23 01 2020

Ո՞ր ժողովրդի անունից է խոսում Փաշինյանի թիմը, եթե ժողովուրդը բողոքի ցույցեր է անում

Ո՞ր ժողովրդի անունից է խոսում Փաշինյանի թիմը, եթե ժողովուրդը բողոքի ցույցեր է անում

Կառավարությունում, խորհրդարանում, ամենուր իշխանությունը խոսում է ժողովրդի անունից, ու այդ ժողովրդի անունից խոսելու ընթացքում այնքան գոռոզացան, որ այժմ հենց իրենց են համարում այդ ժողովուրդը։ Հայաստանում կատարվող ամեն բան՝ բյուջեի վատնումները, կասկածելի արդարադատությամբ ուղեկցվող դատական գործընթացները, աղմկահարույց որոշումների կայացումները ներկայացնում են որպես ժողովրդի ստացած քվեով թույլտվություն։ Բայց վերջին առնվազն մեկ տարվա ընթացքում արդեն անհասկանալի է՝ ո՞ւմ է ներկայացնում կառավարությունը, և արդյո՞ք այսօր ժողովուրդն դեռ արտոնում է իր անունից խոսել։

Հայաստանի գրեթե բոլոր մարզերում բողոքի ակցիա են անում անասնապահները, մսավաճառները։ Հայաստանում կան 168 560 գյուղացիական տնտեսություններ, որոնք ունեն 572 հազար գլուխ անասուն՝ կով, ոչխար, այծ, խոզ։ Նրանց ճնշող մեծամասնությունը բողոքում է։Կառավարության ղեկավարը նրանց խնդիրը լուծելու փոխարեն վերջնագիր ներկայացրեց։

Հայաստանում 2019-ին ԱՊՊԱ ուներ 602 հազար ավտոմեքենա։ Նրանց տերերի մեծամասնությունը բողոքում է բալային համակարգի դեմ։

Հայաստանում բողոքի ակցիա էին անում գրավատների աշխատողները՝ հարկային բեռն ավելացնելու պատճառով։ Ակցիան ընդգրկում էր շուրջ 1300 հոգու և իրենց ընտանիքները։ Նրանց խնդիրը կառավարությունը լուծեց ընդամենը մասնակիորեն։ Նրանք դժգոհ են ցայժմ։

Երևանի նորընտիր քաղաքապետը խոստացավ լուծել 7 խնդիր՝ աղբի, տրանսպորտի, վերելակների, խաղահրապարակների և այլն։ Աղբի խնդիրը իրենք սարքեցին, հետո հերոսաբար լուծեցին, բայց մյուս խնդիրները, նախկինից մնացած խնդիրները լուծված չէն։ Ամենօրյա ռեժիմով լսում ենք բողոքի ձայներ։ Երևանում ապրում է 1 մլն մարդ, ու շատեը բողոքում են այս ու այլ խնդիրներից և հիմնականում մեղադրում դիլետանտ ղեկավարներին։

Տավուշի մարզի բնակիչները բողոքում են, որ իշխանությունը թույլ չի տալիս փայտ կտրել ու ապրուստ հոգալ։ Նրանց բախումը ոստիկանության հետ, կեսգիշերին բնակարաններն ներխուժելն ու ծեծելով բաժանմունքներ քարշ տալը չենք մոռացել։

Բազմաթիվ է մարդկանց թիվը, որոնք բողոքում են Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման դեմ։ Անցկացված զանազան հարցումների արդյունքում պարզվեց, որ երկրի բնակչության մեծամասնությունը դեմ է այդ կոնվենցիային և մեղադրում է իշխանությանը՝ այն վավերացնելու փորձի համար։

Բանակում, սահմանին, պատերազմում տարբեր տարիներին զոհվածների հարազատները բողոքում են և պահանջում աջակցություն՝ մարտի 1-ի զոհերի հարազատներին տված աջակցության չափով, այն է՝ զոհվածներին 30, վիրավորներին՝ 15 մլն դրամ։ Խոսքը 6400 ընտանիքների մասին է։

Հայաստանում բողոքի ակցիա են անում ավտոներկրողները, ԿԳՄՍ նախարարի որոշումից դժգոհները, ծննդատների փակումից բողոքողները։

Եթե այս ամենը գումարենք իրար, ստացվում է, որ կառավարությունից դժգոհ է գրեթե ամբողջ ժողովուրդը՝ պետական ոլորտի ծառայողները դուրս հանած, որովհետև նրանք գոնե հրապարակային չեն բողոքում, չնայած որ ակնհայտ դժգոհ են։

Իհարկե, այս թվերը պարզապես գումարել իրար և ասել, որ 2 միլիոն մարդ դժգոհ է կառավարությունից, սխալ է։ Կան մարդիկ, որ և՛ անասուն ունեն ու բողոքում են սպանդանոցից, և՛ մեքենա ունեն ու բողոքում են բալային համակարգից, և՛ փայտահատ են ու բողոքում են վառելափայտի սահմանափակման դեմ, և՛ հայրենասեր են ու բողոքում են Ստամբուլյան կոնվենցիայից։ Այսինքն, ստացվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի կամ ամեն ընտանիքում գոնե մեկ հոգի 3-5 առիթ ունի իշխանությանը հիմնավորապես քննադատելու համար։

Այդ դեպքում անհասկանալի է, թե որ ժողովրդի անունից է խոսում Նիկոլ Փաշինյանի թիմը։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ