18 11 2019

«1000 թափուր աշխատատեղերը» կամ ո՞ւմ վրա է «մուննաթ» գալիս Նիկոլ Փաշինյանը

«1000 թափուր աշխատատեղերը» կամ ո՞ւմ վրա է «մուննաթ» գալիս Նիկոլ Փաշինյանը

«Խոսում ենք գործազրկության մասին, բայց երկրում թափուր աշխատատեղերի պրոբլեմ ունենք: Վերջին 15 օրվա ընթացքում երկու արտադրողական ձեռնարկության բացման եմ մասնակցել և սեփականտերերի հավաստիացմամբ՝ ավելի քան 1000 թափուր աշխատատեղ կա և մարդիկ այսօր աշխատող են փնտրում և չեն կարողանում գտնել»․ սա ասել է Նիկոլ Փաշինյանը 2020թ.-ի պետբյուջեի նախագծի Ազգային Ժողովում քննարկման ժամանակ:

Այսինքն, ժողովրդի ծուլության, աղքատությունը մարդկանց ուղեղում լինելու իր արտահայտություններից Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի հրաժարվում, այլեւ շարունակում է նույնը պնդել՝ փոքր-ինչ այլ ձեւակերպումներով։ Տեսնենք, թե ի՞նչ աշխատատեղերի մասին է խոսքը, որի մասին առաջին անգամ չի ասվում։

Նախկինում «հպարտների» վարչապետը մի քանի անգամ շեշտել է շուկայում 3 հազար թափուր աշխատատեղերի մասին, դժգոհելով, որ իր «հպարտները» ոչ մի կերպ չեն ցանկանում աշխատել։

Խոսքը վերջին տարիներին աշխատանքի շուկայում մոտ 3 հազար թափուր աշխատատեղերի մասին է, որոնք հրապարակվում են Զբաղվածության պետական գործակալության կողմից՝ նրա պաշտոնական կայքում։ Դրանք գերակշռող մեծամասնությամբ արտադրության, ծառայությունների եւ առեւտրի ոլորտներում բանվորական մասնագիտացում պահանջող աշխատատեղեր են։ Հազվադեպ հանդիպում են նաեւ հաշվապահների, մանկավարժների, իրավաբանների, մենեջերների եւ մի քանի այլ մասնագիտությամբ անձանց հայտարարություններ։ Բնականաբար, թափուր աշխատատեղերի հայտարարությունները պարբերաբար թարմացվում են, դրանց որոշ մասը հեռացվում է, քանի որ աշխատողներ, այնուամենայնիվ, գտնվում են։ Սակայն, ընդհանուր առմամբ մոտ 3 հազար աշխատատեղերի պահանջարկը պահպանվում է տարիներ շարունակ։

Բարձր գործազրկություն ունեցող մեր երկրում թափուր աշխատատեղերի առկայության գլխավոր պատճառը ցածր վարձատրությունն է՝ ծանրաբեռնված եւ երկարաժամ աշխատանքի դիմաց։ Օրավարձով 2-3 հազար դրամ 10 ժամ եւ ավելի աշխատանքը ոչ ոքի համար գրավիչ չի կարող լինել։  Կան աշխատանքներ, որտեղ մշտապես ոտքի վրա պետք է լինես, կան, որ հիմնականում նստակյաց են։ Նման աշխատանք ունենալու պարագայում առողջական խնդիրներ «վաստակելը» մեկից մեկ է, իսկ ստացված գումարը հազիվ կարող է բավարարել առօրյա կենսական նվազագույն կարիքները ոչ ամբողջությամբ բավարարելուն եւ բուժման համար գումար մնալու մասին խոսք անգամ չի կարող լինել։ Գիտի՞ այս ամենը Նիկոլ Փաշինյանը, թե՞ այս անգամ էլ նրան ճիշտ չեն զեկուցում հերթապահ դարձած արդարացման ականատեսն ենք։ 

Եթե գիտի եւ շարունակում է մարդկանց ուղղորդել դեպի այս աշխատատեղերը, հընթացս «մուննաթ» գալով, թե ինչո՞ւ չեն ցանկանում աշխատել, ապա խորհուրդ կտայինք իր չափահաս երեխաներից մեկին՝ ՏՏ ընկերությունում ոչ մասնագիտական, բայց ամենայն հավանականությամբ բարձր վարձատրվող աշխատանքի փոխարեն, ուղարկել աշխատելու օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանի բրենդային խանութներից մեկում՝ ժամը 10․00-20․00-ը, որպես վաճառող՝ 90 հազար դրամ աշխատավարձով։ 

Եթե չգիտի այդ պայմանների մասին, կարող էր հարցնել «նոր բացված երկու արտադրական ձեռնարկությունների» սեփականատերերին, այդ թվում՝ նախկինում իր կողմից թիրախավորված թիվ 1 օլիգարխին, որն այժմ դարձել է նրա սիրելի «խոշոր սեփականատերը», թե որքա՞ն է օրինակ տեքստիլ ձեռնարկությունում կարող բանվորուհու մեկ օրվա աշխատավարձը։ Նրան իհարկե կասեին, թե գործարքային է, կախված է կատարված աշխատանքից եւ այլն, բայց իրականում միջին օրավարձը օրական մոտ 2 հազար դրամ է այդ ձեռնարկություններում։ Դա իմանալուց հետո, մարդկանց վիրավորելու եւ ծուլության մեջ մեղադրելու փոխարեն Նիկոլ Փաշինյանին դարձյալ նույն՝ վերեւում նշված խորհուրդը կտայինք։

Այս ամենի ֆոնին զարմանալի է եւս մեկ հանգամանքը։ Մի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը գրառում արեց, ըստ որի, այս տարվա երկրորդ եռամյսակին նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ Հայաստանում 29 հազարով նվազել է գործազուրկների թիվը։ Նրա հրահագնով վիճակագրակիան կոմիտեն ավելի առաջ էր գնացել՝ հրապարակելով թվեր, ըստ որի այս տարվա երկորդր եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ գործազուրկների թիվը նվազել է ոչ ավել, ոչ պակաս 46 հազարով։ Այս խայտառակ կեղծարարությանը անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում ։

Հիմա հարց է առաջանում, եթե Հայաստանում հրաշք է կատարվել եւ երեք ամսում 46 հազար մարդ աշխատանք է գտել, ինչպե՞ս եղավ, որ 1000 աշխատատեղերը թափուր մնացին։ Այսինքն, 46 հազարը գործ գտա՞ն, իսկ 1000-ը՝ չկարողացա՞ն կամ չցանկացա՞ն։ Ծիծաղելի է իհարկե այս ամենը՝ մեր մռայլ «թավշյա» իրականության մեջ։

Արա Մարտիրոսյան  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ