24 02 2020

Ինչպես են փոխվել հիպոթեկային վարկերի տոկոսները «թավշյա» իշխանության օրոք

Ինչպես են փոխվել հիպոթեկային վարկերի տոկոսները «թավշյա» իշխանության օրոք

2018 թ․-ի սեպտեմբերին Հայաստանում դեռևս գերակշռում էին էյֆորիկ տրամադրությունները, Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հետևյալ հայտարարությունն արեց․ «Այսօր Հայաստանում բանկային տոկոսադրույքների անկման գործընթաց է սկսվել: Մենք ունենք հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների անկման գործընթաց»: Այդ պահից գրեթե մեկուկես տարի անց տեսնենք, թե ինչպե՞ս են փոխվել բանկային, այդ թվում հիպոթեկային վարկերի տոկոսադրույքները Հայաստանում, արդյո՞ք կարող ենք խոսել դրանց էական անկման մասին և արդյո՞ք մինչ այդ բանկային տոկոսադրույքների ավելի մեծ անկում չէր եղել։

Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարության ամսին՝ 2018 թ․-ի սեպտեմբերին, համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, դրամով վարկերի միջին տոկոսադրույքը 12,43 տոկոս էր։ Հետագա ամիսներին այդ տոկոսադրույքը ոչ թե նվազեց, այլ աճեց և 2019 թ․-ի հունվարին կազմեց 12,95 տոկոս։ Մեկ տարի անց՝ 2020 թ․-ի հունվարին այն կազմեց 11,55 տոկոս։ Ինչպես տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանի հայտարարած պահից մինչ այժմ բանկերի վարկային տոկոսադրույքի անկումը 1 տոկոսից էլ պակաս է եղել։ Սա իհարկե դժվար է էական փոփոխություն համարել և առավել ևս ինչ-որ հայտարարություններ անել գործարարների համար։ Ինչ-ինչ, վերջիններս լավատեղյակ են վարկերի տոկոսադրույքների մասին, իսկ Ռուսաստանում բիզնես ծավալող հայ գործարարներին հայկական բանկերի տոկոսադրույքները առանձնապես հետաքրքրիր չեն։ Հիմա տեսնենք, թե մինչ «թավշյա» իշանության գալը ինչպե՞ս էր փոխվել վարկերի միջին տոկոսադրույքը Հայաստանում։

2017 թ․-ի ընթացքում Հայաստանում վարկերի միջին տոկոսադրույքը իսկապես որ լուրջ անկում է ունեցել։ Եթե 2017թ․-ի հունվարին այն կազմել է 17,19 տոկոս, ապա մեկ տարի անց՝ 2018 թ․-ի հունվարին՝ 13,85 տոկոս։ 2018 թ․-ի ընթացքում, մինչ այսպես կոչված «սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը», այն շարունակել է նվազել և ապրիլին հասել 12,34 տոկոսի։ Սա վկայում է այն մասին, որ 2017 թվականը Հայաստանի տնտեսության մեջ լուրջ զարգացումների և փոփոխությունների տարի էր, որի շարունակությունը կապահովեր մեզ համար թռիչքային այն աճը, որին ականատես էինք եղել 2000-ականներին։ Սակայն դա տեղի չունեցավ բոլորիս հայտնի պատճառներով։ Մի խոսքով, 2017 թ․-ի ընթացքում վարկերի միջին տոկոսադրույքի գրեթե 4 տոկոս նվազում է արձանագրվել, իսկ դրանից հետո մինչև 2018 թ․-ի ապրիլը՝ շարունակել է նվազել ևս 1,5 տոկոսով։ Պարզապես, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, նախորդ վարչապետ Կարեն Կարապետյանն այդ մասին հայտարարելու կամ Մոսկվայի հայ գործարարներին ինչ-որ բան ապացուցելու խնդիր չուներ։

Ինչ վերաբերվում է հիպոթեկային վարկավորման տոկոսներին։ Դրանք նվազել են աննշան՝ բացառությամբ նախորդ կառավարության կողմից սկսված «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» ծրագրի։

2018 թ․-ի առաջին եռամսյակում, այսինքն՝ նախկին իշխանության կառավարման վերջին ամիսներին, դրամով հիպոթեկային վարկերի միջին տոկոսադրույքը եղել է 11,02 տոկոս, իսկ արտարժույթովը՝ 9,62 տոկոս։ 2019 թ․-ի վերջին եռամսյակում դրամային հիպոթեկային վարկի միջին տոկոսադրույքը կազմել է 10,90 տոկոս, արտարժույթովը՝ 9,83 տոկոս։ Ինչպես տենսում ենք 2018 թ․-ի իշխանափոխությունից մինչև այժմ դրամով հիպոթեկային վարկավորման տոկոսադրույքը նվազել է ընդամենը 0,12 տոկոսով, իսկ արտարժույթովն անգամ աճել է՝ 0,21 տոկոսով։

Այս դեպքում նույնպես, 2017 թ․-ի ընթացքում ականատես ենք եղել հիպոթեկային վարկավորման ավելի էական նվազման։ 2017 թ․-ի առաջին եռամսյակում դրամով հիպոթեկային վարկավորման միջին տոկոսադրույքը եղել է 12,35 տոկոս, իսկ 2018 թ․-ի առաջին եռամսյակում, ինչպես արդեն նշվեց 11,02 տոկոս։ Նվազումը՝ 1,33 տոկոս։ Արտարժույթով նվազումը դարձյալ նույնքան է կազմել։ Պատահական չէ, որ հիպոթեկային վարկավորման ծավալները կտրուկ՝ ավելի քան կրկնակի անգամ սկսեցին ավելանալ հենց 2017 թ․-ին՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներից սկսված և հիմք հանդիսացան մինչ այժմ շարունակվող աճի համար։

Ինչ վերաբերվում է նպատակային ծրագրերով բնակարանաշինությանն ու էժան հիպոթակային վարկավորմանը, ապա հիշեցնենք, որ նախկին «կոռումպացված ռեժիմի» կողմից իրականացված ծրագրերի շնորհիվ, պետական ծառայողների, մանկավարժների, մարզիկների, լրագրողների և այլ սոցիալական խմբերի հարյուրավոր ընտանիքներ կարողացան շուկայականից առնվազն երեք անգամ ցածր գնով բնակարաններ գնել նորկառույց շենքերում, իսկ նրանց մի մասն էլ՝ վերավաճառել այդ բնակարանները ձեռք բերման գնից երեք անգամ ավելի թանկ։ Ի դեպ, նրանց մի մասը դրանից հետո «դուխով» գլխարկներ դրեցին և «մերժեցին» իրենց համար էժան և նպաստավոր պայմաններով բնակարաններ ձեռք բերելու կամ դրանք թանկ գնով վերավաճառելու հնարավորություն ստեղծած իշխանությանը։ Սակայն դա արդեն այլ՝ բարոյական հարթության խոսակցության թեմա է։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ