19 02 2020

Մարդիկ իրար սկսել են վիրավորել Փաշինյանի բառապաշարով

Մարդիկ իրար սկսել են վիրավորել Փաշինյանի բառապաշարով

Ամերիկյան պարբերականը վերլուծել է հրապարակումները, թե դպրոցներում աշակերտները միմյանց վիրավորելիս, ծաղրուծանակի ենթարկելիս ինչ բառապաշար են օգտագործում և պարզել է, որ բազմաթիվ են դեպքերը, երբ դա արվում է ԱՄՆ նախագահի ծայրահեղական ու սադրիչ արտահայտությունների օգտագործմամբ։ Այսինքն, ԱՄՆ նախագահն ատելություն է քարոզել իր երկրում։ Եթե մենք էլ Հայաստանում վերլուծենք, թե իրար ճնշելիս, վիրավորելիս ի՞նչ բառապաշար ենք օգտագործում, կհայտնաբերենք, որ այդտեղ մեծ ավանդ ունի ՀՀ վարչապետը։

Հայաստանում նման վերլուծություն իրականում եղել է, արել է ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը և հայտնաբերել, որ մանկապարտեզներում, օրինակ, երեխաներն ատում են Հրայր Թովմասյանին։ Իսկ ինչո՞ւ են ատում. որովհետև առավոտից երեկո Նիկոլ Փաշինյանն ու թիմը ինչքան լուտանք ասես, որ չեն թափում նրա գլխին։

Այսօր պատերին ծեփելը, ասֆալտին փռելը, վզից բռնել-թափահարելը, աղբամանը նետելը վարչապետի բառապաշարում ամենահաճախը հանդիպող արտահայտություններն են, որոնք տեղափոխվել են անգամ մանկապարտեզ։ Նրա ելույթները, գրառումները, լայվերում հնչած մտքերը դուրս չեն գալիս եթերից, հումորային հաղորդումներից մինչև սերիալներ են թևակոխել։

Եվ ուրեմն ստացվում է՝ նա, ով Հայաստանում քարոզում էր սեր, համերաշխություն, հանդուրժողականություն և այլն, այսօր ատելություն ու թշնամանք հրահրող թիվ 1 գործիչն է, հետևաբար՝ թիվ 1 պատասխանատուն։

Նիկոլ Փաշինյանի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ էդ ատելության մթնոլորտը մենակ «Հրապարակ» օրաթե՞րթն է տեսնում։ Ոչ, բոլորս ենք տեսնում, դուք չեք տեսնում, որովհետև դուք դրա տարածողն եք։ Դուք ընդամենը վերջում կզգաք դրա դառը հետևանքը։ Իսկ այսօր այդ ատելությունն եք սփռում աջ ու ձախ, ինչը ձեր իշխանության գոյատևման միակ ռեսուրսն է։ Այսօր այդ ատելության հետևանքները տենում ենք բանակում՝ մահերի տեսքով։ Ո՞վ գիտի, գուցե բանակում էլ հենց սև ու սպիտակի կռիվ է, էնտեղ էլ են փռում ասֆալտին․․․ Վաղը կարող է դրսևորվել մահերի տեսքով արդեն փողոցներում։

Նորմալ երկրներում, օրինակ, երբ վեճ է, բախումներ են, ատելության մթնոլորտ է, երկրի ղեկավարն է հանդես գալիս բաժանարար գծերը միավորելու կոչերով։ Մեր երկրում ճիշտ հակառակն է՝ երկրի ղեկավարն անում է այնպես, որ ոչ մի հարցում անգամ ընտանիքի անդամները համաձայն չլինեն միմյանց հետ։

Հենց այս վատ բարքերն են Հայաստանում այսօր տիրում։ Անհար է, որ սրա վերջը լավ լինի։ Հիմա իշխանությանը ձեռք է տալիս սա, վաղը նրա համար էլ կլինի անընդունելի, բայց այլևս չի կարողանա կանխել։

Իշխանությանը սթափության կոչ կանեինք, բայց, ավաղ, նրա վրա ազդեցություն չի ունենա․․․

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ