Արդեն տևական ժամանակ է, որ կիսագրագետ բառապաշարով բազմաթիվ նամակներ ենք ստանում՝ սպառնալիքներ, դժգոհություններ ու հայհոյանքներ, թե՝ «Ինչո՞ւ եք մեր Նիկոլին բան ասում», «Նիկոլը մեզ ստրկությունից փրկեց», «Ինչո՞ւ եք դեմ, որ էդ Հրայրին փոխեն, նա պիտի ա գնա», «Մեր երկրում ամեն ինչը փոխվել ա, դուք եք միայն վատը տեսնում», «Նիկոլն աշխատավարձ ա բարձրացնում, աղքատությունը ջնջվել ա», «Չեք տեսնո՞ւմ, որ Նիկոլը Հայաստանը սարքել ա բոլորիս տունը», «Ապրես Փաշինյան Նիկոլ», Հայաստանը պետք ա մաքրել սրանից ու նրանից և այլն։ Բացում-կարդում ես, մարդը Լոս-Անջելեսից է, Լիոնից է, Գորկիից է․․․ Ապրում է երկրից դուրս, ու մեզ փորձում է կառավարել, թե մեր երկրում մենք ինչպես պետք է մեզ պահենք։ Ընդ որում, այդ ասողների մեջ կան այնպիսիք, որ բավականին վերջերս են գնացել Հայաստանից։
Օրինակ, անձամբ ճանաչում եմ ընտանիքի՝ կազմված չորս հոգուց, որոնք ակտիվ պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին։ Լավ են անում, բայց․ 2018-ի Ամանորը նշում էին բոլորով միասին, Ծաղկաձորում, 2018-ի օգոստոսին ընտանիքի հայրը, որ շորերը մաշեցրել էր Հանրապետության ասֆալտին նստելով, գնաց խոպան ու մնաց էնտեղ, տանեցիները 2019-ը դիմավորեցին առանց ընտանիքի հոր։ 2020-ի Ամանորին երկու տղաներն էլ էին գնացել խոպան, ընդ որում՝ տարբեր տեղեր, ըստ երևույթին՝ որովհետև ոչ մեկի գործը լավը չէր, որ գոնե միասին աշխատեին։ Ամանորը տան տիկինը նշում էր միայնակ։ Ու ինձ նրանք դրսից նամակներ են գրում, թե ինչո՞ւ չեմ թողնում Նիկոլն աշխատի։ Ամեն անգամ ասում եմ՝ լավ տղերք ե՞ք՝ եկեք Հայաստան, այստեղ աշխատեք, աստեղից էլ գովեք իրեն։
Մարդիկ, որոնք Հայաստանի հետ կապը գրեթե կորցրել են, որոնք տարին մեկ անգամ Հայաստան չեն գալիս, որոնք վաղուց գնացել են, սկսում են գրել, մեզ քննադատել, թե «Նիկոլը երկիր ա փոխել»։ Հարցնում ես՝ բա ինչի՞ չես գալիս, պատասխանում է՝ ո՞ւր գամ։
Բանը հասել է այնտեղ, որ անգամ հեղափոխական «դուխով» երգի հեղինակ Հրագն է արտագաղթել երկրից։ ԱՄՆ: Երազանքի հեղափոխությունն անելուց ընդամենը 1 տարի հետո:
Եվ ուրեմն․
Բոլոր նրանք, ովքեր ապրում են Հայաստանից դուրս, իրավունք չունեն մեզ՝ Հայաստանում ապրողներիս ասել, խորհուրդ տալ, հորդորել, պահանջել՝ գովել կամ չգովել իշխանություններին։ Չունեն դրա համար որևէ իրավունք, առավել ևս՝ բարոյական։ Ոչ մեկն իրավունք չունի ապրելով ԱՄՆ-ում՝ ասել՝ մեզ հանրաքվե պե՞տք է, թե՝ ոչ, իշխանությունները լա՞վ են աշխատում, թե՝ վատ, նախարարների 1,5 միլիոնանոց աշխատավարձը ճի՞շտ է, թե՞ սխալ։ Բարի եղեք, եկեք Հայաստան, ապրեք այստեղ, եթե ոչ, ուրեմն որևէ մեկդ մի՛ խառնվեք այստեղ մեր տեսած-պատկերացրածին և գործերին։
Նիկոլ Փաշինյանը որևէ իրավունք չունի հրավիրել հայրենակիցներին՝ տոմս առնել ու գալ-մասնակցել հանրաքվեին։ Նա դրա իրավունքը պարզապես չունի։ Որովհետև դրսի միլիոնավոր հայրենակիցներից մի քանիսը գուցե իրոք լսեն կոչն ու գան կամ էստեղից ցուցադրական կազմակերպեն ու բերեն, գան-քվեարկեն ու ոչ մի ավելորդ րոպե չմնան այստեղ, հաջորդ իսկ չվերթով վերադառնան իրենց երկիրը, բայց այդ ամբողջի հետևանքները մենք ենք քաշելու, նրանք, որ դիմադրում են չգնալու համար։
Ես էլ կարող եմ էստեղից սիրել Նյու-Յորքի երկնաքերերը կամ չողջունել Չինաստանից ներմուծումների համար Թրամփի սահմանած մաքսատուրքերը, հարգել Պուտինի դուխով կեցվածքն ու սխալ համարել, որ Լոլիտան ամբողջ կյանքում բեմից չի իջել, բայց հիմա ընդամենը 11 հազար ռուբլի թոշակ է ստանում, բայց ես որևէ իրավունք չունեմ քննադատելու Պուտինի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը և CNN-ին, որ Թրամփին համարում է մեծագույն պոպուլիստ կամ Դե Նիրոյին, որ Թրամփին համարում է վիժվածք։ Որովհետև դա նրանց երկիրն է, ես այնտեղ չեմ ապրում և իրավունք չունեմ խառնվելու նրանց գործերին, գնահատականներ տալ այնտեղ, տեղում ապրողներին, թեկուզ նրանց, որոնք գնացել են Հայաստանից և ոչ քաղաքացու վիճակով ապրում են այնտեղ։
Եվ ուրեմն, հա՛րգելի հայրենակիցներ, կա՛մ եկեք այստեղ ու մեզ հետ հավասար, սովորականի պես ապրեք այն բոլոր խնդիրները, որ մենք ունենք կամ հեռվից մեզ դասեր մի՛ տվեք։
Հերի՛ք է բոլորդ գլխներիս Սերժթանկյան խաղաք:
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը