31 10 2019

Բռնակալը բռնակալ է ամեն տեղ․․․ վախից

Բռնակալը բռնակալ է ամեն տեղ․․․ վախից

Ունի՞ Նիկոլ Փաշինյանը բռնակալական հակումներ։ Այո։ Ե՞րբ այն դրսևորվեց։ Իշխանափոխությունից մի քանի օր անց։ Հիշենք կառավարության՝ 2018թ․ հունիսի 11-ի նիստը։ Բանավեճ տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի միջև։ Կառավարությունը քննարկում էր կուտկային կենսաթոշակներում փոփոխությունների, որոշակի բեռ գործադիրի վրա վերցնելու հարցը։ Արծվիկ Մինասյանը դեմ էր, ասաց, որ իր քաղաքական թիմը միշտ դեմ է հանդես եկել։ Ի դեպ՝ միշտ դեմ էր հանդես եկել նաև Նիկոլ Փաշինյանը։ Բայց սա հերթական հարցն էր, որտեղ վարչապետ Փաշինյանը ջախջախում էր պատգամավոր Փաշինյանին։ Մի խոսքով, չնայած Արծվիկ Մինասյանն ու սոցապնախարար Մանե Թանդիլյանը դեմ էին, բայց կողմ քվեարկեցին, որովհետև Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Ես թույլ չեմ տա, որ իմ ղեկավարած կառավարությունում մարդկանց բաժանեն սկզբունքայինի և պակաս սկզբունքայինի»։ Այսինքն, եթե ինքը՝ վարչապետը անսկզբունքային է, ուրեմն բոլորը նույնկերպ պարտավոր են լինել ոչ սկզբունքային։ Որոշումն ընդունվեց։ Արծվիկ Մինասյանն էլ կողմ քվեարկեց, Մանե Թանդիլյանն էլ։ Նույն օրը երեկոյան Թանդիլյանը հրաժարականի դիմում գրեց։

Այլ կարծիք չհանդուրժող այս մղումները շարունակվեցին նիստից նիստ։ Վերջին դրսևորումը տեղի ունեցավ 2019թ․ հոկտեմբերի 23-ին։ Աշխատանքից ազատվեց ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը։ Մեկ օր առաջ հայտարարել էր, որ կողմ չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն: Այսինքն, քննարկման ընթացքում մասնագիտական կարծիք էր հայտնել՝ վարչապետի խոսքին դեմ դուրս գալով, որը ըստ երևույթին ցանկանում էր իր հերթական քայլարածին նշանակել այդ պաշտոնում, և ինչպես իր թիմի մեծամասնությունը, այդ քայլարածը, հավանաբար, չուներ ստաժ և փորձ։

Վարչապետի խոսնակն ասաց, որ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ քաղաքականությամբ զվաբաղվելու համար։ Այսինքն, ոստիկանը մասնագիտական կարծիք է հայտնել ոստիկանության մասին, դա համարվել է քաղաքականությամբ զբաղվել։ Աբսուրդ։ Բայց դա է այսօրվա իշխանության դեմքը։

Այս իշխանությունը չի հանդուրժում սեփական կարծիքն ու սեփական կարծիք ունեցողներին։ Նրանք պետք է հեռանան, հալածվեն, նստեն, որովհետև այդ սեփական կարծիքը չի մտնում հեղափոխություն կոչվածի արդեն նոր որդեգրած արժեքների մեջ։ Իսկ իրականում դա վախի նշան է։ Վախենում է, որ շուտով բոլորը կսկսեն հակառավել իրեն՝ սկսած իշխանության թևերում եղածներից, վերջացրած՝ մտածող քաղաքացիներով։

Հենց դա է պատճառը, որ սեփական կարծիք ունեցողները դուրս են գալիս կառավարությունից, հեռանում են՝ չմոռանալով հայտարարել, որ պետք է հեղափոխությունը փրկել արկածախնդիրներից։

Կառավարությունն ընկել է բռնակալական ճիրաններում․ նորմալ, մտածող, իր կարծիքին մնացող մարդիկ կառավարությունում տեղ չունի, քանի որ նրանցից այլևս վախենում են։

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ