16 01 2020

Ո՞ր տարբերակով ենք վճարելու գազի սակագնի բարձրացման համար

Ո՞ր տարբերակով ենք վճարելու գազի սակագնի բարձրացման համար

Արդեն հայտնի է, որ «Գազպրոմը» Հայաստանին կշարունակի գազ մատակարարել այն գնով, ինչ 2019-ին՝ 1000 խմ համար 165 դոլարով։ Այս տեղեկատվությունը հայտնի դարձավ անցյալ տարվա վերջին օրը՝ «Գազպրոմի» պաշտոնական կայք էջից։ Հիշեցնենք, որ այդ սակագինը փոխվել է անցած տարվա հունվարի 1-ից, իսկ մինչ այդ Հայաստանին մատակարարվող գազի սակագինը 150 դոլար էր 1000 խմ համար։ Այսինքն, անցած տարի մեր երկրին մատակարարվող գազի սակագինը բարձրացավ մոտ 10 տոկոսով։

Հիշեցնենք, որ մինչ այսպես կոչված «սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը» Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ սպառողներին՝ այդ թվում բնակչությանը մատակարարվող գազի սակագինը հնարավոր է էապես նվազեցնել։ 2018 թ․-ին, հայտնվելով վարչապետի պաշտոնում, նա, ինչպես մնացած բոլոր խոստումների դեպքում, այս խոստումը նույնպես չկատարեց։ Իշխանափոխության տարվա ընթացքում այդ թեմայի շուրջ շոուներ եղան, ստեղծվեց ինչ-որ քննիչ հանձնաժողով, որը պետք է գտներ այդ սակագնի նվազեցման հնարավորությունները։ Մի խոսքով, հասարակությանը շարունակեցին կերակրել ստերով, ապա մոռացան այդ թեման ընդհանրապես։ Հետո էլ սկսեցին «հպարտ» քաղաքացիների առջև հպարտանալ, որ գազի գինը մնաց անփոփոխ։ Սակայն անգամ գազի սակագնի անփոփոխ մնալը բնակչության համար ներկայիս կառավարության շնորհիվ չի տեղի ունեցել։ Դա պարզապես դաշնակից Հայաստանին Ռուսաստանի կողմից ընդառաջ քայլ էր։

Գազի սակագնի սահմանին բարձրացումից հետո բնակչությանը մատակարարվող գնի հետ տարբերությունը առ այսօր հայտնի չէ, թե ո՞վ և ինչպե՞ս է վճարելու։ Հայտնի է միայն, որ «Գազպրոմ Արմենիայում» որոշակի ծախսեր են կրճատվել։ Սոցիալապես անապահով խավին մատակարարվող 80 դրամ գազի անփոփոխ մնացած սակագինը դարձյալ սուբսիդավորվում է նույն «Գազպրոմ Արմենիայի» կողմից։ Այսպես, թե այնպես, Հայաստանին մատակարարվող և բնակչությանը տրվող գազի սակագների տարբերությունը փորձագիտական գնահատականներով կազմում է մոտ 30 մլն դոլար մեկ տարվա ընթացքում։ Կհաջողվի՞ խուսափել բնակչությանը մատակարարվող գազի գնի բարձրացումից, թե ոչ, հայտնի կդառնա առաջիկա ամիսներին։ Սակայն, ամեն դեպքում, դա չի նշանակում, որ գազի սակագնի՝ սահմանին բարձրացման բեռը մեր բոլորիս վրա չի ընկնելու։ Գաղտնիք չէ, որ չկա անվճար ոչինչ, հարցն այն է, թե ո՞վ է վճարողը։ Քննարկենք, թե ի՞նչ տեղի կունենա երկու դեպքում էլ։

Առաջին տարբերակ, եթե սակագինը բարձրանում է մոտ 10 տոկոսով կամ գուցե ավելի քիչ, դա նշանակում է առաջին հերթին բնակչության սոցիալական վիճակի վատթարացում։ Այնուհետև՝ դրան պետք է հաջորդի էլեկտրաէներգիայի սակագնի որոշակի բարձրացումը, քանի որ հոսանքի արտադրության 35-40 տոկոսը ստացվում է գազից։ Հնարավոր է նաև ջրամատակարարման սակագնի բարձրացում, որը թեև շատ ավելի քիչ ազդեցություն ունի սոցիալական վիճակի վրա, քան գազն ու հոսանքը, բայց վերջիններիս հետ միասին արդեն նկատելի է դառնում։ Սակայն, գազի սակագնի բարձրացումը ավելի ծանր ազդեցություն կունենա վերամշակող ձեռնարկությունների և ջերմոցային տնտեսության վրա։ Վերջիններս օգտվում են գազի արտոնյալ սակագնից՝ 100 դրամ 1 խմ համար։ Այդ արտոնությունը վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ջանքերի արդյունք էր, որը հնարավորություն տվեց Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններին և ջերմոցային տնտեսություններին իջեցնել իրենց արտադրանքի ինքնարժեքը և ավելի մրցունակ արտադրանք թողարկել։ Ի դեպ, մշակող արդյունաբերության առ այսօր շարունակվող աճը, որն իրենց են վերագրում գործող իշխանությունները, մեծապես պայմանավորված էր հենց այդ արտոնությամբ, որի մասին, չգիտես ինչու, չի խոսվում։ Այսինքն, ակնհայտ է, որ գազի սակագնի բարձրացումը բացասաբար կազդի մեր արդյունաբերության վրա, որն էլ շղթայաբար կազդի այս ճյուղում ընդգրկված աշխատողների, գյուղացիների և ի վերջո՝ բոլոր սպառողների վրա։

Երկրորդ տարբերակ, երբ սպառողներին մատակարավող գազի սակագինը մնում է նույնը։ Այս դեպքում, ճիշտ է, ուղղակիորեն մենք չենք վճարում բարձրացման դիմաց, բայց վճարում ենք անուղղակիորեն։ Քանի որ ինչպես արդեն նշեցինք, չկա անվճար ոչինչ, ապա պարզ է, որ սահմանի և մեզ տրվող գազի սակագների տարբերությունը պետք է վճարվի պետական բյուջեից։ Անցյալ տարվա 30 մլն դոլարին, այս տարի կավելանա ևս 30 մլն դոլար։ Այն, որ դա վճարվելու է մեր բոլորի վճարված հարկերից, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի վայելքները կրճատելու կամ ԱԺ պատգամավորների, նախարարների, այլ պետական բարձրաստիճան պաշտոնյաների աստղաբաշխական աշխատավարձերից և պարգևատրումներից զրկելու հաշվին, թերևս ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում։ Դա նշանակում է նաև մոտ 60 մլն դոլար շրջանառությունից դուրս եկած գումար, որը իր հերթին կնպաստի տնտեսական ակտիվության նվազմանը։ Կամ էլ՝ դա նշանակում է, արտաքին պարտքի ավելացում, որի դեմ այդպես կատաղորեն պայքարում էր ժամանակին Նիկոլ Փաշինյանը, իսկ հիմա ինքն է անշեղորեն ավելացնում այն։

Ի դեպ, գազի սակագնի բարձրացման նախադեպ ունեցել ենք՝ 2007-2010 թվականներին։ Այն ժամանակ, դա նույնպես հախուռն ձևով քննադատում էր Նիկոլ Փաշինյանի ընտանեական թերթը, այն հիմնավորումով, թե ինչո՞ւ շարքային քաղաքացին պետք է վճարի օլիգարխների ձեռնարկություններին մատակարավող գազի արտոնության համար։ Հետաքրքրիր է, հիմա  այդ թերթի պատգամավոր դարձած լրագրողը նույնը կասի՞, թե հիմա արդեն օլիգարխները խոշոր գործարարներ են դարձել, իսկ իրենք էլ՝ նրանց ջերմ և «անշահախնդիր» բարեկամները։

Թե գազի սակագնի շուրջ զարգացումների վերոնշյալ երկու տարբերակներից ո՞րը կյանքի կկոչվի, կերևա առաջիկայում։ Ամեն դեպքում, միանշանակ է, որ այսպես, թե այնպես կրելու ենք գազի սակագնի բարձրացման բեռը, իսկ իջեցման մասին խոստումները դեռ երկար կախված կմնան «դուխով» բղավողների ականջներին։

Արա Մարտիրոսյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ