25 11 2019

Քաղաքականացնել... քաղաքականությունը

Քաղաքականացնել... քաղաքականությունը

Տարածված սոցցանցային կատակ է. մարդն ինչ-որ գրառում է անում, ապա մակագրում, թե՝ «չքաղաքականացնել...»: Այդ անտեր «քաղաքականացնելը» նաև մի շտամպ է, որ երբ որևէ պաշտոնյայի կամ թեկուզ հանրային դեմքի անհարմար հարցեր են տալիս, նա էլ չգիտի, թե ոնց գլուխն ազատի, վրա է բերում, թե՝ քաղքականացնում եք խնդիրը: Կարելի է կարծել, թե այդ քաղաքական պահը մի սարսափելի բոբո է:

Բանն արդեն հասել է այն հանգրվանին, որ անհրաժեշտ է քաղաքականացնել... քաղաքականությունը:

Անբովանդակ կամ ընդհանրական կարգախոսներ, ժամանակ առ ժամանակ «պատին ծեփեմ, ասֆալտին փռեմ»-ի կարգի անհավասարակշիռ զեղումներ, զուտ պահի թելադրանքով պայմանավորված կողմնորոշումներ ու վերակողմնորոշումներ, ցանկացած քննադատությանը ագրեսիվ հակադարձումներ և նմանօրինակ դրսևորումներ, ահա այն ամեն «քաղաքականը» որոով աչքի է ընկնում իշխանությունը, ի դեմս գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա «քայլակիցների»:

Պատահական չէ, որ հանրային ընկալման տիրույթում տարածվում են ոչ թե դատողականության, իրողությունների գնահատման վրա հիմնված մոտեցումներ, այլ պաշտամունքային երևույթներ: Տվյալ դեպքում աչքի է զարնում Նիկոլ Փաշինյանի անձի պաշտամունքը, որի օրինակներով ուղղակի հեղեղված է նրա ֆեյսբուքյան էջի ցանկացած գրառման մեկնաբանությունների դաշտերը: Ասենք, Փաշինյանն ինքն էլ, արդեն կարծես հավեսի է ընկել ու, բազմաթիվ ֆեյսբուքադիտողների ցանկություններին ընդառաջ, առանց ավելորդ համեստության, իր անձը համեմատում է Քրիստոսի հետ:

Այդ ամենը, այո, առատ նյութ է քաղաքական սատիրայի սիրահարների համար, բայց բացարձակապես բանի պիտանի չէ որևէ երկրի ու հասարակության խնդիրներին լուծում տալու, ռեալ քաղաքական օրակարգ ձևակերպելու համար:

Այն ամենը, ինչի հիման վրա պետք է ձևավորվեն թե՛ նախկինից կուտակված, թե՛ հընթացս ծագած լրջագույն խնդիրները լուծելու, արտաքին ու անվտանգույթան մարտահրավերներին դիմակայելու իրատեսական ծրագրերը, անկյուն են մղված: Եթե հակիրճ՝ քաղաքական բովանդակությունը դրվել է միկողմ, փոխարենը՝ տիրապետողը ձևն է: Ինչ-որ կեցվածք ընդունելը:

Օբյեկտիվորեն՝ այդպես երկար շարունակվել չի կարող: Միանգամայն բնական է և այն, որ պսևդո-հեղափոխական փրփուրի տակ չընկած քաղաքական գործիչները և ուժերը փորձելու են նախ՝ առանձին-առանձին, ապա՝ միասնաբար փնտրել լուծումներ: Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբը նման փնտրտուքի դրսևորումներից մեկը պետք է համարել: Ու պատահական չէ, որ «Վերնատունը» ծայրահեղ թշնամանքով ընդունեց գործող իշխանությունը, իր ադեպտներով հանդերձ:

Առկա է «իզմ»-երից միայն պոպուլիզմն ընդունող ու հասարակությունը ջլատող «սև-սպիտակ», «մերոնք-ձերոնք» բաժանումների վրա հիմնվող և ամենի՛ց կարևորը՝ որևէ հակակշիռ չունեցող, ընդդիմություն չհանդուրժող, նաև՝ խորհրդարանում ըստ էության ընդդիմություն չունեցող իշխանություն:

Այդ կարգի իշխանության դեպքում քաղաքական համախմբման դրսևորումներին նման արձագանքը բնական է: Ռեալ ընդդիմադիրները կամ պարզապես պետության հետագայի համար մտահոգ գործիչները և ուժերը ոչ միայն կան և շարունակում են գործել, այլև ունեն այն, ինչից, մեծ հաշվով, զուրկ է գերազանցապես մեկ անձի տեսքով ներկայացող իշխանությունը: Անձ, առանց որի ամբողջ այդ «թավիշը» ոչինչ է: Պատահական չէ, որ իշխանության ցանկացած ռեալ ընդդիմադրի ելույթում կամ հարցազրույցում ավելի շատ քաղաքական բովանդակություն կա, քան «Իմ քայլի» ամբողջ կառավարախորհրդարանական կազմում՝ միասին վերցրած:

Սակայն ակումբը, ինչ էլ ասվի, ընդամենը ակումբ է: Այսպես ասենք՝ քննարկելու նյութ կամ հետաքրքրություն ունեցող փոքրաթիվ մարդկանց հավաքատեղի: Չեմ թերագնահատում, իհարկե, բայց ընտրված ձևաչափը քաղաքական վերլուծություններից ու գնահատականներից, հայտարարություններից ավելին չի ենթադրում:

Մինչդեռ քաղաքական պայքարը ենթադրում է նաև գործողություններ:

Այդ համատեքստում, իհարկե, նախ պետք է առանձնացնել ՀՅ Դաշնակցության որոշակի ակտիվությունը վերջին ժամանակահատվածում: Պետք է արձանագրել նաև նորաստեղծ մի քանի կուսակցությունների, հասարակական շարժումների ինչպես վիրտուալ-հարթակային, այնպես էլ՝ զանազան ակցիաներով դրսևորվող ակտիվությունը:

Առկա իրավիճակում, տրամաբանական է ենթադրել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ

Ընթացիկ զարգացումները խորությամբ դիտարկողներից շատերին թերևս ակնհայտ է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար՝ դատավարության անվան տակ: Թեպետ այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, հազիվ թե կարելի է անվանել դատավարություն: Դատավորը կարծես ամեն ինչ անում է՝ ապացուցելու համար այն ենթադրության հիմնավորվածությունը, որ առաջնորդվում է ոչ թե օրենքով, այլ Նիկոլ Փաշինյանի կարգադրություններով: Երևի շուտով դատավորի ընդունած որոշումների վերնամասում դաջվի «ՀՀ կառավարություն, վարչապետի աշխատակազմ» վերտառությունը:

Ըստ էության, դատարանում գործ ունենք ոչ թե զուտ իրավական երևույթի, այլ հենց քաղաքական հետապնդման դրսևորման հետ: Դա հուշում է, որ հակազդեցությունը նույնպես պետք է լինի քաղաքական՝ չթուլացնելով և աչքաթող չանելով նաև իրավական խնդիրները:

Ինչ վերաբերում է հնարավոր տարբերակներին, ապա տրամաբանական և արդարացված կարելի է համարել նախ՝ հասարակական-քաղաքական շարժման ձևավորումը: Սկզբունքորեն, դա շատ տարբեր չէ կուսակցությունից, բայց շարժման ձևաչափը թույլ է տալիս համախոհների ավելի լայն շրջանակ միավորել: Ինչպես ցույց է տալիս ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի ստորագրահավաքը, կա անհրաժեշտ բավարար հենք՝ պայքարը նաև քաղաքական հարթության վրա նոր թափով ու ավելի կազմակերպված ծավալելու համար:

  Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ