29 11 2019

6 տոկո՞ս, թե ավելի են «կլպելու» որպես առողջության հարկ

6 տոկո՞ս, թե ավելի են «կլպելու» որպես առողջության հարկ

Այսպիսով, «ժողովրդի» վարչապետը որոշել է նոր հարկատեսակ կիրառել՝ առողջության հարկ։ Նիկոլ Փաշինյանի ստորգրությամբ նախագիծն արդեն տեղադրված է արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում։ Ավելին, իշխանական ֆեյքերի «ֆաբրիկան» արդեն ապահովել է այդ նախագծին կողմ քվեարկողների գերակշռությունը դեմ քվերակողների նկատմամբ։ Այժմ, ըստ էության։

Նոր հարկատեսակը նախատեսվում է կյանքի կոչել 2021 թվականից։ Բոլոր աշխատող քաղաքացիները այդ թվականից պարտավոր են լինելու վճարել իրենց ստացած եկամտի կամ աշխատավարձի 6 տոկոսը՝ բնակչության համընդհանուր ապահովագրությունն ապահովելու համար։ Այսինքն, ավելի պարզ ասած՝ աշխատող քաղաքացիները պետք է վճարեն չաշխատողների առողջապահական ծախսերը։ Զարմանալ պետք չի, սա Նիկոլ Փաշինյանի կառավարության որդեգրած մոտեցումն է՝ մեկի հաշվին մյուսին լավություն անել։ Ասենք՝ կրճատել 10000 հազար ուսուցիչների կամ պետական համակարգի ծառայողների եւ այդ գումարներն ուղղել մյուսների աշխատավարձերի ինչ-որ չափով բարձրացմանը։ Կամ կրկնակի ավելացնել միայն նախարարների, փոխնախարարների աշխատավարձերը մեր բոլորիս հաշվին, իսկ մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին էլ աստղաբաշխական պարգեւատրումներ բաշխել՝ դարձյալ մեր՝ հարկատուներիս հաշվին։

Հիմա հիշեցնենք Նիկոլ Փաշինյանի մի գրառում, որը ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց․ «Պատկերացնու՞մ եք մեր երկիրն ինչ վիճակում է, որ 350 հազար մարդ աշխատում է, և 800 հազար մարդ պահանջում է այդ 350 հազար մարդուց, ասում է՝ մեր նպաստը լավացրու, մեր առողջապահությունը անվճար դարձրու, մեր ճանապարհները կառուցիր, մեր թոշակները, աշխատավարձերը բարձրացրու։ Ոչ ոք չի ասում՝ այս 350 հազար մարդիկ ճռռում են, մնացած 800 հազարն ուզում են, որ նրանք ավելի շատ ճռռան»։ Այսինքն, վարչապետին պաշտոնում գտնվող մեկը՝ մի օր կարող է ասել մի բան, հաջորդ օրը՝ անել տրամագծորեն հակառակը։ Սա է Նիկոլ Փաշինյանը եւ նրան են հավատում «հպարտ» քաղաքացիները։

Վերոնշյալ նոր հարկատեսակը չի դիմանում անգամ ամենաթույլ քննադատության բազմաթիվ առումներով։ Արդեն հնչել են մասնագիտական բազմաթիվ տեսակետներ այս առթիվ, որոնք ուղղակի ջախջախում են իբր բարի նպատակի համար հարկային բեռի ծանրացման այս առաջարկը։ Չկրկնվենք։ Անդրադառնանք այն հանգամանքերին, որոնց մասին չի խոսվել եւ որոնք ավելի հոռետեսական եզրակացություների տեղիք են տալիս։

Մասնավորապես, ըստ ներկայացված նախագծի, այս հարկատեսակը նախատեսվում է կիրառել, երբ պետական բյուջեի եկամուտները 2021 թ․-ին կազմեն 2 տրլն դրամ, իսկ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)՝ 7,6 տրլն դրամ։ Հիմա տեսնենք, թե որքանո՞վ է դա իրատեսական եւ ի՞նչ հեքիաթներով է մարդկանց շարունակում կերակրել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։

2018 թ․-ին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է մոտ 6 տրլն դրամ։ Եթե այս տարի տնտեսական աճը գոնե վիճկոմի պատկերածով լինի 7 տոկոս, ինչպես հրահանգել է Նիկոլ Փաշինյանըեւ եթե անգամ 2020-2021 թվականներին ինչ-որ հրաշքով դարձյալ տնտեսական աճը կազմի 7-ական տոկոս, ապա 2021 թվականին համախառն ներքին արդյունքը մոտ 400 մլրդ դրամով պակաս կլինեն նախագծում նշված 7,6 տրլն դրամից։

Նույնն է պատկերը նաեւ պետական բյուջեի եկամուտների դեպքում։ Եթե եկող տարի դրանք կազմեն 1 տրլն 697 մլրդ դրամ, ինչպես նախատեսված է բյուջե 2020-ի նախագծում, այդ ի՞նչ հեքիաթային թռիչքով են հաջորդ տարի՝ 2021թ․-ին ավելանալու ավելի քան 300 մլրդ դրամով։

Վերոնշյալ երկու ցուցանիշները բավարար են պատկերացնելու համար, որ ապահովագրական բյուջեի պակասուրդը, որը պետք է ծածկվի մեր վճարած 6 տոկոս առողջապահական հարկի գումարով շատ ավելի քիչ կլինի, քան դարձյալ նույն նախագծում կանխատեսվող մոտ 123 մլրդ դրամը։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ հարկատեսակի դրույքաչափը 6 տոկոսի փոխարեն ավելի մեծ պետք է լինի, որպեսզի ստացվող գումարներով հնարավոր լինի ապահովել նաեւ չաշխատող բնակչության առողջապահության ապահովագրությունը։ Այսինքն, ավելի պարզ ասած, աշխատող մարդկանց աշխատավարձից կամ եկամտից ավելի մեծ մաս են «կլպելու» քան նախատեսված 6 տոկոսն է։

Սակայն այս ամենի մեջ կա ավելի մեծ զավեշտ, որը շարունակվում է արդեն երկրորդ տարին։ Անգամ այս նախագծի դեմ դժգոհողների մեջ կան մարդիկ, որոնք շարունակում եմ ջայլամի պես իրենց պահել։ Նրանք շարունակում են շրջապատին եւ իրենք իրենց ներշնչել, որ «վարչապետը տեղյակ չի այս նախագծից» կամ իրեն սխալ են «զեկուցում» կամ արդեն շիզոֆրենիայի նմանվող թեզը, որ «նախկինների կողմից» է նախագիծը առաջ մղվում։

Նիկոլ Փաշինյանի առաջ սեթեւեթողներին ոչինչ չի խանգարում իրենց վերոնշյալ «առաքելության» մեջ։ Օրինակ, այն որ նախկինների մեջ ընդգրկել նախագիծը ներկայացնող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին միայն առողջական խնդիրներ ունեցողը կարող է անել, որ նման նախագծերը երբեք չեն կարող լինել որեւէ նախարարի կամ փոխնախարարի անձնական նախաձեռնություն ցանկացած իշխանության պարագայում, որ առանց Նիկոլ Փաշինյանի հրահանգի կամ ծայրահեղ դեպքում իմացության կառավարությունում «ոչ մի ճանճ չի տզզում» եւ ի վերջո, որ նա ստորագրել է այդ նախագիծը շրջանառության մեջ դնելու կառավարության որոշումը։  Այսինքն, նա ստորագրել է որոշում առանց «տեղյակ լինելու» թե ի՞նչ է ստորագրել կամ նրան անընդհատ խաբում են տարբեր առիթներով եւ «սխա՞լ են զեկուցում»։ Նիկոլ Փաշինյանին կրծքով պաշտպանողները գոնե հասկանո՞ւմ են, թե ի՞նչ կարծիք են ձեւավորում իրենց սիրելի վարչապետի մասին։ 

Այսպես, թե այնպես մեկ տարի անց կունենանք նոր հարկատեսակ, որը, ի տարբերություն կուտակային վճարների, չի ուղղվելու այն վճարողների անձնական հաշվին։ Եթե իհարկե, Նիկոլ Փաշինյանը հերթական բեմադրությանը չներկայացնի՝ տեսախցիկների առջեւ զայրույթով պահանջելով չեղարկել կամ լրամշակել այս նախագիծը, «մոռանալով» որ հենց ինքն է այն ստորագրել եւ հերթական անգամ հիացմունք պատճառելով դեռեւս զանգվածային պսիխոզի մեջ գտնվողներին։

Արա Մարտիրոսյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ