16 03 2020

21-րդ դարի հունվեյբինները... «հաղթանակած ժողովրդավարության» երկրում

21-րդ դարի հունվեյբինները... «հաղթանակած ժողովրդավարության» երկրում

Կորոնավիրուսի վարակի հետ կապված թոհուբոհը ստվերեց օրերս մեր հասարակության մեջ արձանագրված մի երևույթ, որը, եթե խորը նայենք, ոչ պակաս վտանգ ու սպառնալիք է պարունակում: Խոսքը նորահայտ «հունվեյբինների» մասին է:

Հունվեյբինները Մաո Ցզեդունի «կարմիր պահապաններն» էին: Երիտասարդական ու պատանեկան ագրեսիվ խմբավորումներ էին, որոնք «մշակութային հեղափոխության» շրջանում՝ 1966-67 թվականներին Չինաստանում ակտիվորեն պայքարում էին Մաոյի հակառակորդների դեմ: Ձևականորեն համարվում էր, որ դրանք ինքնավար խմբավորումներ են, բայց հասկանալի է, որ իրականում դրանք ղեկավարվում էին Չինաստանի կոմկուսի առաջնորդ Մաո Ցզեդունի և այլ կուսակցական ֆունկցիոներների կողմից՝ բռնաճնշումների, անցանկալի կամ այլախոհ անձանց ճնշելու նպատակով:

Դա 20-րդ դարի 60-ականների կեսերին էր, հեռավոր Չինաստանում:

Ի դեպ, «հաղթանակած սոցիալիզմի երկրում», նույն ինքը՝ ԽՍՀՄ-ում սկզբից էլ հարցը կարելի է ասել, այլ հիմքերի վրա էր դրվել. Եթե մեկը հանդգներ ինչ-որ թթու բան ասել եղած կարգերի ու կարգապետերի հասցեին, նրան արագորեն սպասվում էր անվճար ուղեգիր՝ դեպի Մագադան կամ անծայրածիր երկրի այլ աշխատանքային ճամբարներ...

Իսկ ահա, 21-րդ դարի երկրորդ տասնամյակի սկզբներին, «հաղթնակած ժողովրդավարության» երկիր հռչակված Հայաստանում, ամեն տեսակ սեռական փոքրամասնությունների ու աղանդավորների իրավունքներն ընդհուպ ԱԺ ամբիոնից կրծքով պաշտպանող իշխանության, Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք հայտնվել են տեղական «հունվեյբիններ»: Նրանք ներկայանում են որպես «թավշյա հեղափոխության» պահապաններ, շրջում են խմբերով, համազգեստավորված, մտազուգահեռումներ (ասոցիացիաներ) հարուցելով 20-րդ դարում ֆաշիստական իտալիայում, ֆաշիստական Գերմանիայում և ընդգծված բռնատիրական այլ ռեժիմների ժամանակ գոյություն ունեցած զանազան «վերնաշապիկավորների» հետ:

Հայկական «հեղափոխության պահապաններն», իհարկե, երեկ չեն ձևավորվել կամ հայտարարել իրենց գոյության մասին: Դժվար չէ առնվազն ենթադրել, որ նման խմբավորումների ձևավորման նախաձեռնությունը կամ ցանկությունը իշխանության ամենավերին օղակներից է գալիս: Համենայն դեպս, գործող թավշյա իշխանավորները առանձնապես դեմ չեն արտահայտվել նման «պահապանների կորպուսի» գոյությանը:

Ու դա ի՞նչ խմբակ է. իշխանության եկած «Քաղպայմանագիր» կուսակցության «մարտական ջոկա՞տն» է, «թավշյա գվարդիա՞», ենթակուսակցական կառո՞ւյց է: 

Իսկ վերջերս էլ այդ «պահապանները» արդեն անցան որոշակի գործողության: Ինչ-որ մեկը հայհոյական արտահայտություններ էր արել Նիկոլ Փաշինյանի հասցեին, ինչն անշնորհքություն է, իհարկե: Հետո ավելի անշնորհք բան էր արել, այդ դրվագով տեսանյութը տեղադրել էր համացանցում: Փաշինյանի «հեղափոխության պահապանները» գտել էին այդ ինչ-որ մեկին ու, իրենց ասելով, առանց ֆիզիկական բռնության դիմելու, հարկադրել էին, որ նա իր կամքով հրապարակավ ներողություն խնդրի նրանից, ում հայհոյել էր...

Երբ այս միջադեպի մասին աղմուկը տարածվեց համացանցում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե դատապարտում է «թավշյա հեղափոխության պահապաններ» անունով տանդես եկող այդ խմբակի տվյալ գործողությունը: Անգամ կարծես ոստիկանությունն այդ ամենի վերաբերյալ «նյութեր է նախապատրաստում»: Բայց...

Առհասարակ, հայհոյանքը և հայհոյախոսությունը անընդունելի են: Նորմալ մարդկանց շրջանակում դա նույնիսկ ամոթ է քննարկել: Հայհոյանքն ու հայհոյախոսությունը, մեծ հաշվով, թույլերին, անզորներին, ուղղակիորեն անտաշներին կամ սեռական ինչ-որ խնդիր ունեցողներին են բնորոշ: Մի փոքր նրբերանգ. հայհոյական արտահայտություններով, հատկապես սոցցանցերում առավելապես աչքի են ընկնում գործող իշխանության կողմնակիցները, Նիկոլ Փաշինյանի հանդեպ անձի պաշտամունք ունեցողները: Հակառակ դրսևորումն էլ կա: Վատ օրինակը վիրուսից պակաս վարակիչ չէ:

Բայց այստեղ հարցերն այլ են: Ավելի ճիշտ, մի քանի հարց կա:

Նախ, Նիկոլ Փաշինյանը, իր տրամադրության տակ ունենալով պետության ամբողջ իրավապահ ու պատժիչ մարմինները, դատարանները և այլն, հանգիստ կարող է իր իրավունքները պաշտպանել, իրեն վիրավորողին կարգի հրավիրել: Առավել ևս, նման խնդիր կարծես չպիտի ունենար մի ղեկավար, որի կառավարման շրջանում, ընդամենը շաբաթներ առաջ, ցուցադրաբար ոստիկանական ահաբեկման գործողություններ են իրականացվել, մասնավորապես՝ «Ադեկվադ» միաբանության ներկայացուցիչների դեմ:

Եթե ազդեցության նման տարբերակները անբավարար են թվում, ապա կան օրենքներ, կան անձնական վիրավորանքին վերաբերող դրույթներ, կան գրագետ փաստաբաններ, որոնք դատական կարգով կարող են հասնել վիրավորողին պատասխանատվության ենթարկելուն: Ու դա հնարավոր է անել այնպես, որ շատերի մոտ վերանա ուրիշներին հրապարակային, այդ թվում՝ սոցցանցերում կամ հրապարակայնորեն ու ցուցադրական հայհոյելու ցանկությունը:

Այստեղ ամենից կարևորը այն է, որ նմանօրինակ «հունվեյբինական» դրսևորումները արմատապես հակասում են այն ամենին, ինչը կոչվում է ժողովրդավարություն, խոսքի ազատություն, մարդու իրավունքներ: Բնութագրական է, որ նման «պահապանական» երևույթ արձանագրվում է «նոր Հայաստանում», Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք և այն ժամանակ, երբ «թավշյա» իշխանավորներն ու Փաշինյանն ինքը այնպես են ներկայացնում վիճակը, թե Հայաստանում նախքան այս մի աննկարագրելի բռնապետություն էր, իսկ հիմա, իբր հաղթանակել է ժողովրդավարությունը ու նման բաներ:

Այո, Փաշինյանը շտապեց դատապարտել վերոհիշյալ միջադեպը: Չնայած, այստեղ մեկ այլ նրբերանգ էլ կա: Երբ մարդկանց մի խումբ սև շապիկներ էր հագել, Նիկոլ փաշինյանը կառավարության նիստում կարգադրեց գնալ, գտնել, նրանց ծաղկավոր «բաբըչկա»-փողկապ կապել և նման բաներ: Բայց երբ համազգեստավորված «հեղափոխության պահապաններ» ի հայտ եկան, ձևացրին, թե չեն էլ նկատել:

Հարցն այն է նաև, որ նմանօրինակ հոռի դրսևորումների ու դրսևորվողների հետ կապված, եթե կարելի է ասել՝ «իրավական ռասիզմ» է կիրառվում: Այն իմաստով, որ Նիկոլ Փաշինյանին ու իր կողմնակիցներին թույլատրվում է, անգամ խրախուսվում է ցանկացած հակահասարակական, խուլիգանական բնույթի դրսևորում, մանավանդ, եթե այն ուղղված է իշխանության քննադատների դեմ: Կարելի է հիշել թեկուզ մի խումբ «թավշայինների» հարձակումը հասարակական ակտիվիստ Նարեկ Մալյանի վրա, կամ մեկ այլ խմբի հարձակումը «Հայելի» ակումբի դռների վրա: Դա միայն թվում է, թե այդ դրսևորումները անցնում են անհետևանք:

Այդօրինակ գործողությունների, «պատժիչ ակցիաների» ու նաև «հեղափոխության պահապաններ» խմբի հիմնական թիրախը հասարակությունն է, այսինքն՝ հանրությանն ահաբեկելը, բռնատիրական միջավայր ձևավորելը, ցանկացած այլ կարծիք ու տեսակետ բացառելը, իսկ դրանք այնուամենայնիվ արտահայտել համարձակվողներին հետապնդելը: Կարճ ասած, նման դրսևորումների վերջնանպատակը, որպես կանոն, կամ ֆաշիստական մթնոլորտն է կամ էլ կոմունար-բոլշևիկական: 

Բայց պետք է նաև նկատի ունենալ, որ նման դրսևորումները կարող են նաև հակառակ էֆեկտ ունենալ, մասնավորապես, կարող են խթանել ոչ հեղափոխականների միավորվելուն կամ նման «պահապաններից» ինքնապաշտպանվելու խմբեր ձևավորելուն:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ