Գրեթե մեկ տարի առաջ, 2019 թ․-ի մարտին Նիկոլ Փաշինյանը հանդիսավորապես հայտարարեց, որ «Հայաստանը կանգնած է շինարարական «բումի» նախաշեմին»։ Ի՞նչն էր նրա համար նման հայտարարության համար հիմք հանդիսացել։ Ներկայացնելով անցած տարվա հունվար, փետրվար ամիսների շինարարության ցուցանիշները, Նիկոլ Փաշինյանը հայտնում էր, որ այդ ամիսներին գրանցվել է 20 տոկոսը գերազանցող աճ, ինչպես նաև հիպոթեկային վարկավորման ծավալների աճ։
Հիփոթեկային վարկավորման թեման առանձին քննարկման ենթակա է։ Համառոտ նշենք, որ այստեղ կտրուկ՝ 2-3 անգամ աճ սկսեց արաձանագրվել 2017թ․-ի հուլիս-օգոստոս ամիսներից։ Համապատասխան ցուցանիշներին կարելի է ծանոթանալ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի շուկայի վերլուծություններից։ Ինչ մնում է շինարարության աճին, ապա «բումի» մասին հայտարարություն անել՝ հիմնվելով միայն երկու ամիսներին ցուցանիշների վրա, սխալ է։ Այն էլ, երբ այդ ամիսները շինարարության համար ոչ սեզոնային հունվարն ու փետրվարն են, երբ այդ ամիսներին ծավալները սովորաբար փոքր են լինում։ Տարվա ընթացքում այս ոլորտում տեղի ունեցած զարգացումները փաստեցին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների սնանկ և անհիմն լինելը։
Շինարարական «բումի» մասին հայտարարությունից մեկ տարի անց՝ 2019թ․-ի արդյունքներով արձանագրում ենք, որ նման բան տեղի չի ունեցել։ Ավելին՝ անցած տարվա հունվար և փետրվարի ամիսներին «20 տոկոսը գերազսանցող աճը» տարեկան արդյունքներով դարձել է 4,6 տոկոս։ Ընդ որում, այդ ցուցանիշը կյանքի է կոչվել վիճկոմի կողմից միայն դեկտեմբեր ամսին պատկերված շինարարության ոլորտի 89 մլրդ դրամ ծավալով, որը 41 մլրդ դրամով ավելի է քան նոյեմբերին և առնվազն 3 անգամ գերազանցում է միջին ամսական ցուցանիշին։ Ակնհայտ է, որ այս ոլորտում իրականում ոչ միայն աճ չի գրանցվել, այլ՝ ակնհայտ անկում է տեղի ունեցել։ Ուստի, «օգնության է հասել» վիճակագրական կոմիտեն՝ դեկտեմբերին ոլորտի 85 տոկոս աճի ցուցանիշով։ Ուշագրավ է պատկերը ըստ շինարարության առանձին ոլորտների, որն ավելի ակնառու է դարձնում շինարարության ոլորտում տիրող անմխիթար վիճակը:
Այսպես․
1․2019 թ․-ին կառուցվել է 234 հազար քմ տարածքով բնակելի շենքեր՝ 2018 թ․-ի 268 հազար քմ դիմաց։ Անկումը կազմել է 12,7 տոկոս։ Այն ավելի մեծ կլիներ, եթե բնակչության միջոցներով իրականցվող բնակելի շինությունների շինարարությունը 8,6 տոկոսով աճած չլիներ։
2․ 2019 թ․-ին կառուցվել է 425 տեղով նախադպրոցական ուսումնական հաստատություններ (մանկապարտեզներ)՝ 2018 թ․-ի 1411 տեղի դիմաց։ Անկումը՝ 69,9 տոկոս։
3․ 2019 թ․-ին հանրակրթական ուսումնական հաստատություններ՝ դպրոցներ, ընդհանրապես չեն կառուցվել՝ 2018 թ․-ի 1364 տեղով դպրոցների դիմաց։
4․ 2019 թ․-ին կառուցվել են 133 մահճակալ/հերթափոխով հիվանդանոցներ, առաջնային բժշկական օգնության հաստատություններ և առողջության առաջնային պահպանման կենտրոններ՝ 2018 թ․-ին կառուցված 244-ի փոխարեն։
Նիկոլ Փաշինյանը հաճախ է սիրում բերել ճանապարհաշինության ոլորտի ցուցանիշները։ Այժմ, երբ հրապարակվել է 2019 թ․-ի ամփոփ տվյալները, կարող ենք նշել, թե ինչպես է արտահայտվել դա։ Այսպիսով, 2019 թ․-ին Հայաստանում կատարվել է 63 մլրդ դրամի ճանապարհաշինություն, որը նախորդ տարվանից ավելի է ․․․ 0,7 տոկոսով։ Ի՞նչ խոսք «տպավորիչ» «բում» է։ Այն, որ ճանապարհաշինության շատ ավելի մեծ ծավալներ ենք ունեցել (դոլարային արտահայտությամբ) նախկինում, անդրադարձել ենք մեր կողմից կազմված ինֆոգրաֆիկայում:
Թերևս այսքանը բավական է կոնկրետ վերցրած մեկ ոլորտում՝ շինարարության մեջ տեղի ունեցող «տնտեսական հեղափոխության» իրական պատկերն իմանալու համար։ Եվ դա այն պարագայում, երբ վիճակագրական կոմիտեն ջանք ու եռանդ չի խնայում վարչապետական «աննախադեպ» հրահանգին համապատասխան թվեր ցույց տալու համար։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը