Պետական բյուջեն կոպեկ առ կոպեկ ծառայելու է ժողովրդին։ Ոչ մի լումա, ոչ մի դրամ ավելորդ չի ծախսվելու։ Ոչ մի շռայլություն թույլ չենք տալու։ Դրամ առ դրամ հաշվետու ենք լինելու ժողովրդին։ Կոռուպցիան Հայաստանում իսպառ վերացել է։ Սրանք վարչապետի խոսքերն են, որոնք արտասանում է հաճախ։
Հայաստանում երբ ինչ-որ հիմնարկ է փակվում, լուծարվում, պաշտոնական հիմնավորումը պետբյուջեի ծախսերի խնայումն է։ Ու այդպես տարեսկզբին փակվեց Մարալիկի ծննդատունը, որտեղ նվազագույն չափանիշ՝ 150 ծնունդի փոխարեն 100-120 ծնունդ էր ընդունվում։ Կառավարությունը դրա արդյունքում կխնայի 18 մլն դրամ։ Փակվեցին մի քանի այլ ծննդատներ, որոնք ավելի փոքր էին։ Փակվեցին երկու-երեք դպրոցներ, և աշակերտներին խորհուրդ տրվեց հարևան գյուղերի դպրոցները գնալ։ Այդ բոլորը՝ պետբյուջեի միջոցները խնայելու համար։
Վատ վիճակում գտնվող դպրոցներից մեկի՝ Դրախտիկ գյուղի դպրոցի 150 սաները ձմեռը դիմավորեցին առանց պատուհանի, ցուրտ դասասենյակներում։ ԿԳՄՍ նախարարը մեկնաբանեց, որ շատ դպրոցներ են այդպես, դա է պատկերը, ու վերանորոգման գումար չկա։
Բայց մենք կողքի հետ ունենք ոչ փոքր ավելորդ ծախսերի մի ամբողջ շարք, որոնց ուշադրություն այդպես էլ չենք դարձնում։
Շարքի ներկայացուցիչներից մեկը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է։
Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր է ընտրվել 2019 թվականի հունիսի 20-ին։ Այդ օրվանից ի վեր երբևէ մասնակցություն չի ունեցել ՍԴ նիստերին, քննարկումներին։ Սահմանադրական դատարանը պարբերաբար նիստեր է գումարում, որոշումներ է ընդունում, դատավորներից յուրաքանչյուրն ունի հասցեագրված գործեր։ Իսկ ի՞նչ է անում Վահե Գրիգորյանը։ Պարզապես ոչինչ։
Բայց ոչինչ չանելով հանդերձ, նա օգտվում է բոլոր այն իրավունքներից, որոնցով օժտված է ՍԴ դատավորը։ Վահե Գրիգորյանը 2019 թվականին ըստ աղբյուրի ստացել է 10 միլիոն դրամից ավելի գումար` աշխատավարձի ու պարգևատրումների տեսքով, օգտվում է ծառայողական մեքենայից, առանձնասենյակից և այլն։ Ոչինչ չանելու համար պետբյուջեից այդքան գումար ստանալը, ճի՞շտ է, արդա՞ր է․ որովհետև ձեր ընկերն է, կոռուպցիա չէ, չէ՞։ «Սուրճ խմելով են զբաղված» հիմնավորմամբ լուծարվեցին նախարարություններ և հազարավոր աշխատողներ մնացին անգործ, որովհետև ձեր ընկերները չէի՞ն։ Պարզվում է, որ այս մեկ չաշխատող դատավորի աշխատավարձով, կարելի էր Մարալիկի ծննդատունը չփակել։
Եվ ուրեմն ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կրճատում հազարավորներին ու տասնյակ կառույցներ, բայց պահում այս 1-ին, մյուսին, էն մյուսին։ Ընդ որում, այդ մեկին պահելով՝ Նիկոլ Փաշինյանը խաբում է ժողովրդին։ Ինչո՞ւ։ Որովհետև այլ դեպքերում (արդարացի, թե ոչ, այլ հարց է) վարչապետը բոցաշունչ լայվ կմտներ, ելույթներ կունենար, միգուցե իրավապահներին ցուցումներ կտար՝ զբաղվել դրանով, բայց այս մեկից, պարզվում է, տեղյակ էլ չէ։
Հիշում ենքъ նա հայտարարում էր, որ ամեն կոպեկը պետք է ճշգրտությամբ տնօրինի, որ իշխանությունը գնալու է ամեն մի լումայի հետևից։ Իսկ երբ լրագրողը հարց է տալիս Վահե Գրիգորյանի չաշխատելու մասին, Փաշինյանը պատասխանում է․ «Ես առաջին անգամ եմ լսում, ճիշտն ասած, այդպիսի բան, և կհետաքրքրվեմ ավելի մանրամասն»:
Մեզ չի կարող չմտահոգել մեր՝ հարկատուներիս միջոցներով ձևավորված պետական բյուջեի մսխումը, ուստի դիմում ենք ոչ միայն վարչապետին այլ նաև Սահմանադրական դատարանին։ Տարակուսանքի տեղիք է տալիս այդ կառույցի՝ իր շարքերից ձրիակերներին մաքրելու հարցում անգործությունը։
Պահանջում ենք, որ Հրայր Թովմասյանը խնայի հարկատուներիս միջոցները և լուծի ՍԴ անդամի անգործության հարցը։ Կարծում ենք, որ այսօր հանրային պահանջը Սահմանադրական դատարանից անխափան աշխատանքն է, և համարում ենք, որ եթե մի դատավոր որևէ կերպ չի մասնակցում աշխատանքների և ստանում է աշխատավարձ, դա կարող է մյուս դատավորների համար վատ օրինակ հանդիսանալ։ Եվ այդ դեպքում իրոք ճգնաժամ տեղի կունենա։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը