13 12 2019

Եթե համաժողովը հայերենով լիներ, ուրի՞շ բանից էին խոսելու

Եթե համաժողովը հայերենով լիներ, ուրի՞շ բանից էին խոսելու

ՀՀ վարչապետի խոսնակին դուր չեկավ, որ Լազարևյան ակումբի համաժողովի աշխատանքային լեզուն ռուսերենն է։ Ու այդ մասին դժգոհեց՝ հույս հայտնելով, որ գոնե համաժամանակյա թարգմանություն կլինի հաջորդ միջոցառումներում։

Նա խոսեց խառը՝ հայերենով և ռուսերենով։

Այո, Հայաստանում պետական լեզուն հայերենն է, բայց միջոցառումների ժամանակ շեղումներ լինում են բազմիցս։ Եվ ուշագրավ է, որ մինչ այս ոչ մի շեղում չի ազդել Վլադիմիր Կարապետյանի վրա կամ գոնե հրապարակավ չի անդրադարձել։

Հիշեցնենք, օրինակ, 2018թ․ հոկտեմբերին Երևանում կայացավ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, բայց երևի Վլադիմիր Կարապետյանը այդ ժամանակ պաշտոնյա չլինելու պատճառով չնկատեց, որ աշխատանքային լեզուն ֆրանսերենն է։ Ավելին, Փաշինյանը ելույթ ունեցավ իր համար նոր բացահայտած ֆրանսերենով։ Ընդ որում, ասում են, ամիսներով կտրվել էր գործից, չէր աշխատում, որպեսզի հասցնի գոնե ելույթի համար անհրաժեշտ տեքստը սովորել։

Նախորդ տարի էլ UWC-Դիլիջան միջազգային դպրոցի սաների հետ ահնդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայ և օտարերկրացի սաներին ներկայացրել էր կրթության մասին իր պատկերացումները՝ կրկին անգլերենով:

Նախորդ տարի Փաշինյանն ընդունել էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի անդամներին՝ Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: Նա դարձյալ խոսել էր անգլերենով։

Ընդ որում, Փաշինյանի անգլերենը պաշտոնական խոսելու համար բնավ բավարար մակարդակի չէ։

2019թ․ նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ ԽՎ երևանյան նիստը՝ ռուսերեն լեզվով։

2019թ․ հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցավ ԵԱՏՄ գագաթաժողով, որտեղ աշխատանքային լեզուն ռուսերենն էր, իսկ համաժամանակյա թարգմանությունը միայն Իրանի ու Սինգապուրի ղեկավարների համար էր ու նրանց ելույթների ժամանակ, այն էլ՝ ռուսերեն։ Բայց պարոն խոսնակը դա չնկատեց, երևի թե նրա համար, որ ողջ կառավարական համակարգը մտածում էր ոչ թե նիստի մասին, այլ այն մասին, թե նիստից հետո ինչ է անելու և ում է հանդիպելու Վլադիմիր Պուտինը։

Այնպես որ, արժեր, որ Վլադիմիր Կարապետյանը միջոցառման լեզվից բացի, անդրադառնար ելույթների բովանդակությանը, որոնցից մեկից հետո (քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի), ի դեպ, լքեց դահլիճը, ապա վերադարձավ։

Երբեմն պարզապես անհնար է Հայաստանում պահպանել մայրենի լեզվի մասին օրենքը, բայց պետք է չգործեն այն գնահատելու հարցում երկակի ստանդարտներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ