30 11 2019

Ո՞ր Փաշինյանը, որ մեկ ամսում ընտանիքի համար ծախսում էր 5 տարվա հեռուստամարաթոնի գումա՞ր

Ո՞ր Փաշինյանը, որ մեկ ամսում ընտանիքի համար ծախսում էր 5 տարվա հեռուստամարաթոնի գումա՞ր

Նիկոլ Փաշինյանը կարող է 32 պատճառ բերել, թե ինչու հեռուստամարաթոնի ժամանակ հավաքվեց ոչ թե 90 մլն դոլար, այլ ընդամենը 10 միլիոն (այնքան, որքան նրան պետք է իր սիրած աննախադեպ բառն ասելու համար): Բայց այդ 90 պատճառների մեջ էլ ինքը, իր իշխանությունը մեղք չեն ունենա, վստահաբար․ նրանք սովորություն են դարձրել մեղադրել բոլորին և աշխատելու փոխարեն արդարանալը։

Ի վերջո, դրամահավաք է, մի տարի կարող է շատ հավաքվել, մի տարի՝ քիչ։ Գուցե մարդիկ, որոնք պետք է միանգամից մի քանի միլիոն դոլար հանգանակեին, այդ օրը թարս ոտքի վրա էին արթնացել կամ հանգանակելիք գումարը նախորդ գիշերը տանուլ տվել կազինոյում․ իսկ գուցե ներդրո՞ւմ էին արել Աֆրիկայում։ Սա էլ խնդիր չէ։

Խնդիրն այստեղ պոռոտախոսությունն է, մեծամտությունը։

Արդուկն էլ միացնեիր, խոսում էր այն մասին, որ հեղափոխությունը ոգևորել է բովանդակ աշխարհի հայերին ու արտասահմանցիներին, որոնք անհամբեր սպասում են Հայաստանում արտահերթ ընտրությունների կայացմանը, որպեսզի ունեցած-չունեցածը ներդնեն Հայաստանում։ Ասում էին, թե առաջ ամենուր կոռուպցիա էր, հիմա ոչինչ չկա, արդար է, մաքուր է, ու հանկարծ տեսնում ես, որ առաջ, երբ այսպես ասած՝ համատարած կոռուպցիա էր, լավ էլ հանգանակում էին։

Արդյունքը պետք է վերլուծելու տեղիք տա։ Այն, որ նման քիչ հանգանակություն եղավ, ուրեմն մեր հայրենակիցները բան ունեն ասելու։ Չէ՞ որ սա որքան էլ համազգային հանգանակություն է, բայց և հենց վերաբերմունք է իշխանության նկատմամբ։

Գուցե մարդիկ տեսան, որ խոստումներից որևէ մեկը չի կատարվել, կատարվածն էլ՝ թերի է ու ավելի շուտ՝ գովազդ։

Գուցե մարդիկ տեսան, որ ամիսը երկու երկիր այցելելուց հետո Հայաստանում որևէ արտաքին քաղաքական խնդիր չի լուծվում, որևէ ներդրում չի գալիս։

Գուցե մարդիկ տեսան, որ դուք ասում եք կոռուպցիան վերացել է, բայց ամենօրյա կտրվածքով կոռուպցիոներների եք բռնում, որոնք ենթադրյալ հանցագործությունը կատարել են «նոր Հայաստանում»։

Գուցե մարդիկ տեսան, որ գործադիրի անդամները մի քանի ամիս աշխատելուց հետո փախչում են կառավարությունից։

Գուցե մարդիկ տեսան, որ աշխատավարձ եք բարձրացնում գաղտնի որոշմամբ։

Գուցե մարդիկ տեսան, որ ընդամենը մեկ ամսում վարչապետն իր անձնական ճոխությունների համար ծախսեց շատ ավելի մեծ գումար, քան վերջին 5 տարվա մարաթոնների հանգանակությունները միասին վերցրած։

Գուցե մարդիկ տեսան, որ կապիտալը Հայաստանից փախչում է, իսկ ներդրողները, որ նախապես պայմանավորվածություն ունեին, չեղարկում են և տեղավորվում «տաք երկրներում»։

Գուցե մարդիկ լսեցին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ մենք ունենք լիքը գումար, բայց չենք կարողանում ծախսել, դրա համար էլ նոր բեռ չդարձան իրենց անօգուտ գումարներով։

Դրամահավաքի արդյունքը տրամադրություններն էին ոչ միայն Սփյուռքի․ չէ՞ որ միայն Սփյուռքը չէր գումար փոխանցում։ Սա վերաբերմունքն էր նաև արտասահմանցիների, չէ՞ որ ոչ միայն հայերն էին գումար փոխնցում։

2018 թվականին ավելի քիչ գումար էր հանգնակվել (11.109.603 դոլար), քան 2017-ին (12.505.456 դոլար)։ Այդ ժանանակ արդարացան, թե նոր է հեղափոխություն եղել, տրամադրություններ են ճշտում, Սփյուռքը վերաարժևորելու է Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը, նախկին իշխանությունները․․․ Ու այդ ճոռոմաբանությունից հետո Սփյուռքը ցույց տվեց, որ ավելի շատ ոգևորված էր հենց նախորդներով։ Ուսումնասիրեց, ճշտեց ու հասկացավ, որ Փաշինյանին պետք չէ վստահել։

Դա ո՛չ ուրախանալու առիթ է, ո՛չ չարախնդալու։ Դա վատ փաստ է, որ պետք է արձանագրել։

Սա կարելի է համարել վստահության ուղենիշ։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ