17  02  2020

Փաշինյանական երկու սուտ՝ առանց չափ ու սահմանի

Փաշինյանական երկու սուտ՝ առանց չափ ու սահմանի

Հայտնի ասացվածք կա՝ «ստիր, բայց չափդ ճանաչիր»։ Այս ասացվածքի ամենաուշագրավ պահն այն է, որ դա ուղղված է այն մարդկանց ովքեր ստում են առանց սահմանների և երբեք չեն մտածում կանգ առնել։ Նիկոլ Փաշինյանը վերջիններիս վառ ներկայացուցիչն է։ Իհարկե անիմաստ է նրան նման կոչ ուղղել, բայց դա չի նշանակում, որ պետք է թույլ տանք շարունակաբար ստել առանց չափ ու սահմանի։

Գերմանիայում գտնվելու ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը երկու տվյալ ներկայացրեց՝ ցույց տալու համար օտարների մոտ արդեն ժպիտ կամ ձանձրույթ առաջացնող «թավշյա» հեղափոխության «արդյունքները»։

Մեկը՝ «կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 մլն դոլարի գումար ենք վերադարձրել պետական բյուջե», մյուսը՝ «1 մլրդ դոլարով մեկուկես տարվա ընթացքում 2018-2019 թվականների արդյունքներով բարձրացրել ենք բյուջեի եկամուտները»։ Երկու դեպքում էլ գործ ունենք պարզապես խայտառակ ստերի հետ, որոնք հակասում են պաշտոնական՝ առանց այն էլ ճոխացված տվյալներին։

Նախ՝ 105 մլն դոլարի մասին։ Անհայտ է, թե այս թիվը որտեղի՞ց է վերցրել Նիկոլ Փաշինյանը։ Չնայած՝ նրան այդպիսի հարց կտա՞ն կամ ինչ-որ տեղից պետք է վերցրած լինե՞ր։ Միևնույնն է՝ «դուխով» քաղաքացիները առանց որևէ ապացույցների կամ հղումների էլ հավատում են նրան։ Այդուհանդերձ, տեսնենք, թե ի՞նչ է արձանագրված վիճակագրական կոմիտեի կողմից պետական բյուջեի «այլ եկամուտներ» տողում։

Ըստ այդմ, 2019 թ․-ի պետական բյուջեի «այլ եկամուտներ» տողում նշված է մոտ 82 մլրդ դրամը, 2017 թ․-ի նույն տողում՝ մոտ 65 մլրդ դրամ։ Տարբերությունը 17 մլրդ դրամ է կամ մոտ 35 մլն դոլար։ Այսինքն, երկու տարում (ներառյալ 2018 թ․-ի առաջին չորս ամիսը, երբ նախորդ իշխանությունն էր) «այլ եկամուտներ» տողում, որտեղ պետք է արտացոլվեն «կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում» պետական բյուջե վերադարձված գումարը, նշված է 105 մլն դոլարից երեք անգամ պակաս՝ մոտ 35 մլն դոլարի գումար։ Ընդ որում, այդ տողում նշվում են նաև այլ չնախատեսված գումարները, որոնք այսպես կոչված՝ կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապ չունեն։ Փաստենք Նիկոլ Փաշինյանի առաջին սուտը՝ նրա նշած թիվը երեք անգամ ցածր է պաշտոնապես արձանագրված թվից։

Երկրորդը՝ մեկուկես տարում 1 մլրդ դոլարով բյուջեի եկամուտներն ավելացնելու մասին։ Խոսքը հարկային եկամուտների մասին է։ Ըստ վիճկոմի հրապարակած տվյալների, 2018 թ․-ի երկրորդ կիսամյակում 2017 թ․-ի երկրորդ կիսամյակի համեմատ 77 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ են հավաքվել։ 2019 թ․-ին էլ 2018 թ․-ից ավելի է հավաքվել 207 մլրդ դրամ։ Այսինքն, անցած մեկուկես տարում պետական բյուջեի եկամուտները մոտ 284 մլրդ դրամով են ավելացել կամ մոտ 585 մլն դոլարով։ Փաստենք, Նիկոլ Փաշինյանը երկրորդ սուտը՝ պետական բյուջեի եկամուտներն իր ասած ժամանակհատվածում ավելացել են նրա նշած 1 մլրդ դոլարից մոտ 42 տոկոսով ավելի քիչ չափով։ Ընդ որում, անգամ այս դեպքում հեղափոխական աճ չկա։ Բյուջեի եկամուտների տարեկան 100 մլրդ դրամը գերազանցող աճեր ունեցել ենք նախկինում՝ 2007, 2008, 2011, 2013 թվականներին, իսկ մի քանի տասնյակ միլիարդով աճերը 2000 թ․-ից հետո յուրաքանչյուր տարի է տեղի ունենում՝ բացառությամբ համաշխարհային տնտեսական ճգնաժամով պայմանավորված 2009 թ․-ին։

Եվս մեկ կարևոր հանգամանքը, որի մասին չի խոսվում։ Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է ինչ-որ հետ բերված միլիարդներից, վատ չէր լինի նշվեր, թե իր «սիրո և հանդուրժողականության» շնորհիվ քանի՞ միլիարդ դրամ կորցրեց մեր տնտեսությունը և պետական բյուջեն 2018 թվականին։

Բանն այն է, որ 2018 թ․ի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության աճը 10,6 տոկոս էր, իսկ տարեվերջին իջավ մինչև 5,2 տոկոս։ Տարեկան արդյունքներով մեր համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել էր 6 տրլն 2 մլրդ դրամ։ Եթե չլիներ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը», ապ 10 տոկոս տնտեսական աճի տեմպը պահպանվեր, իսկ մեր ՀՆԱ-ն էլ շուրջ 275 մլրդ դրամով ավելի կլիներ։ Միայն այդքան կորցրեց մեր տնտեսությունը, այսինքն մենք բոլորս այդ մեկ տարում։ Ինչ մնում է պետական բյուջեի եկամուտներին, ապա հաշվի առնելով հարկեր/ՀՆԱ 22 տոկոս հարաբերակցությունը, կարող ենք արձանագրել, որ 60,5 մլրդ դրամ էլ պետական բյուջեն չստացավ։ Սա է այն գինը, որ մենք բոլորս՝ «հպարտներն» ու գիտակից քաղաքացիները միասին, վճարեցինք Նիկոլ Փաշինյանին ու նրա շուրջ խմբվածներին իշխանության բերելու համար։ Թե ի՞նչ կարժենա մեզ վրա արդեն երկու տարի շարունակվող պետության քայքայումը և ինչպե՞ս դուրս կգանք դրանից, դեռ հայտնի չէ։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ