18 02 2020

Պետությունների ղեկավարներից Նիկոլ Փաշինյանի ստացած 4 նախազգուշացումները

Պետությունների ղեկավարներից Նիկոլ Փաշինյանի ստացած 4 նախազգուշացումները

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեսակետ է հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը խախտել է «վենդետա չի լինելու» խոստումը։ Խոսքը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեա-քաղաքական հետապնդմանը։ Լավրովի ասածը Հայաստանի քաղաքական և դիվանագիտական ղեկավարությունը չի ընկալում կամ ձևացնում է, թե չի ընկալել։ Ավելին, Լավրովին հեռակա պատասխանում է, թե պետք է ադապտացվի Հայաստանի նոր իրողություններին։ Հետո Նիկոլ Փաշինյանն արժանանում է արդեն սառը ընդունելության ՌԴ նախագահի կողմից։

Վլադիմիր Պուտինը հանդիպում է Նիկոլ Փաշինյանին ու հասկացնում, որ ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ կատարվողն անարդար է, մեղմ ասած։ Պուտինը հանդիպում է երկրորդ նախագահի տիկնոջ հետ՝ այդպիսով վերահաստատելով իր դիրքորոշումը։

Իշխանությունը դարձյալ տպավորություն է թողնում, որ ոչինչ չի հասկացել։

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը նամակ է ուղարկում Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանին, հայտնում, որ ուշադրությամբ հետևում է Քոչարյանի դատավարությանը և իր շուրջը կատարվողին։ Նիկոլ Փաշինյանը ձևացնում է, թե ամեն ինչ նորմալ է։

Ու բնականաբար՝ այդքան ձևացնելուց հետո, արդեն, առավել կոնկրետ հարցեր կտան։ Ըստ մամուլի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մյունխենում հանդիպման ժամանակ հարցեր է ուղղել Հայաստանի վարչապետին` Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ։ Հարցերն այնքան բազմաթիվ ու առարկայական են եղել, որ Փաշինյանը սկզբից զարմացել, ապա նյարդայնացել է, առավել ևս, որ հարցերի դիվանագիտական ձևակերպումներում անթաքույց քննադատական հնչերանգներ են եղել։ Ըստ նույն աղբյուրների, Մերկելն ընդգծել է, որ Քոչարյանի գործը քաղաքական հետապնդման տպավորություն է թողնում, և եթե մոտակա մեկ-երկու ամսում Հայաստանի իշխանությունները հստակ ու սպառիչ պատասխաններ չտան բարձրացված հարցերին և չփարատեն բոլոր կասկածները, ապա Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը ստիպված է լինելու առաջնահերթության կարգով ներառել հարցը երկկողմ հարաբերությունների օրակարգում:

Վստահաբար, այլ հարցադրումներ ևս եղել են ու կլինեն այլ առաջնորդների կողմից․ Նիկոլ Փաշինյանը զարմանում է ու կզարմանա՝ լավ, նախկին նախագահի նկատմամբ նման ուշադրություն ինչո՞ւ պետք է լինի, մարդը պաշտոնավարել-գնացել է։ Բայց նա այդպես էլ չի հասկանա, որ կարևորն այն է, թե այդ պաշտոնավարման ընթացքում քեզ ինչպես ես դրսևորում՝ որպես պետության ղեկավար, ինչ հարաբերություններ ունես մյուս պետությունների ղեկավարների հետ, որքան արհեստավարժ ես եղել միջազգային հարաբերություններ կառուցելիս, այդ հարաբերությունները սկսվել ու ավարտվել են պրոտոկոլային նկարահանումներո՞վ, թե՝ օրինակ, հասնում են անգամ անձնական մտերմության։ Ամեն հանդիպումից միայն սելֆիով ուրախացող պաշտոնյան դա չի հասկանա։ Ըստ ամենայնի, Ռոբերտ Քոչարյանը եղել է լավ գործընկեր, այնքան, որ անգամ պաշտոնավարումն ավարտելուց հետո տարբեր երկրների ղեկավարների կողմից հնչում են շնորհավորանքներ, բարևներ, տեղի են ունենում հանդիպումներ։ Հետաքրքիր է, եթե Նիկոլ Փաշինյանը վաղը հրաժարական տա, նրա ծննդյան օրը քանի՞ արտասահմանյան գործընկեր կհիշի։ Պատճառն այսօրվա իր վերաբերմունքն է, գործունեությունը, շփման մակարդակը։

Ցավոք, այդ դիլետանտիզմը չի դրսևորվում միայն Քոչարյանի պարագայում, այդպես է ամենուր, ամեն հարցում։

Վերցնենք Հրայր Թովմասյանի դեպքը․ ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են անում դադարեցնել ՍԴ հետ հակամարտությունը։ Իշխանությունն ասում է, որ իրեն նկատի չունեն, քանի որ ուղիղ չեն ասել։ Հետո Վենետիկի հանձնաժողովն է կոչ անում, որ դադարեցնեն ճնշումները․ սրան էլ նույն պատասխանն է հնչում։ Հետո կոնկրետ հայտարարություն են տարածում, որ իշխանության գործերը սխալ ուղղությամբ են գնում և պարտադիր պետք է դիմեն իրենց՝ կարծիք ստանալու համար։ Այստեղից պատասխանում են, որ արդեն ուշ է, ԱԺ-ն ընդունել է հանրաքվեի օրենքը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հրայր Թովմասյանն իրեն քծնել է՝ կորցրած գրիչի փոխարեն իր գրիչն առաջարկելով, հետո Մոլդովայի նախագահ Դոդոնի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի դիմաց դնում են նույն ֆիրմայի գրիչ։ Նախագահ Դոդոնը կարող էր կոնկրետ ասել, բայց չի ասում, հասկացնում է, որ այ․․․ ընկեր, գրի՜չն ուր, կաշա՜ռքն ուր, պետություն ես ներկայացնում, մի քիչ քեզ ղեկավարի պես պահիր։

Դիվնագիտական լեզու է։ Երբ չես հասկանում, ուղիղ են ասում։ Եթե մերոնք կես բառ հասկանային դիվանագիտությունից, հենց առաջին ակնարկը կհասկանային, և ՌԴ արտգործնախարարի ակնարկը բավարար կլիներ, ու չէր հասնի մինչև Պուտին, Մակրոն, Մերկել, Դոդոն, Բուքիքիո․․․

Եվրոպան ողջունել է Հայաստանում փոփոխությունները և փորձում է հասկացնել, որ այդ փոփոխությունները միապետություն տանելու համար չէին, որ պետք է շտկվել, սթափվել։ Այս նախազգուշացումները դրա համար են։

Դիլետանտիզմը բնորոշ է նոր քաղաքականություն մտածներին, բայց սրանք հետևողականորեն չեն ուզում սովորել։

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ