Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մարտի 1-ի» զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ: Հանձնաժողովի կողմից լավագույնը ճանաչված գործի հեղինակը պարգևատրվելու է 2 մլն դրամով:
Փողը կարևոր չէ, կարևորն արձան ունենալն է։ Մայրաքաղաքի հենց կենտրոնում տեղի է ունեցել ողբերգություն, զոհվել են քաղաքացիներ, ու պետք է հուշարձան լինի նրանց հիշատակի համար։ Դա պետք էր վաղուց տեղադրել, թերացում ենք համարում այսքան ուշանալը։
Բայց առաջարկում ենք, որ ոչ թե դրվի արձան, այլ արձանախումբ։ Անհրաժշեշտ է, որպեսզի զոհերի հուշարձանի կողքին դրվի նաև այն անձանց արձանները, որոնք ուրույն դերակատարում են ունեցել ողբերգության կայացման մեջ։ Պետք է, չէ՞, հուշարձանին յուրաքանչյուր ծաղիկ դնող իմանա, թե կոնկրետ ում պատճառով զոհվեցին այդ մարդիկ։
Եվ այսպես՝
Նիկոլ Փաշինյան – Մարդ, որը ամբոխին կոչ էր անում զինվել ինչով կարող են, փայտերով, ձողերով։ Մարդ, որը հայտարարում էր, թե ինչո՞ւ եք մարդկանց մեջ խուճապ առաջացնում՝ ասելով, թե այսինչին խփել են, այնինչին խփել են։ Մարդ, որը բարիկադներ էր սարքել տալիս քաղաքի կենտրոնում ու ոստիկաններից մի մահակ խլելուց հետո գոչում էր՝ «մեր առաջին ռազմավարը»։ Նրա արձանը հարկավոր է անպայման կանգնեցնել՝ «Մոլոտովի կոկտեյլը» ձեռքին։
Լևոն Տեր-Պետրոսյան – Մարդ, որը մեկ անգամ ընտրվեց նախագահ, մեկ անգամ զավթեց նախագահի աթոռը, մեկ անգամ էլ հռչակեց իրեն նախագահ՝ 21 տոկոս ձայն հավաքելով՝ պարտադրում էր, որ գլխների վրա տանեն-դնեն նախագահի աթոռին։ Մարդ, որը քաղաքացիների կրքերը հասցրեց կրիտիկական փուլի՝ հայտարարելով, թե երկիրը թալանել են, թաթար-մոնղոլներից պետք է ազատել։ Իսկ հետո փակվեց իր տանը, դուրս չեկավ, սկզբից ասաց, որ դա իր ժողովուրդը չէ, հետո հրահանգեց տեղից չշարժվել։ Մարդ, որը 10 զոհ ունենալուց հետո հայտարարեց, թե կյանքում այդպես հանգիստ չի քնել։ Նրա արձանը կարելի է կանգնեցնել՝ Օպերայի բակում տռճիկ տալիս։
Մանվել Գրիգորյան, Գագիկ Մելքոնյան – Մարդիկ, որոնք բանակը խառնեցին քաղաքականությանը, որոնք լինելով պաշտպանության փոխնախարարներ ու զինված կառույց ղեկավարելով՝ բանակը բերում էին Ազատության հրապարակ՝ պետության մեջ հեղաշրջում անելու համար։
Գագիկ Ջհանգիրյան – Աններելի է հատկապես այս անձի մասով արձան չունենալը։ Նրա մատը խառն է Հայաստանի երրորդ Հանրապետության բախտորոշ բոլոր փուլերի մեջ։ Նա 1995 թվականին այնպես խառնեց ընտրացուցակներ, որ մինչև հիմա ողջերին ու մեռելներին իրարից չենք կարողանում առանձնացնել։ Նրա շնորհիվ Հայաստանում դրվեց ընտրակեղծարարության հիմքը, նա ջախջախեց ՀՀ ընտրողի մոտ՝ իր քվեի արժեք ունենալու մասին հավատը։ 2008 թվականի փետրվարյան ընտրությունից հետո լինելով զինդատախազ, եկավ հրապարակ ու սկսեց դեմ խոսել ինքն իր դեմ, քանի որ նա հենց այդ իշխանության մի մասինկն էր ու արեց ամեն հնարավորը բախում լինելու համար։ Մեր երկրի ճակատին խարան է Ջհանգիրյանի արձան չունենալը։
Լևոն Զուրաբյան-Ալեքսանդր Արզումանյան-Սուրեն Սիրունյան – Մարդիկ, որոնք ամեն ինչ արեցին, որ գազազած ու խմած ամբոխը Մյասինկյանի արձանից չտեղափոխվի մարզադաշտ ու Մատենադարանի տարածք, մարդիկ, որոնք ուժերի ներածին չափով իրականացրեցին բախում ոստիկանության հետ։ Մարդիկ, ովքեր ընդամենը մեկ անգամ կուշտ ուտելու համար օրհնեցին խանութների թալանը։
Կարելի է, իհարկե, դնել նաև զոհերի որոշ հարազատների արձանները, որոնք կարողացան իրենց զավակների արյունը ծախել ու մեծարել այն մարդկանց, որոնք պատճառ դարձան զավակների մահվան։
Այնպես որ, արձանախումբ է պետք կանգնեցնել։ Սերունդները պարտավոր են ճանաչել իր հերոսներին, իր պատմությունը կերտածներին, իշխանության գալու համար արյուն թափողներին ու այդ արյունը վաճառողներին։
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը