ՀՀ-ում վարչապետից հետո ամենաքննարկվող և քննադատվող անձանցից մեկը նրա կինը՝ Աննա Հակոբյանն է։ Նա բավական մեծ ակտիվություն է ցուցաբերում հատկապես քաղաքականության և Արցախի հարցերում։ Վերջերս տեքստ-լուսանկար հրապարակվեց այն մասին, թե ինչպես է Աննա Հակոբյանն այցելել սահմանային դիրքեր։ Նոյեմբերի 26-ին Աննա Հակոբյանն այցելել էր ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը, շրջել, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ։ Այնուհետև նոյեմբերի 28-ին «Teach for Armenia. Դասավանդիր Հայաստան» կազմակերպության հետ համատեղ վարչապետի տիկինն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ, իսկ այցի շրջանակում՝ դարձյալ մարտական դիրքեր։ Նա այս ամենը ներկայացրեց որպես հասարակ ժողովրդին մոտ լինելու տարբերակ։
Այս այցելությունները բուռն արձագանքի արժանացան համացանում օգտատերերի, ինչպես նաև փորձագիտական հանրության կողմից, մասնավորապես փորձագետները անհանգստություն էին հայտնում, որ այդպիսի այցելություններն առաջին հերթին վտանգավոր են անվտանգության տեսանկյունից, շատերը վարչապետի տիկնոջ այս քայլը համարեցին հերթական PR քայլը, որոշներն էլ պարզապես հետաքրրքվում էին՝ արդյոք վարչապետի տիկինը նախքան վարչապետի տիկին լինելը երբևէ այցելե՞լ է դիրքեր և, ի վերջո, ի՞նչ գործ ունի վարչապետի տիկինը մարտական դիրքերում, եթե ոչ միայն PR-ի համար։
Սահմանային այցերի վերաբերյալ իր հասցեին հնչող քննադատություններին Աննա Հակոբյանը գրառում էր արել․ «Պարզվում է, որ այս այցի հետ կապված էլ «հարցեր» կան: Հիմա չեմ հասկանում՝ գնա՞մ, չգնա՞մ, որևէ այլ տեղ գնա՞մ, չգնա՞մ, ինչ-որ բան անե՞մ, թե՞ չանեմ։ Կարո՞ղ է միայն գեղեցկության սրահներ, շոր ու կոշիկի, և իհարկե՝ ոսկու խանութներ պետք է գնամ, կնունք-ծնունդների և տուրիստական այցերի մասնակցեմ։ Տարվա մեջ երկու անգամ էլ պարտադիր գնամ որևէ կուրորտային երկիր հանգստանալու՝ ընկերուհիներիս հետ»։ Իսկ այցի ընթացքում բացատրել էր «Զինված ուժերը, մեր բանակը ոչ միայն իմ, այլև մեր ամբողջ ժողովրդի հոգատարության և ուշադրության ներքո է։ Եվ ես էլ, որպես մեր ժողովրդի մի մասնիկ, ամեն անգամ, երբ հնարավորություն եմ ունենում այցելելու զինվորներին»։
Բայց հասարակության մոտ չդադարեցին հարցեր առաջանալ, թե այդ «ամեն անգամ»-ը երբ է եղել, մինչ վարչապետի տիկին դառնալը արդյո՞ք այցելել է դիրքեր։ Փորձեցինք գտնել լրագրող կամ խմբագիր եղած ժամանակ ե՞րբ է այցելել, ի՞նչ նյութեր կան այդ կապակցությամբ․ չգտանք։
Yerevan.Today-ը հարցում ուղարկեց Աննա Հակոբյանի գրասենյակ՝ պարզելու՝ ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մինչև 2018 թվականի մայիսի 8-ը, որպես խմբագիր կամ լրագող արդյոք այցելել է սահմանամերձ գյուղեր և ՀՀ ԶՈՒ մարտական հերթապահություն իրականացնող դիրքեր։
Ի պատասխան գրասենյակից մեզ նշեցին, որ վարչապետի տիկինը նախկինում պարբերաբար այցելել է սահմանամերձ գյուղեր և մարտական դիրքեր, սակայն ուղարկեցին այցերից ընդամենը մեկի վերաբերյալ մամուլում հրապարակված տեղեկատվությունը և այդ այցերի մասին Նիկոլ Փաշինյանի տպավորությունները «Հայկական ժամանակում»։ Նշենք, որ, ըստ ուղարկված տեղեկության, Աննա Հակոբյանը սահմանամերձ գյուղեր այցելել էր ոչ թե որպես լրագրող կամ խմբագիր, այլ «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդի կազմով։
Հղումը՝ այցի մասին տեղեկության այստեղ։
Նույն այցի մասին «Հայկական ժամանակում» հրապարկումները՝ այստեղ և այստեղ։
Դատելով նրանից, որ այդ պարբերական այցերից ընդամենը մեկի մասին են ինֆորմացիա փոխանցել, այն էլ ոչ թե դիրքեր, այլ սահմանամերձ գյուղ, ուրեմն ստացվում է, որ տիկին Աննա Հակոբյանը դիրքեր չի այցելել։ Չի այցելել որպես լրագրող, քանի որ իր պատրաստած որևէ նյութ չկա։ Եվ ուրեմն, որպես վարչապետի տիկին այս այցն ընդամենը սեփական անձի գովազդ էր, ոչ ավելին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը