Փաշինյանն իր իշխանակալությունը սկսեց ստելով։ Նա նախ հայտարարեց, թե բոլոր որոշումները կայացնելու է ժողովուրդը` հրապարակում. կառավարության տեղ լինելու է ագորան` ամբոխը։ Եթե ո՛չ ինքը, ապա իր պատվիրատուները գիտեին, որ այս կեղծիքը ոչ մի դեպքում չի կարող իրողություն դառնալ։ Գիտեին, որ շատ արագ է գալու պահը, երբ անգամ ամբոխին դժվար կլինի համոզել, թե լավ ապրելու ու երջանիկ լինելու համար պետք է հրաժարվել ազգային հավատից ու ավանդույթներից, իսկ արդիական, մոդայիկ լինելու համար` մերժել նաև ժողովրդի ոգուն հարիր մտածողությունն ու կեցությունը պայմանավորող ընկալումները։
Մեր ժողովրդին օտարի հերթական էքսպերեմենտի զոհը դարձնել ստանձնած անձիշխանին հետաքրքրում էր ոչ թե արդյունքը, այլ իր ստանալիք վարձը։ Նա լավ էլ գիտեր, որ ոչ ոք երբեք չի կարողացել կառավարել ամբոխի կամքով, և անհնարին է որոշում ընդունել ըստ առավել բարձր գոռալու։ Նա էլ գիտակցում էր, որ բոլոր հասարակություններում միշտ մեծամասնությունը անիրազեկ ու սահմանափակ կարողություններով, բայց բարձր գոռացող ամբոխն է։ Մինչդեռ իրազեկ, խոհամիտ, ընդունակ մեծամասնությունը երբեք չի գոռում, բայց լուռ համբերանքով իր երկիրն է կառուցում ու պաշտպանում։
Եվ անձիշխանը զգաց ու հասկացավ, որ անկարող է կատարել ստանձնած առաջադրանքը և չի ստանալու ակնկալած վարձը։ Զգաց, որ հեշտ կառավարվող ամբոխը շատ արագ հասկանալու է, որ ագորա չէ ու իր անունից իրեն կործանելու որոշումներ են կայացնում։ Հասկացավ, որ իր ստերը շատ արագ բացահայտվելու են, ու խաբված ամբոխը մեկը մյուսի հետևից հիշելու է նախկինների ժամանակներից տակավին չլուծված բոլոր խնդիրները։ Գիտակցեց, որ արագ ու անխուսափելիորեն դժգոհությունների հզոր ալիքը վրականգնվելու է և հեշտ կառավարվող մեծաքանակ ամբոխը բնականորեն միանալու է գիտակից ու հիմնավոր բողոքի դուրս եկած կազմակերպված փոքրամասնությանը։
Հիմա անձիշխանն իր ստերի ու խաբեության, պետականակործան ու ազգադավ կառավարման դեմ բողոքողներին ընդհանրապես ժողովուրդ չի համարում։ Ըստ մամուլի հրապարակումների, նա օրերս մերձավորներին քաջալերել է, թե հայոց լեզուն, հավատն ու պատմությունը բուհերից բացառել ջանացող սորոսական նախարարին իր պաշտպանության տակ է պահելու «եթե անգամ 10 հազար մարդ փողոց դուրս գա ու եթե անգամ 24 ժամ նստացույց անեն»։ Պարզվում է` ազգային մշակույթի ու հայոց պետականության ապագայի կորուստը դոլարով չափող անձիշխանի համար ժողովրդի կարծիքը, պահանջը, բողոքը «մի ցենտի արժեք չունի»։
Հիմա Փաշինյանը բացարձակ միապետության է ձգտում։ Ուզում է զավթել ու յուրացնել ողջ իշխանությունը, իրեն ենթարկել պետական բոլոր ինստիտուտները կամ ոչնչացնել դրանք։ Ոչ մեկի հետ չի ուզում կիսել իր ամբողջատիրությունը։ Այսինք. վատթարագույն ձևով վերականգնում է հենց այն վատը, ինչը 19 ամիս առաջ խաբեությամբ հավաստիացնում էր` թե մերժում է, ինչի դեմ հեղափոխական պայքար էր հայտարարել։ Ստացվում է, որ ժողովուրդը չի համապատասխանում նիկոլի թվին ու թավշյա ռեժիմին։ Մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է։
Ազգադավ անձիշխանի ամբողջատիրական ռեժիմը՛ չի համապատասխանում ժողովրդի ցանկություններին ու նպատակներին, կամքին ու պատկերացումներին։ Հետևաբար. արտահերթ համապետական ընտրություններն ու ժողովրդի կամարտահայտությամբ նոր իշխանական համակարգի ձևավորումն անհետաձգելի անհրաժեշտություններ են այլևս։
Բնականոն է, որ քանի դեռ անձիշխանական ռեժիմի դեմ ընդվզող ընդդիմադիր բոլոր ուժերը վերջնականապես չեն կոնսոլիդացվել «կոնսենսուս մինուս մեկ» Փաշինյանի անձիշխանությունը մերժող բանաձևով, նրանց գործողությունները ոմանց կարող են տարերային թվալ։ Մինչդեռ սա հենց այն փուլն է, երբ հանգամանորեն մշակվում է ժողովրդի իշխանությունը խաբեությամբ զավթած հինգերորդ շարասյան դեմ քաղաքական միասնական պայքար սկսելու ընդհանուր ռազմավարություն ու մարտավարություն։
Հավանաբար, առկա քաղաքական ընդդիմության տարբեր ուժեր տարբեր են տեսնում մեր երկրի ու ժողովրդի ապագան, բայց անխտիր բոլորի ապագայի տեսլականում Փաշինյանն ու իր անձիշխանական ռեժիմը բացակա են։ Մեր երկրի հեռանկարի վերաբերյալ ներքաղաքական ընդդիմության տեսլականների տարբերությունը վաղվա համապարփակ ու ժողովրդի բոլոր սպասումներն արտահայտող ազգային իշխանության անհրաժեշտ նախադրյալն ու գրավականն է։ Նաև առկա փուլում համաժողովրդական հաղթանակն ապահովելուն ընդունակ, կարող հեղինակավոր առաջնորդ, բոլորին համախմբելու ընդունակ միասնական լիդեր ընտրելու երաշխիքը։
Անձիշխանությունը տապալելն ու նիկոլի թվի ավարտն ավետելն այլևս համազգային, ժողովրդական անհրաժեշտություն է, բայց եթե այն չունենա միասնական ու միանշանակ ուղղություն ու նպատակ, ապա վերածվելու է հերթական պատահականության: Իսկ ևս մեկ պատահական թավշյա, գունավոր կամ սինթետիկ պետության ղեկավարի կամակայություններին մեր պետությունն ու ժողովուրդը կարող է այլևս չդիմանալ:
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը