«Այս քաղաքական թիմը կկտրի իր ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի ձեռք չի տա։ Ես անձամբ կկտրեմ իմ ձեռքերը և մի կեղծիք անգամ թույլ չեմ տա, որովհետև դա կնշանակի ջնջել այն արժեքները, որոնց վրա մենք կանգնած ենք»,- փետրվարի 25-ին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Ընտրություններն ընտրատեղամասում չեն կեղծվում։ Գրանցվում են կեղծիքներ, բայց՝ սովորաբար քիչ, անգամ չնչին ազդեցություն չեն ունենում ընտրությունների ելքի վրա։ Փաշինյանը, պարզ է, անձամբ չի գնա ու «կարուսել» անի, անձամբ փող չի բաժանի, չի լցոնի, կրկնակի քվեարկություն էլ, մահացած ու բացակայող անձանց փոխարեն չի քվեարկի․ այդ ամենի անողները կան ու կանեն։ Կանեն, որովհետև կգործի նույն հայտնի «կարգախոսը»․ «Ինչի կա՞ այդպիսի դատավոր որ իմ ասածը չանի, ո՞վ ա էդ դատավորը»։
Հաճախ ենք տեսել, որ Փաշինյանը որտեղ նստում, ասում է, որ որևէ պարագայում չի միջամտում դատական գործերին, բայց նաև տեսել ու լսել ենք հայտնի գաղտնալսումը, որտեղ նա ԱԱԾ տնօրենից հետաքրքրվում է կոնկրետ գործով։ Խափանման միջոց ընտրելու մասով իրենից հարցնում են, ինքն էլ իր կարծիքն է ասում, քննարկում են, օրինակ՝ Խաչատուրովին կալա՞նք տան, թե՞ սպասեն, մինչև վարչապետը խոսի-ասի։ Հետաքրքրվում է՝ Քոչարյանի կալանքը եղա՞վ, ե՞րբ կլինի և, ստանալով դրական պատասխան Վանեցյանից, հանգստանում է։ Քանի որ մարդիկ ունեն կարճ հիշողություն, այստեղ կարող են թարմացնել հիշողությունը։
Եվ ուրեմն ինչու՞ մենք պետք է հավատանք, թե նա իրեն կամ թիմին թույլ չի տա կեղծիք կազմակերպել։ Հաշվի առնենք, որ առնվազն մեկ անգամ արդեն «բռնվել է» կատեգորիկ երդում ուտելու ու հակառակը՝ դատական պրոցեսին լավ էլ միջամտելու գործում։
Նիկոլ Փաշինյանը մշտապես գրառումներ է անում ՍԴ կազմը փոխելու վերաբերյալ, կոչ է անում, որ հանրությունը գնա ու կողմ քվեարկի հեղափոխությանը։ Հեղափոխության մասին բառ անգամ չկա հանրաքվեին դրվելիք հարցում, այլ ընդամենը կա ՍԴ 7 անդամից ազատվելու հարց։ Ստացվեց՝ Փաշինյանն արդեն կեղծում է, մանիպուլացնում է։
Քաղաքացիների մի մասը վստահելով գնալու է կողմ քվեարկի, բայց երբ հարց ես տալիս, թե ինչի՞ն, նա տեղյակ չէ։ Նրան խաբել են, թե պետք է կողմ քվեարկես, որ աշխատատեղ ստեղծվի, աշխատավարձ բարձրանա, «ձեր փողերը, ձեզ տանք» և այլ անհեթեթ՝ ՍԴ-ի հետ կապ չունեցող բաներ։ Ստացվեց՝ Նիկոլ Փաշինյանը արդեն մանիպուլացրել է և կեղծել։
Նիկոլ Փաշինյանն ու թիմը պնդում են, որ Սահմանադրական դատարանը խանգարում է ՀՀ առաջընթացին և վստահություն չի վայելում։ Պարզվում է, որ այդ կառույցը պետական ինստիտուտներից ամենամեծ վստահությունն է վայելում, ու այսքան ժամանակ որևէ որոշումով չի խանգարել պետության առաջընթացին։ Ստացվում է՝ նրանք հանրաքվեի էությունը մանիպուլացնում ու կեղծում են։
Փաշինյանի թիմակիցները հայտարարում են, թե ժողովուրդն է պահանջում փոխել սահմանադրական դատարանի կազմը, բայց 250 մլն դրամ են հավաքում նույն ժողովրդին համոզելու համար, որ գնա հանրաքվեի և քվեարկի «այո»։ Սա ի՞նչ է, կեղծի՞ք է, թե՝ ոչ։ Եթե ժողովուրդն է պահանջում, դու արա հանրաքվե, ինքն էլ կգնա ու կտա «այո»-ն, ինչո՞ւ ես քարոզարշավի վրա միլլիոններ ծախսում և այլն։
Նիկոլ Փաշինյանի մարզպետները հավաքում են յուրայիններին աշխատանքի ժամերին, հրահանգներ տալիս հանրաքվեի վերաբերյալ՝ քարոզարշավը դեռ չսկսած։ Վարչական ռեսուրսի օգտագործումը պոզով պոչո՞վ է լինում, պա՛րոն Փաշինյան։
Նիկոլ Փաշինյանը դրամահավաք է անում «այո»-ի քարոզարշավի համար․ նախապես դիմում են գործարարների, փող պահանջում։ Սկզբում հայտարարում են, թե գումարը քարոզարշավի համար է, իսկ հավաքելուց հետո հայտարարում են, թե ՔՊ կուսակցության կարիքների համար է։ Ստացվեց՝ խաբել են գործարարներին՝ հանուն քարոզարշավի գումար փոխանցողներին։ Սա կեղծի՞ք է, թե՝ ոչ։
Շարքը կարող եմ շարունակել, բայց դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ հենց հիմիկվանից կտրել ձեռքերն էլ, ոտքերն էլ, վերջում էլ՝ լեզուն։ Որովհետև նա արդեն կեղծել է քարոզարշավը, իսկ հանրաքվեն կեղծելը էլ ավելի հեշտ է լինելու։ Մի քանի զանգ չի՞։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը