակ նման բան ասել և երկիրը քաղաքական ու տնտեսական ցնցումների ենթարկած մարդուն իր արածի համար արդարացնելու փորձերը վկայում են հիվանդ կամ վախեցած հասարակություն ունենալու մասին։
Ի վերջո, եթե վարչապետին անընդհատ և բոլոր հարցերով սխալ են զեկուցում, ապա նա պարզապես չպետք է լինի այդ պաշտոնում։ Եթե մարդիկ հասկանում են դա, բայց շարունակում են նույնը կրկնել, ապա իրենց հարցերը երբեք էլ չեն լուծվելու, քանի որ Նիկոլ Փաշինյանը կշարունակի անել այն, ինչ ցանկանում է, իսկ մեղավորներ կդառնան «սխալ զեկուցողները»։ Իսկ իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը քայլող արկածախնդրություն է և հենց նրա որոշմամբ են կամ առնվազն նրա համաձայնությամբ է տեղի ունենում այն ամենը, ինչից արդարացի դժգոհություններ են առաջանում։ Երկու տարին առավել քան բավարար ժամանակ է դա հասկանալու համար։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը