05 02 2020

2019-ին Հայաստանից արտագաղթողների թիվն աճել է․ Թվեր

2019-ին Հայաստանից արտագաղթողների թիվն աճել է․ Թվեր

Շատերն են հիշում նախորդ տարվա նոյեմբերին Նիկոլ Փաշինյանի ցնցող հայտարարությունը Փարիզում, թե ներգաղթը դեպի Հայաստան գերազանցել է արտագաղթին, որ արտագաղթը 90 տոկոսով նվազել է։ Այն, որ այդ հայտարարություններում ասվածը բացահայտ սուտ էր, ենթադրելի էր դեռ այդ ժամանակ։ Սակայն քանի որ չկային հրապարակված տվյալներ, անհնար էր փաստարկված պատասխանել դրան։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը մշտապես օգտվում է այդ հնարքից՝ խոսում է տվյալներից, որոնք հրապարակված չեն, դրանով  կերակրում իր «հպարտներին» և զրկում ընդդիմախոսներին այդ պահին պատասխանելու հնարավորությունից։

Փարիզյան հայտարարության սուտ լինելը ավելի ակնհայտ դարձավ «թավշյա» վարչապետի հունվարյան մամուլի ասուլիսից։ Նրա ներկայացրած «100 փաստում» ոչ մի խոսք չկար արտագաղթին գերազանցող ներգաղթի կամ արտագաղթի 90 տոկոսով նվազման մասին։ Փոխարենը՝ կար վերջին երեք տարիներին Հայաստան ժամանողների թվերի վերաբերյալ անիմաստ 19-րդ «փաստը», որտեղ չէր նշվում, թե այդ ժամանողներից որքա՞նն էին ՀՀ քաղաքացիները և որքա՞ն է կազմել ժամանողների և մեկնողների տարբերությունը։  Պատճառն այն է, որ Հայաստանից դուրս եկող ՀՀ քաղաքացիների թիվը շարունակում է գերազանցել Հայաստան եկողների թվին և որ 2019 թ․-ին այդ տարբերությունը խորացել է՝ «հեղափոխական» 2018 թ․-ի համեմատ։ Այլ խոսքերով, «սիրո և հանդուրժողականության հեղափոխությունից» հետո անցած մեկ տարում Հայաստանից արտագաղթողների թիվն աճել է։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարելը կնշանակեր, խոստովանել, որ մարդիկ հիասթափված և դժգոհ են ներկա իշխանությունից։

Այժմ վիճկոմի հրապարակած՝ 2019 թ․-ի հունվար-դեկտեմբերին ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի սահմանային գրանցումների տվյալների մասին։

Պարզվում է, որ անցած տարի Հայաստան է մուտք գործել մոտ 2 մլն 392 հազար ՀՀ քաղաքացի, իսկ դուրս եկել՝ մոտ 2 մլն 399 հազար ՀՀ քաղաքացի։ Այսինքն, Հայաստանից մեկնել է կոնկրետ 6529-ով ավելի քաղաքացի, քան եկել է։

Ինչպիսի՞ն էր այս ցուցանիշը 2018 թ․-ին։ Նախանցած տարի Հայաստան է մուտք գործել մոտ 2 մլն 146 հազար ՀՀ քաղաքացի, իսկ դուրս եկել՝ մոտ 2 մլն 151 հազար ՀՀ քաղաքացի։ Այսինքն, Հայաստանից մեկնել էր կոնկրետ 4585-ով ավելի քաղաքացի, քան եկել է։

Ինչպես տեսնում ենք մեկնողների և ժամանողների տարբերությունը հօգուտ մեկնողների խորացել է՝ 4585-ից դառնալով 6529։ Սա հենց արտագաղթի մեծացման ցուցանիշն է։ Ինչպես տեսնում ենք, հակառակ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ոչ միայն ներգաղթը չի սկսել գերազանցել արտագաղթին, ոչ միայն արտագաղթի ծավալները չեն նվազել, այլ ավելացել են վերջին մեկ տարվա ընթացքում։

Մնում է միայն սպասել, թե ի՞նչ կասի այս մասին Նիկոլ Փաշինյանը իր հերթական գրառմամբ և ինչպես մի քանի հազար մտածելու ունակությունից զուրկ և հիշողություն չունեցողներ կհավանեն այդ գրածը՝ վաղուց արդեն մոռացած լինելով նրա նախորդ հայտարարություններն ու գրառումներն այս թեմայով։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ