Այսօր պետական բոլոր ինստիտուտները, Ազգային ժողովը, կառավարությունը և այլևս Հ1-ը, բոլորն իջել են մեկ մարդու մակարդակին և աշխատում են նրա ընտանեկան թերթի ոճով։ Եթե ճիշտ ձևակերպումը տանք, ապա դա այլևս զզվելի է։
Հայաստանի Հանրապետությունում օրենքով աշխատող յուրաքանչյուր քաղաքացի հարկեր է մուծում պետությանը, և նրա արդարացիորեն թիվ մեկ պահանջն է, որ իր մուծած հարկերը պետությունը ըստ կարիքի ծառայեն։ Մենք դժգոհում ենք, երբ տեսնում ենք, որ այդ հարկերով վարչապետը շեյխային ճոխությամբ սլանում է ԱՄՆ։ Թռնել, երևի թե, պետք էր, բայց հնարավոր էր տասնապատիկ էժան։ Մենք դժգոհում ենք, որ շքեղ վերանորոգում է անում վարչապետը, որ իրեն թանկարժեք ինքնաթիռ է գնում։ Մենք համարում ենք, որ պետության առաջնահերթ կարիքը դա չէ։ Մենք քննադատում ենք։ Մենք քննադատում ենք ոչ միայն դա, այլև ներքին, արտաքին, սոցիալ-տնտեսական, պաշտպանության և մի շարք ոլորտներում քաղաքականությունը։ Քննադատում են հարյուր հազարավորները՝ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։ Ինքնուրույն մտածողություն ունեցող, քաղաքական դեմք ու դիմագիծ ունեցող բազմաթիվ քաղաքական, մշակույթի, տնտեսական և այլ ոլորտների գործիչներ քննադատում են։ Բայց մենք տեսնում ենք, որ այդ քննադատողներից երկրի վարչապետին պաշտպանում է, ավելին, գռեհիկ ձևով հարձակվում է քննադատողների վրա օբյեկտիվություն պահպանելու ու քարոզելու համար ստեղծված թիվ մեկ կառույցը՝ Հանրային հեռուստատեսությունը։ Ի՞նչ է անում նա, պարզվում է, ծաղրանկարներ է անում նույն հարկատուների վերաբերյալ։
Հանրային կոչվող հեռուստաընկերությունը ամենազավեշտալի ձևով է պայքարում Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների դեմ՝ նեղ անձնական, նեղացածի ոճով։
Հ1-ին մենք վճարում ենք և պահանջում, թեև պետական շահից ելնելով, բայց անաչառ, բազմակողմանի լրատվություն։ Հանրությունը երբեք նրան պատվեր չի իջեցնում որևէ մեկին ծաղրելու, որևէ մեկին փառաբանելու, անձի պաշտամունքով տարվելու։
Թիվ 1 պետական քարոզչամիջոցը ծաղրանկար է հրապրակել նոյեմբերի 15-ին կայացած «Վերնատուն» ակումբի համաժողովի մասնակիցների վերաբերյալ։ Այնտեղ հայտնի գործիչներ էին, որոնց մեջ բացի Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոս լինելուց, կային գործատուներ ու բնականաբար՝ հարկատուներ։ Ստացվում է, որ նրանք վճարել են իրենց վերաբերյալ էժան ծաղրանկար հրապարակելու համար։ Ո՞վ է իրավունք տվել, ո՞վ է թույլ տվել, ո՞ւմ համաձայնությունը ունի։ Իսկ ո՞վ ասաց, որ մենք՝ քաղաքացիներս, քննադատաբար ենք մոտենում օրինակ՝ Վազգեն Մանուկյանին, որը քննադատում է իշխանության բացերը։ Ինչո՞ւ եք այդքան էժանանում։ Որ հերթով եթեր եք բերում ձեր սիրած սորոսական և այլ տկարամիտ և անմիտ պատգամավորներին, որոնք առաջին հերթին վարկաբեկում են ու ցույց են տալիս իշխանության զրոյական միտքը, դա կարելի է ընդամենը չդիտել, դիտել այլ ալիքներ և այլ ինֆորմացիոն ծրագրերով խիտ համացանց։
Անկախ երկիրը կարող է ունենալ մասնավոր հեռուստաընկերություններ, տպագիր ու էլեկտրոնային մամուլ, որոնք կլինեն լևոնական, քոչարյանական, սերժական, նաև, ինչպես որ այսօր կան՝ այլ երկրների շահերը սպասարկող։ Բայց Հ1-ը պարտավոր է չլինել այդպիսին։ Հենց նա՛ պետք է լինի հավասարակշռված և աշխատի ոչ թե մեկի, այլ հանրության համար։
Իսկ ի՞նչ է անում Հ1-ը։ Օդում կախված լուրեր կան այն մասին, որ Հ1-ում ֆեյսբուքյան չատով մշտական կապի մեջ են վարչապետի կինը, վարչապետի՝ լևոնական մամուլի խոսնակը, Հ1-ի ղեկավարությունը, երեք խմբագիրներ, որոնք բառ առ բառ աշխատում են ընդդիմության ու հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող տեքստերի, նյութերի վրա։ Ու այս խումբը դրել է հեռուստատեսության քայքայման հիմքը՝ անգրագետ ու էժանագին քարոզչությամբ ու հակաքարոզչությամբ։ Հասկանալի է, որ իշխանավորի՝ ով ունի ազդեցություն հեռուստաալիքի վրա, նեղված կամ ջղայնացած, խմած կամ քնաթաթախ վիճակում կարող է մտքով անցնել մի հատ այդտեսակ ծաղրանկար կամ վարկաբեկող ռեպորտաժի սցենար։ Բայց հենց այդ դեպքերում պետք է խոսի իրականացնողի պրոֆեսիոնալ խիղճը և բացատրի, որ, ո՛չ այդ ձևով, կամ ո՛չ այդ հարթակով կարելի է այդտեսակ իջեցնել պետական ռեսուրսի մակարդակը։ Տարեք մեկ այլ, ավելի համապատասխան հարթակում արեք։
Հիմա կասեն՝ «Բա Սերժի վախտ»։
Գանք «Սերժի վախտին»։ Նկարում էին ընդդիմության գործունեությունը, բայց մեկումեջ չէին ցուցադրում, հաճախ ցուցադրում էին համր կադրերով, կամ ցուցադրում էին կիսատ, սակայն եթեր հրավիրում էին, հրավիրում էին նաև բանավեճային հաղորդումների, անգամ հրավիրում էին ընդդիմության այնպիսի գործիչների, որոնք ունեն հեղինակություն և բավարար տվյալներ իշխանականներին չպարտվելու համար։ Կարելի է այլ, առավել իշխանական քաղաքականությանը հարմար դրվագներ հիշել, դրանք եղել են միշտ, սկսած անկախացման առաջին օրերից։ Բայց երբեք, չէին ծաղրում։ Չէին ծաղրում անգամ մասնավոր և անձերի պատկանող հեռուստաընկերությունները։ Ահա թե ինչ է փոխվել։ Ծաղրանքն այսօր մտել է Հանրային հեռուստատեսություն։ Մենք հիմա խոսում ենք ատելության վերացման մասին, իսկ ատելության քարոզով է զբաղվում Հ1-ը։ Այն դարձել է ֆեյքնյուզ, դարձել է դեղին մամուլում ամենադեղիններից մեկը, ու դա անում են մարդիկ, որոնք լրատվամիջոցներում հնաբնակներ են։
Սա այլևս բութ ու դեղին քարոզչամիջոց է։ Երբեք հանրայինն այսքան ստորացված չի եղել, երբեք Հանրայինի ղեկավարությունն այսքան պնակալեզ չի եղել, որքան հիմա է։ Ու դա անում են այն «քարոզիչները, որոնք հլու ծառայել են նաև նախորդներին։ Վաղն էլ կծառայեն։ Եթե վաղը իշխանությունը փոխվի, ասենք, վարչապետ դառնա Անի Զախարյանը, բայց Հ1-ի ղեկավարությունը մնա, այդ կարիկատուրաներում մարդկանց գլուխները ընդամենը կփոխվի։ Որովհետև ստրուկը մնում է ստրուկ՝ անկախ նրանից՝ անունը Պողոս է, թե՝ Պետրոս։
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը