17 01 2020

Բա էլ ո՞ւմ կամ ինչի՞ են պետք այդ ավելացած եկամուտները, եթե ժողովրդի համար չեն

Բա էլ ո՞ւմ կամ ինչի՞ են պետք այդ ավելացած եկամուտները, եթե ժողովրդի համար չեն

Տարին, ինչ խոսք, գերակտիվ է մեկնարկել: Է՛լ բալային համակարգ՝ վարորդների դեմ անկարգ, է՛լ «ընտանեկան կապալով» հակաքարոզչական հարձակում հատուկ ծառայության նախկին ղեկավարի վրա, որ թավշյա ու «պուպուշ» էր, քանի դեռ իշխող ընտանիքի կապրիզներն էր կատարում, է՛լ... որն ասես, էլ ո՛րը:

Բայց ամենից աչք ծակողը համայնքային ծննդատների դեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի սկսած արշավն է: Չնայած, այստեղ խորքային մի շարք հարցեր կան, նաև դրսևորումներ, որոնք որոշակի ենթադրությունների բավարար առիթ են տալիս:

Միանգամից ընդգծենք, որ խնդիրը բազմաշերտ է, ունի ժողովրդագրական, սոցիալական, քաղաքական, պետկառավարման և բարոյահոգեբանական բաղադրիչներ կամ շերտեր: Մի ամբողջ շարք համայնքների, կոնկրետ՝ Մարալիկի, Աչաջրի, Արտենիի, Արծվաբերդի, Եղվարդի, Ծաղկահովիտի, Քաջարանի ծննդատները փակելու վերաբերյալ գերատեսչական որոշումը նախարար Արսեն Թորոսյանը հիմնավորում է հետևյալ փաստարկներով. Նշված ծննդատներում տարեկան 150-ից պակաս ծնունդ են ընդունում, նշված բաժանմունքները անբավարար են կահավորված՝ արդի պահանջներին համապատասխան ինչպես պլանային, այնպես էլ, մանավանդ՝ անհետաձգելի ծննդօգնություն ցուցաբերելու համար:

Դա խախուտ և որևէ քննադատության չդիմացող դիրքորոշում է:

Այստեղ հարցերի մի ամբողջ փունջ է ծագում: Փնջից մի քանի «ծաղիկ» քաղենք:

Նախ, նշված համայնքների մի մասի ժողովրդագրական առկա տվյալներն այնպիսին են, որ տարեկան 150 ծնունդ ընդունելու շեմին հազիվ կարող են մոտենալ: Երկրորդ. եթե նշված համայնքների բուժհաստատությունների մանկաբարձական բաժանմունքները թերի կամ վատ են կահավորված, ապա պետության և լիազոր մարմիների (առողջապահության և տարածքային կառավարման նախարարություններ) առաջնահերթ պարտավորությունն է լուծել այդ խնդիրը, այլ ոչ թե այն պատրված դարձնել՝ ծննդատուն փակելու համար: Հատկապես մի իշխանության դեպքում, որի վերին բազկաթոռին հայտնված վարչապետ Փաշինյանը սիրում է գլուխ գովել բազմամիլիարդանոց սուբվենցիոն ծրագրերով, բյուջեի հարկային մուտքերի աճով, գլուխ է տանում ՀԴՄ կտրոնի թեմայով և այլն: Բա էլ ո՞ւմ կամ ինչի՞ են պետք այդ ավելացած եկամուտները, ո՞ւմ կամ ինչին են պետք ՀԴՄ կտրոնները, եթե նույն այդ իշխանությունը չի ցանկանում գումար ծախսել հիշատակված համայնքների ծննդատների համար պահանջվող ծախսերը հոգալու, դրանք որակյալ մասնագետներով ու անհրաժեշտ բուժտեխնիկայով ապահովելու համար: Բա էլ ինչո՞ւ է կատարվել իշխանափոխությունը, որին նույն այդ ծննդատների անձնակազմերի մեծամասնությունը, անկասկած, մասնակցել է կամ առնվազն ահագին ուրախացած է եղել այդ ժամանակ:

Ի դեպ, իշխանության կամ պետական քաղաքականության մասին: Առհասարակ: Գործող թավշապետերն իրենց հաշիվ գոնե տալի՞ս են, թե այդ ինչպե՞ս է, որ նշված համայնքներում գործող ծննդատներ կան: Դե, խորհրդային տարիների ու ԽՍՀՄ քաղաքականության մասին չասեմ: «Ցուրտ ու մութ» կազմաքանդման տարիներից հետո, պետք է սա հիշեցնել, գյուղերում, համեմատաբար խոշոր համայնքներում առնվազն ամբուլատորիաներ ունենալու, դրանք կահավորելու, մասնագետներով ապահովելու ծրագրեր սկսեցին իրականացվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին՝ հանրության ակնկալիքներին ընդառաջ:

Քաղաքական խնդիրը բուժ ծառայությունները, առնվազն առաջնային բուժօգնությունը երկրի բնակչությանը տարածքային առումով առավել հասանելի դարձնելն էր: Դա վերաբերում է նաև ու հատկապես ծննդօգնությանը:

Իսկ հիմա, «ժողովրդի ծոցից» ելած, «ժողովրդական» իշխանությունը, ստացվում է, որ ասում է, թե՝ չէ՛, կգնաք մարզկենտրոնում կամ՝ կգաք, մայրաքաղաքում կծննդաբերեք: Խորքում սա հակաժողովրդական քայլ է: Ի լրումն, նշված համայնքներում ծննդատները փակելը կարող է խիստ բացասական ազդեցություն թողնել տեղի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա. Ստացվում է, որ այնքան հետամնաց վայրում են մարդիկ բնակվում, որ ծննդատուն էլ չունեն: Գործող իշխանության դեպքում առավել ևս անտրամաբանական է դիտվում, քանզի հարց է ծագում, թե էլ ի՞նչ խորքային արժեք ունի բազմազավակության ֆինանսական խթանման, տրամադրվող գումարի չափն ավելացնել, համայնքային ծննդատները զարգացնելու փոխարեն... փակել:

Ու քիչ հավատալի է նաև, որ նման բազմաշերտ հարցը միայն մեկ գերատեսչության ներսում քննարկված լինի, առանց վերադասին, այս դեպքում՝ Փաշինյանին գոնե տեղյակ պահելու: Եթե առանց վարչապետի գիտության է առողջապահության նախարարությունը նման որոշում կայացրել ու փորձում իրագործել, ապա շատ ավելի վատ: Նշանակում է, որ պետական կառավարման մակարդակը Հայաստանում 0-ից ցածր նիշի է հասել:

Իշխանության տարբեր օղակների՝ մեկը մյուսից անտեղյակ լինելու ենթադրության օգտին ինչ-որ տեղ խոսում է այն հանգամանքը, որ, օրինակ, Կոտայքի և Տավուշի մարզպետները թեթևի մեջ ընդվզեցին առողջապահության նախարարի դեմ: Հնարավոր է, իսկապես էլ չգիտեին, բայց ավելի հավանական է թվում այն, որ մարզպետները, որոնք գոնե առնչվում են տեղի բնակչությանն ու ինչպես սիրում են ասել՝ ժողովրդին, տեսնելով մարդկանց բուռն դժգոհությունը, արագ կողմնորոշվեցին ու անցան բողոքավորների կողմը: Կառավարությունն էլ, տվյալ դեպքում՝ վարչապետը, տարածքային կառավարման նախարարը, կաբինետի մյուս «թավշապետ» ներկայացուցիչները, տեսան, որ քննադատության սլաքներն ավտոմատ կերպով առողջապահության նախարարի վրա են ուղղված, «նրբանկատորեն« մի կողմ են քաշվել, երևի այն բանի համար, որ հետո Փաշինյանը գա, ու «արդարություն հաստատի», ցուցադրական ակցիա անի՝ «վարչապետ լավն է, նախարարներն են վատը» արդեն ծեծված սցենարով:

Դա դեռ մոլորյալների վրա ազդում է:

Մարալիկի, Եղվարդի, Աչաջրի, Արտենիի, Արծվաբերդի, Ծաղկահովիտի, Քաջարանի ծննդատների հետագո ճակատագրի հարցը, հնարավոր է, ի վերջո լուծվի, այսինքն՝ արհեստականորեն օրակարգ բերված այս հարցը հանվի՝ իշխանությանը պարգևելով էժանագին դիվիդենտներ: Բայց սեփական ընկալմամբ ու տրամաբանությամբ առաջնորդվող հայրենակիցների համար սա պետք է որ շատ լուրջ ազդանշան լինի՝ գործող իշխանության նկտամամբ վերաբերմունքի հստակեցման առումով:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ