25 02 2020

Փաշինյանի «Մյունխենյան սկզբունքների» տողատակերը և նպատակը

Փաշինյանի «Մյունխենյան սկզբունքների» տողատակերը և նպատակը

Շատ լավ է, իհարկե, որ Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդները հերթական համատեղ նիստն են անցկացրել: Էլ ավելի լավ է, որ այդ նիստում ՀՀ վարչապետը, օրինակ, հայտարարում է, որ «Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում»: Անգամ եթե դա արվում է Արցախում, ուղղված է ավելի շատ ներքին լսարանի համար, մեկ է, լավ է։

Բայց ցավոք, նման հայտարարությունները չեն չեզոքացնում վերջերս Մյունխենում «խոսքակռվի» տարբերակով Փաշինյան-Ալիև հանդիպման թողած տհաճ նստվածքը: Առավել ևս, նման հայտարարությունները չեն մեղմում այդ «թոք-շոուից» հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրած «Մյունխենյան սկզբունքների» հարուցած մտահոգությունը:

Խոսքը փետրվարի 16-ին վարչապետ Փաշինյանի արած ֆեյսբուքյան այն գրառման մասին է, որտեղ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ դիտարկումներ էր շարադրել՝ դրանք նշելով որպես «մյունխենյան սկզբունքներ»: Նախ, մեկ ընդհանուր դիտարկում. անհասկանալի է, թե խոսքն ի՛նչ սկզբունքների մասին է: Արդյո՞ք դրանք ընդհանուր որոշում են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ընդունված, թե՞ միայն Փաշինյանի։ Երբվանի՞ց են դրանք քննարկման առարկա դարձել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ իրականացվող գործընթացում: Այդ բանակցություններում Հայաստանի առաջարդած մոտեցումնե՞ր են, որպես բանակցության առարկա համաձայնեցված կետե՞ր են: Կրկնվենք, թե՞ դրանք պարզապես Հայաստանի վարչապետի ցանկություններն են: Իսկ միգուցե դա հերթական անհաջող քարոզչական հնա՞րքն է ընդամենը, ասենք՝ «փուլային տարբերակի» մասին քննադատական դիտողություններից շեղելու համար:

Իսկ հիմա՝ պարոն Փաշինյանի նշած «մյունխենյան սկզբունքների» մասին, գրեթե՝ կետ առ կետ:

1. «Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը»,-գրել է Փաշինյանը:

Պարոն վարչապետ, եթե նշում եք որ սրանք այն սկզբունքներն են որի շուրջ դուք բանակցում, կամ բանակցելու եք, ձևակերպումներում եղեք ուշադիր, դրանք չափազանց կարևոր են։

Առաջինը՝ ոչ թե Լեռնային Ղարաբաղ, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությո՛ւն: Երկրորդը՝ չգիտեմ, թե ադրբեջանական կազմավորումն ինչպե՞ս, բայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախությունը ոչ թե ստացել է, այլ հռչակե՛լ է, 1991թ. սեպտեմբերի 2-ին, այդ ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանն ու միջազգային իրավունքի չափանիշներին լիովին համապատասխան: Այնուհետև, հռչակած անկախությունը պաշտպանել է ադրբեջանական ագրեսիայից և, հանրագումարում նաև գործնականում նվաճել է իր անկախ լինելու իրավունքը՝ հայության հավաքական նվիրման ու ջանքերի շնորհիվ: Անցնենք առաջ:

2. «Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը»,-գրել է Փաշինյանը:

Իրավացի եք, ԼՂՀ-ն հակամարտության կողմ է և, բնականաբար, պետք է բանակցային կողմ լինի, առավել ևս, որ 1994թ. հրադադարի հիմնական համաձայնագրի ստորագրող կողմ է: Այո, առանց Արցախի համաձայնության կամ մասնակցության, հնարավոր չէ ունենալ հիմնախնդրի կարգավորում: Դա բնական և տրամաբանական մոտեցում է, որը Հայաստանի ու Արցախի տարբեր ղեկավարներ բազմիցս են ընդգծել:

Սակայն մեր օրերում անհանգստացնող հանգամանքներից մեկն այն է, որ նաև Նիկոլ Փաշինյանի տարաբնույթ հայտարարությունների հետևանքով, միանգամայն լրջորեն ոչ միայն խոսվում, այլև հակառակորդի կողմից որոշակի քայլեր են արվում՝ «ԼՂ ադրբեջանական համայնք» հորինվածքը բանակցային գործընթացի մասնակից դարձնելու ուղղությամբ:

Նաև պարզ չէ, թե վերջին մեկ տարի և 8 ամսվա ընթացքում Հայաստանը ի՞նչ առաջխաղացում է արձանագրել Արցախի օրինական ընտրված ներկայացուցիչներին բանակցային անմիջական գործընթացում ներգրավելու հարցում, չէ՞ որ հենց սկզբից խոստացել էիք որ չեք բանակցելու՝ դրա իրավունքը չունեք և այլն:

3. «Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Սա կարելի է ընկալել շատ պարզ. մենք զիջելու բան չունենք: Մի քիչ «խուճուճ» է ձևակերպված, ոչ այնքան կտրական, բայց միտքը դա է ու ընդունելի: Համարենք, որ մեջբերված արտահայտությունը ժամանակին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շատ ավելի հստակ դիրքորոշման այլ կերպ վերաձևակերպված տարբերակն է: Շարունակենք:

4. «Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում»,-գրել է Փաշինյանը:

Այս ձևակերպումը նախորդից բազմապատիկ ավելի ոլորուն է շարադրված, անգամ դիվանագետներին է անհասկանալի, ըստ այդմ այն չի կարող լինել սկզբունք: Բացի այդ, ոլորուն ձևակերպումը տարամետ մեկնաբանությունների առիթ է տալիս: Սա կարող է ընկալվել, օրինակ, որպես «փոքր քայլերով» բանակցային գործընթացում վերջնական համաձայնության տարբերակի հանգելու ակնարկ: Կարելի է ընկալել, որպես «փուլային կարգավորման»՝ 23 տարի առաջ մերժված մոտեցման ռեանիմացիա: Ամե՛ն դեպքում, առանց պարզաբանելու, թե ինչ է նկատի առնվում «միկրո» և «մինի» հեղափոխություններ ասվածի տակ, հնարավոր չէ որոշակի գնահատական տալ:

Երկրորդը՝ շատ ավելի նախընտրելի «հեղափոխություն» կդիտվեր, եթե վարչապետ Փաշինյանը շեշտեր «ապրիլյան պատերազմից» հետո Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի կոնկրետ համաձայնությունների իրականացմանը վերադառնալու անհրաժեշտությունը:

5. «Հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաեւ Ադրբեջանը»,-էլի ու էլի կրկնում է Նիկոլ Փաշինյանը:

Սա այնքան քննադատված ու անհաջող ձևակերպում է, որ թվում է, նույնիսկ չարժե մեկ անգամ էլ այստեղ բացատրել, թե ինչո՛ւ է այն այդպիսին: Հակիրճ. Արցախը, բնականաբար, Հայաստանը և Հայաստան-Արցախով ապրող հայությունը խնդիր չունեն «ադրբեջանական ժողովրդի համար ընդունելի» լուծում գտնելու: Դրա համար կան միջնորդներ, կա ադրբեջանական կազմավորման հայատյաց ու մարդատյաց խանը, թող նրանք դրա մասին մտածեն: Հայաստանի, Արցախի քաղաքական իշխանության, ղեկավարների խնդիրը, հանձնառությունը մեր ժողովրդին ընդունելի լուծումը բանակցությունների արդյունքում ամրագրելն է: Վե՛րջ:

Մակ բան էլ, պարոն վարչապետ, կարելի է Արցախի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներին նման հարց ուղղել. Իսկ իրենք պատրա՞ստ են այնպիսի լուծման, որը ընդունելի լինի նաև «ադրբեջանական ժողովրդի համար»:

Հ.Գ. Վեցերորդ կետը՝ «ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է», թերևս, կարելի է շրջանցել: Միշտ էլ քաղաքական գործիչները նշում են, որ հարցը չունի ռազմական լուծում, բայց իրականությունն այն է, որ առնվազն հակառակորդը պարբերավար փորձում է ռազմական լուծման գնալ և դեռ շարունակում է գնալ: Կգնա: Այդ ժամանակ կստանա արժանի հակահարված: Այդ մեկը, սակայն ոչ ձեզանից։

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ