07 02 2020

Նիկոլ Փաշինյանն արտաքին պարտքն ավելացրել է 295 մլն դոլարով

Նիկոլ Փաշինյանն արտաքին պարտքն ավելացրել է 295 մլն դոլարով

«2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: 2019-ի հունիսի դրությամբ վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով»: Սա ասել է Նիկոլ Փաշինյանը 2019 թ․-ի սեպտեմբերին՝ ներկայացնելով անցած տարվա կիսամյակի մասին իր այսպես կոչված «100 փաստը»։ Ուշագրավ է սակայն, որ 2019 թ․-ի արդեն տարեկան արդյունքների մասին խոսելով, նա հերթական «100 փաստ»-ում արտաքին պարտքի մասին ոչինչ չասաց։

Եթե հաշվի առնենք, որ արտաքին պարտքի թեման նախորդ իշխանությունների դեմ Նիկոլ Փաշինյանը կողմից օգտագործվող շահարկման առանցքային թեմաներից էր, ապա «թավշյա» վարչապետի խորհրդավոր լռությունն այդ մասին, առնվազն հարցեր է առաջացնում։ Իհարկե, նրա «դուխով» հետևորդներն առանձնապես չեն հետաքրքրվում՝ հիմա արտաքին պարտքն ավելանում է, թե՞ նվազում և, մեծ հաշվով, դժվար է նրանցից մտածելու և դատողություններ անելու ունակություններ ակնկալել։ Սակայն գիտակից քաղաքացիները հաստատ ցանկանում են տեղյակ լինել, թե ի՞նչ է կատարվում արտաքին պարտքի հետ արդեն «նոր Հայաստանում»։

Այսպիսով, ՀՀ արտաքին պարտքը 2019 թ․-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 5 մլրդ 789 մլն դոլար։ Ուղիղ մեկ տարի առաջ այն 5 մլրդ 536 մլն դոլար էր։ Այսինքն, մեկ տարվա ընթացքում ունենք արտաքին պարտքի աճ 253 մլն դոլարով։ Ընդ որում, միայն վերջին մեկ ամսվա ընթացքում աճը եղել է 163 մլն դոլար։ Փաստորեն, արձանագրենք, որ արտաքին պարտքը ոչ միայն նվազման միտում չունի, ինչ մասին մի քանի ամիս առաջ ասում էր Նիկոլ Փաշինյանը, այլ ունի անշեղորեն աճելու միտում։ Սա մեկ տարվա ընթացքում ՀՀ արտաքին պարտքի փոփոխության մասին։ Իսկ ինչպե՞ս է այն փոխվել սկսած 2018 թ․-ի մայիսից, երբ իշխանությունն անցավ «քայլողներին»։

2018 թ․-ի մայիսի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը 5 մլրդ 494 մլն դոլար էր։ Եթե անցած տարվա վերջին արձանագրված 5 մլրդ 789 մլն դոլարից հանենք այս թիվը կստացվի, որ Նիկոլ Փաշինյանի մեկ տարի և յոթ ամսվա իշխանության օրոք արտաքին պարտքն ավելացել է 295 մլն դոլարով։ Միաժամանակ, կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը երբեք այնքան բարձր չի եղել, որքան հիմա։ Մի քանի վարկային ծրագրերով գումարներ դեռ կստացվեն այս տարվա առաջին ամիսներին, ինչը նշանակում է, որ արտաքին պարտքը շարունակելու է աճել։

Պատկերն ավելի վատթար է ՀՀ պետական պարտքի դեպքում, որի մեջ ընգրկվում են արտաքին և ներքին պարտքի ցուցանիշները միաժամանակ։ Համառոտ պարզաբանենք, որ ներքին պարտքը դա պետության կողմից արժեթղթերի թողարկումն ու բնակչության կողմից այն ձեռք բերելն է՝ համապատասխան եկամտաբերությամբ։ Ավելի մատչելի՝ այն նման է ավանդ ներդնելուն, բայց այս դեպքում պետությունն է ձեռք բերում այդ գումարը և վերադարձնում որոշակի տոկոսներով։

Այսպիսով, եթե դարձյալ նույն 2018 թ․-ի մայիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը 6 մլրդ 754 մլն դոլար էր, ապա 2019 թ․-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ այն արդեն հատել էր 7 մլրդ դոլարի սահմանը և կազմել 7 մլրդ 324 մլն դոլար։ Այլ խոսքերով՝ ՀՀ պետական պարտքը Նիկոլ Փաշինյանի կառավարության ժամանակ ավելացել է 570 մլն դոլարով։ Եվս մեկ՝ իսկապես աննախադեպ ցուցանիշ ի վնաս գործող իշխանության։

Արտաքին պարտքի ավելացումը որպես «երկիրը թալանել», «կոռումպացված» լինել ներկայացնող Նիկոլ Փաշինյանը, դատելով նրա տրամաբանությունից, հիմա ինքն է դրանով զբաղված։ Եթե նկատի ունենանք, որ ներկայումս վարկերը վերցնում են գերազանապես բյուջեի ֆինանսավորման, այլ ոչ թե ենթակառուցվածքներ ստեղծելու համար, ապա ակնհայտ է, որ դա ծանրացնելու է պարտքային բեռը բնակչության վրա առանց որևէ արդյունք տալու։ Զարմանալի է նաև, որ անընդհատ խոսելով պետական բյուջեի եկամուտների գերակատարման մասին, բյուջեի ֆինանսավորման համար նորանոր պարտքեր են վերցնում։ Թեև դատելով պետական բյուջեի հաշվին Նիկոլ Փաշինյանի, նրա ընտանիքի շռայլ ծախսերից, պատգամավոր-կառավարություն-բարձրաստիճան պաշտոնյաներ տասնյակ միլիարդավոր դրամների հասնող, երբեմն ամսական երկու-երեք անգամ տրվող պարգևավճարներից, կարելի է եզրակացնել, թե ո՞ւր են ուղղվում բյուջեի ֆինանսավորման համար ձեռք բերվող գումարները և ովքե՞ր են իրականում զինվորի հացը գողացողները։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ