Օրեր առաջ ձևավորվեց նոր և, ըստ էության, Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին փոխարինող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմը՝ բաղկացած խորհրդարանական ուժերից, կառավարության և Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրված անդամներից: Որտեղի՞ց են եկել, որտե՞ղ են աշխատել նախկինում։ Բոլոր անդամների մասին՝ հերթով:
Կառավարության կողմից ներկայացված թեկնածուն Լիլիթ Ալեքսանյանն է, ով մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատել է «Էյչ-էս-բի-սի» բանկում:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածուն Նարեկ Համբարձումյանն է, որը մասնագիտությամբ իրավագետ է, աշխատել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում՝ որպես քննիչ, այդ թվում՝ կիբերհանցագործության քննության վարչությունում:
Իշխող «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, որը սակայն հրաժարվեց, պատճառաբանելով որ պատրաստ էր հանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնելուն և ոչ միայն մնալ անդամի կարգավիճակում: Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ, 2015-ից` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ էր:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածուն Հայկուհի Հարությունյանն է: Նա մասնագիտությամբ իրավագետ է, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահն է, մինչ այդ աշխատել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում: Հենց այս նույն հասարակական կազմակերպության երկարամյա ղեկավարն է հայտնի Արթուր Սաքունցը։
Իսկ Բարձրագույն դատական խորհուրդն էլ առաջադրել է Արամայիս Փաշինյանին: Նա «Ջինիշյան» հիմնադրամի ֆինանսական ղեկավարն է, հաշվապահական հաշվառման և աուդիտի մասնագիտացում ունի:
Եվ այսպես, նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ընտրությունը, ընտրվեց ԼՀԿ-ի թեկնածուն՝ Հայկուհի Հարությունյանը, իշխող ուժի թեկնածուն ստացավ զրո ձայն: Հետաքրքրական այս ընտրությանը հետևեցին առավել ուշագրավ զարգացումներ: Ժամեր անց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ նպատակահարմար չի համարում հետագա պաշտոնավարումը հանձնաժողովում:
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամի բացարձակ անվստահության պայմաններում նպատակահարմար չեմ համարում հետագա պաշտոնավարումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Առկա իրողություններն անհամատեղելի են պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին պատկերացումներիս հետ»,- մասնավորապես գրել էր նա։
Իսկ լրագրողների հետ զրույցում էլ նշել էր՝ - Բնականաբար, եթե ես էի առաջադրվել, ցանկանում էի, որ ես ընտրվեի։ Այլ կերպ ասած, իշխանության կողմից երաշխիքներ ստացել էր:
Ավելի ուշ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղի ունեցած ընտրությունն ավելացրեց «Նոր Հայաստանի» մասին փաստերի հարյուրակներում՝ ընդգծելով, որ հանձնաժողովի նախագահ է ընտրվել ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուն:
Այս ընտրությունը ինչ-որ չափով թարմացրեց ԲԴԽ անդամների ընտրության մասին հիշողությունները, երբ իշխող խմբակցությունը երկար ժամանակ փոնտրտուքների մեջ էր, հետո սկզբում թեկնածու առաջադրեց, վերջում էլ չընտրեց: Սակայն իրո՞ք այդպես է ամենը, ինչպես երևում է, հարց էր առաջացել։
Այս դեպքում, իհարկե, պարզ էր, որ Էդգար Շաթիրյանը, մեղմ ասած իշխանության սրտի թեկնածուն չէ, քանի որ նա աշխատել էր նաև նախկին իշխանության ժամանակ: Կատարվածն ավելի շատ ներքաղաքական պայմանավորվածությունների և առևտրի տպավորություն է թողնում, որից շահում են ոչ միայն այսպես ասած ընդդիմությունն ու իշխանությունը, այլև վերջին մեկուկես տարում Հայաստանում պետական լծակներ ձեռք բերած Բաց հասարակության, կամ այլ կերպ ասած Սորոսի հիմնադրամը: Պարզվում է, նախագահ ընտրված Հասմիկ Հարությունյանը երկար տարիներ աշխատել է հենց այս հիմնադրամից ֆինանսավորվող ամենակարկառուն ՀԿ-ում և արդեն շատ գնահատականներ հնչեցին, որ սորոսական այս թեկնածուն հենց իշխող ուժի ճաշակով էր, կամ պայմանավորվածության արդյունք: Հետևաբար նաև զարմանալի չէ որ իշխանական ֆրակցիայի թեկնածուն նախագահ չդարձավ, ըստ էության այդպես ել պետք է լիներ։
Տաթև Միրզոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը