Ընդամենը մի հասարակ, «քոսոտ» գրիչը ցույց տվեց, թե որքան ղզիկ է ՀՀ բարձրագույն իշխանական համակարգը, ինչպես կարելի է ընկերոջը, թիմին, թիմի ընկերներին «փուռը տալ»՝ բառերին տեր կանգնելու սովորություն չունենալու համար։ Բամբասկոտ, բերանբաց և «բեզատչյոտնիկ»․ այսպես կարելի է բնորոշել այսօրվա իշխանությանը։
Ի՞նչ է եղել, ըստ ամենայնի։
Նիկոլ Փաշինյանը ջղաձգման մեջ է ընկել (ըստ ռուսական մամուլի՝ անգամ հոգեթերապևտի է այցելել), որ ի հեճուկս ճնշումների՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը իրեն տղամարդավարի է պահում, ամեն խուզարկությունից, ԱԺ օրենքից, հրատապ որոշումից հետո փոխանակ թևաթափ լինելուն, ավելի է ամրանում (ի դեպ, շատերն էին զարմացել) և որոշեց գնալ այն ոճով, ինչն ամենից շատ էին իրենից սպասում՝ մանիպուլյացիա։ Մենք մտածում էինք, որ Նիկոլ Փաշինյանն ինքը մեծահոգություն հանդես կբերի և կասի՝ ոչինչ, դատի տուր, Հրա՛յր, չեմ խաղա մեր պետական ինստիտուտների հեղինակության հետ։ Բայց երևաց, որ անգամ այսքանից հետո մենք ավելի լուրջ պատկերացում ունեինք նրա մասին, քան իրականում կա։ Կան նման «կնանիք», որ մեկ-մեկ ասում են՝ «Ես մինչև վերջին բառը չասեմ, չեմ հանգստանա, չեմ կարում մեջս պահեմ»։ Այ էդպես էլ մինչև վերջին բառն ասաց ու ցավոք՝ խայտառակ եղավ։ Ընդ որում, խայտառակության առիթները քիչ չէին, պարզվեց, որ նաև տարբեր տարիներից պատմությունների պատառիկներ է հիշում Փաշինյանը՝ կապված Հրայր Թովմասյանի հետ, զրույցներ, որոնք ներկայացնում է որպես ընդամենը օրեր առաջ կատարված դեպք։ Օրինակ՝ Իջևանի փեսա լինելու թեզը։ Այս պատմություններից հետո, կարծում եմ, կորցրեց էլի մի քանի հազար համակիր-աջակից։ Մարդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանի ամեն մի ոգևորիչ ելույթից հետո զանգում-ասում էին տղեն, ղեկավարն էսպիսին պետք ա լինի, գրիչի մասին նովելից հետո ասում էին՝ «Արա էս ո՞վ էր, էս ի՞նչ արեց»։
Գրչի պատմությունը, բնականաբար, չաշխատեց, էն խեղճ ատելության քարոզիչին մեջտեղ բերեցին, որն իր անվան գնով, հանրության մեջ շրջելու ազատության գնով փորձեց փոքր-ինչ շեղել ուշադրությունը։ Դա էլ կարճ ժամանակ աշխատեց, ավագանու անդամությունից հեռացրին, պրծան։ Հետո քանի որ գործին խառնվել էր Վանեցյանը, Նիկոլ Փաշինյանը փորձեց անմիջապես թեման շեղելու համար հրապարակ բերել ԱԺ փոխնախագահին ու արդեն թեմայի ծանրությունը փոխանցեց նրան, թե բա՝ քո ընկերն ա, ամենալավը դու կարաս փչացնես։ Սա էլ հապշտապ վազեց եթեր ու ըստ էության, թեմայի ծանր քարը գցեց ոտքին։
Ինձ անկեղծորեն հետաքրքրում է՝ այսուհետև ո՞վ պետք է և ո՞վ կարող է գաղտնիք վստահել, ասենք, Ալեն Սիմոնյանին, ո՞վ կարող է կիսվել հետը, եթե գիտի, որ իր ասած ամեն խոսքը կարող է եթերից հնչել, անկախ նրանից՝ իր ասածը ճի՞շտ էր, թե՝ ոչ։ Եթե անգամ թիմի ներսում մեկը դժգոհ է, էլ կարո՞ղ է նրա մոտ սիրտը բացել։ Բայց նաև արդյո՞ք Սիմոնյանն ինքը կարող է վստահ լինել, որ իր ասած որևէ խոսք միայն այդ մեկի և իր սեփականությունն է։ Ու ոչ միայն նա, թիմում մեկը մյուսին ո՞նց կարող է վստահել, եթե ըստ քաղաքական նպատակահարմարության, բերանբացությունն այլևս քաղաքական պայքարի ընդունելի ձև է դարձել իրենց ներսում։
Ինչ-որ բան նվիրելը կոնտակտ է, շփման եզր, բայց եթե դուք էդ կոնտակտը հասկանում եք որպես մարդուն առնել, էլ ո՞վ կուզենա Փաշինյան Նիկոլին մի հատ օրինակ՝ գիրք նվիրել։ Իմ կարծիքով, գրիչ և գիրք նվիրելը որևէ կերպ չէր կարելի որպես կաշառք կամ քծնանք ընկալել։ Ավելին, այսուհետ եթե ուզենան նվիրել, ուրեմն դա կլինի հստակ համոզումով, որ ընկալվել է որպես քծնանք։
Ինձ անկեղծորեն հետաքրքրում է՝ Նիկոլ Փաշինյանը ու ևս մեկ-երկու հոգի, ունե՞ն ընկերներ կամ եթե ունեն, այսքանից հետո կարո՞ղ են պահպանել այդ ընկերությունը։ Արդյո՞ք այդ ընկերը վստահ չէ, որ ամեն վայրկյան իրեն կարող են «փուռը տալ»։ Սրանք հասել են էնտեղ, որ բոլորի հետ ունենալու են այսուհետ զուտ պաշտոնական հարաբերություններ, խոսելու են պաշտոնական բաներից՝ ոչ մի դեպքում չօգտագործելով այդքան մեր սիրած «ջան» բառը։ Հանուն մի որոշ ժամանակ էլ իշխանությունը երկարաձգելու, կարելի՞ էր էսքան իջնել և իջեցնել։
Լավ, ղզիկությունը ինչպե՞ս կարելի է բերել-դարձնել քաղաքական կատեգորիա։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը