27 02 2020

Փաշինյանի պարտքերը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

Փաշինյանի պարտքերը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

«Այո»-ի բրենդինգի մրցույթի առաջին հորիզոնականի համար նախատեսված 3 միլիոն դրամը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի 1991թ․ խմբագիր Նորայր Ենգիբարյանին, նկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղանդիլյանին և Ստեփան Նարոյանի իրավահաջորդին։ Քանի որ պարզվեց՝ հաղթած լոգոն 1991թ. սեպտեմբերի 21-ին Անկախության հռչակագրի ընդունմանն է։ Մրցույթում հաղթած Garoon կազմակերպությունը վերցրել ու ներկայացրել էր այն որպես Հրայր Թովմասյանին և 6 այլ դատավորների փոխելու հանրաքվեի լոգո։ Գրավելով առաջին տեղը՝ համարյա ստացել էր 3 մլն դրամ մրցանակը։ Բայց այս պատմությունը մեկ այլ իրականության վարկածին պարզություն մտցրեց։

Իսկ ինչպե՞ս պատահեց, որ հաղթեց հենց ա՛յդ տարբերակը։

1991 թվականին և այսօր մարդկանց, դիզայներների ճաշակները շատ են փոխվել, տեխնոլոգիաները, ծրագրերը, գրաֆիկան, մարդիկ սկսել են ավելին պահանջել, մասնագետները՝ ավելին տալ, գնահատվում է կրեատիվությունը․ ու հանկարծ մրցույթում հաղթում է մի տարբերակ, որը 30 տարի առաջվա է ու՝ տպագիր թերթին հատուկ ոճով։

Ինչո՞ւ պետք է Փաշինյանի թիմը մրցույթ աներ, ու բազմաթիվ, առանց կասկածելու, կրեատիվ ու նորարական տարբերակներից հենց այս մեկին տար հավանությունը։ Պատկերացնենք, որ մրցութային առաջարկները դիտել և քվեարկվել են, և Փաշինյանի՝ հիմնականում երիտասարդներից բաղկացած թիմը մեծամասամբ հավանել է հենց այս պարզունակ և կասկածելի տարբերակը։ Մի տեսակ դժվար էր պատկերացնելը, ի սկզբանե։ Այդ երեք տառերի՝ 100 տոկոսանոց համընկնումը 1991-ի թերթում տպագրված տարբերակի հետ բազմաթիվ հարցեր առաջացրեց՝ չհաշված հեղինակային իրավունքի խախտումը։ Ամենայն հավանականությամբ, սա նախապես որոշվել է, իսկ մեր կարծիքով՝ պարտադրվել։ Ինչո՞ւ և ո՞վ է պարտադրել։ Հիմա բացատրենք՝ ուղղակի իրար հետևից նշելով այլ փաստեր։

Մինչ այս, իրենից արժեք ներկայացնող գրեթե բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները հանրաքվեն բոյկոտելու կոչով են հանդես եկել։ «Այո»-ի քարոզարշավին ու գաղափարին հրապարակայնորեն կողմ են արտահայտվել ընդամենը երկու քաղաքական ուժ․ առաջինը և անվերապահորեն Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը և Արամ Զավենի Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունն էին։

Քաղաքականությունից գլուխ հանող անձինք հասկանում են, որ Հրայր Թովմասյանի դեմ պայքար է տարվում կոնկրետ ՍԴ-ին տիրանալու համար։ Վախենում են, որ Ռոբերտ Քոչարյանի գործով իշխանությանը ոչ հաճո որոշո՞ւմ կկայացնի։ Միգուցե։ Բայց ոչ միայն։ Որքան էլ հակված ենք մտածելու, որ դա է պատճառը, այնուամենայնիվ դիտարկենք, թե Սահմանադրական դատարանն իր գործողություններում արդյո՞ք տվել է բավարար և հիմնավոր պատճառ նման կերպ մտածելու։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ ՍԴ ուղարկված և վարույթ ընդունված դիմումներն ավելի շատ մերժվել են։ Բավարարվել է ընդամենը դատավորի դիմումը՝ ստանալու ՍԴ կարծիքը քննվող գործի հոդվածի սահմանադրականության վերաբերյալ։ Բայց ՍԴ-ն ստանալով Դավիթ Գրիգորյանի միջնորդությունը, այդ հարցի շուրջ, առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանի օգտին որոշում չի կայացրել, այլ իր հերթին ուղարկել է ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք ստանալու համար։ Եթե ՍԴ անդամները ցանկանային Ռոբերտ Քոչարյանի օգտին որոշում կայացնել, ապա անմիջապես հարցը կդնեին քննարկման, ոչ թե երկար մտորելուց հետո կդիմեին ՄԻԵԴ կամ Վենետիկի հանձնաժողով՝ հստակ իմանալով, որ այդ կառույցների կարծիքը զուտ խորհրդապահական է, պարտադիր կատարման ենթակա չէ։ Նաև առիթ և հնարավորություն է տալու իշխանություններին տևական ժամանակ իրենց վրա ճնշում գործադրել։

Եվ ուրեմն, դժվար թե Նիկոլ Փաշինյանը միայն Ռոբերտ Քոչարյանի գործի համար ՍԴ-ն ցանկանար այստեսակ խայտառակ կերպով փոխել։ Որքան էլ այդ վարկածը ակնհայտ թվա, մեր կարծիքով, դա չէ միակ կամ հիմնական պատճառը։

Այստեղ կա այլ բան ու դա ավելի է ակնառու դառնում, երբ նայում ենք, թե հատկապես ո՛ր կադրերի համար է ՍԴ-ն դառնում ցանկալի։

Հիշենք, մինչ այդ ամենը, իշխանությունը տապալում էր նախագահի առաջադրած՝ ՍԴ դատավորի ընտրության բոլոր փորձերը, մինչև նրան չպարտադրվեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Նրան ԱԺ նախկին կազմը չէր ընտրել՝ պատճառաբանելով բավականին քաղաքականացված լինելը, Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի անդամ, ՀՔԾ սիրելի փորձագետ լինելը։ Լինելով փաստաբան, Սասուն Խաչատրյանի հանձնարարություններով տեքստեր էր գրում և ելույթներ ունենում։ Այդ ամենն իմացանք հայտնի գաղտնալսումից։

Վերջ ի վերջո, իշխանությանը հաջողվեց ճնշել Հանրապետության նախագահին, և վերջինս դարձյալ առաջադրեց Վահե Գրիգորյանին․ նա էլ դարձավ ՍԴ դատավոր։ Միաժամանակ ու անմիջապես փորձեց դառնալ ՍԴ նախագահ։ Չստացվեց, ՍԴ այլ դատավորների մոտ Վահե Գրիգորյանի «բլեֆը» չանցավ։ Վահե Գրիգորյանը, ինչպես հայտնի է, ընտրվեց, բայց ստանձնելով պարտականությունները, այդպես էլ չզբաղվեց իր գործով․ ինչ-որ բանի էր սպասում։

Եթե Նիկոլ Փաշինյանը 200 հոգանոց աշխատակազմ է լուծարում, քանի որ նրանցից, ասենք, 20 հոգին սուրճ խմելով է զբաղված, այդ դեպքում ինչպե՞ս է հանդուրժում ՍԴ 9 հոգանոց կազմում մեկ հոգու՝ բացառապես «շարիկ գլորելով» զբաղված լինելը։ Ի՞նչ պատճառ ունի, այս ամենը։

Ըստ տեղեկությունների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մեկ այլ կադր՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, սպասում է, որ դառնա ՍԴ նախագահ կամ առնվազն՝ դատավոր։ Նա նույնպես արդեն վաղուց է ինչ-որ բանի սպասում, այլ գործի չի տեղափոխվում, թեև, անկասկած, կարող է։ Վերջ ի վերջո, Փաշինյանի հետ միասին են եղել մարտիմեկյան իրադարձություններում, կարող էր և պահանջել իր «հասանելիքը»։ Ստացվում է, որ պահանջել է, այն է՝ ՍԴ դատավոր կամ նախագահ։ Նա հարցազրույցներում մեկնաբանություններ է տալիս իբրև միայն իրավաբան, քաղաքական գնահատականներից խուսափում է, ըստ ամենայնի՝ որպեսզի տեղը եկած ժամանակ չքնադատվի որպես քաղաքականացված։ Հաճույքով մեկնաբանում է ՍԴ մասով գործընթացները։ Ելույթ էր ունենում հեռուստատեսությամբ ու դեռ ՍԴ-Փաշինյան «հակամարտությունից» առաջ հայտարարում էր, թե Ռոբերտ Քոչարյանի գործն այս կազմով ՍԴ-ն չի քննարկելու։ Հարց է առաջանում՝ ի՞նչ գիտեր նա բոլորից շուտ՝ ինչ է ծրագրվում ՍԴ-ի շուրջ։ Ի վերջո, իշխանությունը ՀԱԿ-ի մի շարք կադրերի տեղավորելով խորհրդարանում, կառվարությունում, դատական համակարգում, այս կադրին ի՞նչ է «մոռացե՞լ է» արդեն երկար ժամանակ։ Բնավ՝ ոչ։

Այս ամենն իրար կողք դնելով, պարզ է մի բան․ ամեն ինչ արվում է, որ այդ կառույցը փոխանցվի Լևոն Տեր-Պետրոսյանին, բնականաբար՝ իր կադրերին համալրելով և նրանց միջոցով։ Վերլուծություններին գումարելով ստացած տեղեկությունները, նշենք, որ ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանին է հանձնում ՍԴ-ն՝ որպես «պարտքերի հատուցում»։ Չէ՞ որ հենց Լևոն Տեր-Պետրոսյանի օգնությամբ և հովանավորությամբ Փաշինյանը դարձավ այն, ինչ կա հիմա՝ քաղաքական իմաստով։ Չէ՞ որ նրանք միասին էին դուրս եկել սահմանադրական կարգը տապալելու․ այն ժամանակ դա կանխվեց, բայց հաջողեցրին 2018 թվականին։

Այնպես որ, լոգոյի «պլագիատը» սոսկ խնդրի ոչ այդքան կարևոր կողմն է, բայց կարևոր դետալ է, որն առավել ամբողջական պատկեր է տալիս։

Ինչ վերաբերում է լոգոյին․ արդեն քանիցս այս իշխանությունը հայտարարել է, թե իր համար հեղափոխությունը շատ ավելի կարևոր էր, քան Արցախյան հաղթանակները, Հայկական արժեքները, հայոց լեզուն, եկեղեցին, պատմությունն ընդհանրապես։

Հիմա էլ ՍԴ անդամներին հեռացնելու հանրաքվեն են ենթագիտակցության մեջ նույնացնում անկախության հանրաքվեի հետ։ Ու այդ ամենը, ինչպես սովոր են, մանր ժուլիկության մեթոդով։

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ