10 01 2020

Կառավարության «խնայողությունը»՝ կենսաթոշակների հաշվին

Կառավարության «խնայողությունը»՝ կենսաթոշակների հաշվին

Այս տարվա հունվարի 1-ից կենսաթոշակները պետք է բարձրանան «միջինը 10 տոկոսով»։ Այն, որ Նիկոլ Փաշինյանի «սիրո և հանդուրժողականության հեղափոխության» պատճառով կենսաթոշակների ավելի վաղ՝ 2019 թ․ի հունվարի 1-ից նախատեսված և ավելի բարձր, քան 10 տոկոսն է բարձրացումը հետաձգվեց մեկ տարով և ավելի փոքր բարձրացմամբ, բազմիցս նշվել է։ Հիշեցնենք, որ նախորդ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը մի քանի անգամ հայտարարել էր 2019 թ․-ի հունվարից նախատեսվող կառավարության այդ նպատակի մասին։ Սակայն, «հպարտ» քաղաքացիները իրական սոցիալ-տնտեսական բարելավման, այդ թվում թոշակների նախատեսվող ավելի վաղ և ավելի շատ բարձրացման փոխարեն հավատալ «թավշյա» վարչապետի անիրատեսական խոստումներին։ Սա՝ իմիջիայլոց։ Հիմա տեսնենք, թե ի՞նչ բարձրացման մասին է խոսքը, որքա՞ն է այդ նպատակով գումար տրամադրվելու պետական բյուջեից և որքանո՞վ են խոստումներն ու իրականությունը միմյանց համապատասխանում։

Նախ՝ տեղեկացնենք, որ համաձայն պաշտոնական վիճակագրության, Հայաստանում կենսաթոշակառուների թիվը 2018 թ․-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 463073 մարդ։ 2019 թ․-ի ցուցանիշը դեռևս հրապարակված չէ, ուստի հիմք ընդունենք այս թիվը։

Երկրորդ՝ միջին կենսաթոշակի չափը Հայաստանի Հանրապետությունում 40478 դրամ է։ Միջին կենսաթոշակի 10 տոկոսով բարձրացումը ենթադրում է, որ 2020 թ․ի հունվարից սկսած միջին կենսաթոշակը կավելանա ավելի քան 4000 դրամով և կկազմի 44 525 դրամ։ Այդուհանդերձ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, խոսքը ոչ թե միջին կենսաթոշակի 10 տոկոս բարձրացման, այլ կենսաթոշակների միջինում 10 տոկոս բարձրացման մասին է։ Այս փոքրիկ բառախաղը հնարավորություն կտա կառավարության ղեկավարին և նախարարությանը հայտարարել, որր ամեն ինչ եղել է այնպես, ինչպես նախապես ասվել է։ Իրականում, ասվել է, որ 2020 թ․-ի հունվարի 1-ից․

  • աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափերը կդառնան 18 հազար դրամ՝ 16 հազար դրամի փոխարեն
  • աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին 10 տարվա համար կդառնա 950 դրամ՝ 800 դրամի փոխարեն

Դժվար չէ հաշվարկել և տեսնել, որ այս դեպքում միջին կենսաթոշակն ավելանալու է ոչ թե 10 տոկոսով, այլ 9 տոկոսից էլ պակաս չափով։ «Կենսաթոշակների միջինում 10 տոկոս ավելացում» բառախաղը հենց սրա համար էր։  Սակայն մեր կենսաթոշակառուներին խոստացվածից 1 տոկոս պակաս կենսաթոշակի չափ բարձրացնելը առայմ մի կողմ դնենք։ Տեսնենք, թե ի՞նչ է ստացվում կենսաթոշակների ոչ թե ամբողջ սանդղակով՝ այսինքն աշխատանքային ստաժի բոլոր տարիների գումարը, այլ միայն առաջին տաս տարվանը բարձրացնելու արդյունքում։

Ստացվում է, որ ենթադրենք 40 տարվա աշխատանքային ստաժ՝ հետևաբար  պետության և հասարակության համար ավելի մեծ ավանդ ունեցողի և 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցողի կենսաթոշակը միևնույն՝ մոտ 3500 դրամով ավելի է լինելու։ Դժվար չէ եզրակացնել, թե սա որքանո՞վ է համապատասխանում «բազմոցին պառկած մարդկանց» աշխատելու կոչ անող Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և թե նրանք ինչպես են արձագանքելու այդ կոչին, երբ շատ աշխատես, թե՞ քիչ՝ կենաթոշակը բարձրանում է նույն չափով։

Վերադառնանք խոստացվածից 1 տոկոս պակաս բարձրացնելուն։ Եթե հաշվի առնենք, որ խոսքը ավելի քան 463 հազար մարդու մասին է, ապա այդ 1 տոկոսը պակասով կենսաթոշակառուների հաշվին միլիարդավոր դրամների «խնայողություն» է անում կառավարությունը։ Դարձյալ դիմենք համապատասխան հաշվարկներին։

463 հազար մարդու կենսաթոշակի ավելացումը պետական բյուջեի համար կարժենա մոտ 19,5 մլրդ դրամ։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը անցած տարի հայտնում էր այդ նպատակով պետական բյուջեից պահանջվող մոտ 25 մլրդ դրամ հավելյալ գումարի մասին։ Ստացվում է, որ մոտ 5,5 մլրդ դրամ «խնայողություն» կարժենա կենսաթոշակների 10 տոկոսով բարձրացման խոստումը իրականում 9 տոկոսով բարձրացնելու Նիկոլ Փաշինյանի կառավարության որոշումը։ Դե իսկ կենսաթոշակառուներին խոստացվածից «խնայված» վերոնշյալ գումարը կարելի է ուղղել նախարարների, փոխնախարարների, բարձրաստիճան այլ պաշտոնյաների, ԱԺ պատգամավորիների հաջորդ տարվա աստղաբաշխական պարգևավճարներին՝ թաքուն կամ առանց հայտարարելու, փոխարենը շարունակելով հայտարարել միայն կենսաթոշակների բարձրացման, այն էլ ոչ խոստացված չափով բարձրացման մասին։ Ներկայիս իշխանությունների բարոյական կերպարը վաղուց արդեն հայտնի է և այլևս զարմանք չի առաջացնում։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ