30 10 2019

Այս մասին Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, չի ասի․ ասենք մենք

Այս մասին Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, չի ասի․ ասենք մենք

«Հայաստանի Հանրապետությունում արդեն հսկայական ներդրումներ են կատարվում». նման արտառոց հայտարարությամբ Ազգային Ժողովում 2020թ. բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը։ Հուսով ենք` չեն լինի մարդիկ, որոնք կփորձեն արդարացնել նրան` ասելով, թե «վարչապետին ճիշտ չեն զեկուցում» կամ «վարչապետը տեղյակ չէ երեւի»։ «Բարի ցարի» եւ «վատ բոյարների» մասին հեքիաթը մնացել է անցած դարում։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կեղծիք է տարածում։

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե հայտարարում է, որ ներդրումներն ավելացել են, այլ որ հսկայական ներդրումներ են կատարվում։ Սա տեղավորվում է մեկօրյա արդյունք ստանալու նրա քարոզչական ոճի մեջ՝ հայտարարել մի բան, որը կամ բացարձակ սուտ է, կամ կիսաճշմարտություն, կամ չունի որոշակիություն, կամ կտրված է ընդհանուր պատկերից, բայց կարեւորը ականջահաճո է իրեն փառաբանողների համար։ Այն, որ հետո կբացահայտվի, որ այդ հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում, դա էական չէ՝ մեկօրյա արդյունքն արդեն ապահովված է։ «Ստի ոտքերը», փաստորեն, այնքան էլ կարճ չեն։ Ինչեւէ։ Մտածող եւ իրականությունը իմանալ ցանկացող քաղաքացիների համար մեկ անգամ եւս անդրադառնանք այն իրականությանը, որ առկա է այսօր Հայաստանում ներդրումների մասով։

Նախ՝ հիշեցնենք, որ 2017 թ․-ից սկսած Հայաստանում կատարվող օտարերկրյա ներդրումներն իսկապես սկսեցին աճել եւ տարվա վերջին՝ չորրորդ եռամսյակում, դրանք կազմեցին 102 մլն դոլար (տվյալները ըստ Կենտրոնական բանկի)։ Հաջորդ 2018 թ․-ի առաջին եռամսյակում միտումը պահպանվեց եւ եւս 94 մլն դոլար օտարերկրյա ներդրումներ կատարվեցին։ Սակայն, անցած տարվա երկրորդ եռամսյակում, երբ տեղի ունեցավ չարաբաստիկ «սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն» կոչվող իշխանազավթումը, օտարեկրյա ներդրումները կտրուկ՝ մոտ 10 անգամ նվազեցին` կազմելով մոտ 9 մլն դոլար, որը հետագայում Կենտրոնական բանկը «ճշգրտեց»` հրապարակելով 14 մլն դոլար ցուցանիշը։ Այդուհանդերձ, նախորդ եռամսյակի համեմատ անկումn աղետալի էր։ Այս ամենը Նիկոլ Փաշինյանը, բնական է, որ չի ասի, սակայն մենք հարկ ենք համարում ներկայացնել` պատեկացում ստեղծելու համար, թե իրականում ինչպիսին էր վիճակը մինչ նրա իշխանության գալը եւ դրանից հետո։

2018թ․ երկրորդ կեսին Հայաստանում կատարվող օտարերկրյա ներդրումների ծավալները որոշ չափով վերակագնվեցին, երրորդ եռամսյակում դրանք կազմեցին 77 մլն դոլար, չորրորդում՝ 67 մլն դոլար։ Դրանք հիմնականում ընթացիկ ներդրումային ծրագրերն էին, իսկ նոր ներդրումների ներգրավման մասին հեքիաթները, օրինակ՝ Ղարիբյան եղբայրների կողմից 700 մլն դոլարի ներդրում կատարելու մասին եւ մի շարք ուրիշներ, բնականաբար իրականություն չդարձան։ Ավելին, արդեն այս տարվա առաջին եռամսյակին օտարերկրյա ներդրումները կազմեցին 34,6 մլն դոլար, իսկ երկրորդ եռամսյակին՝ 56,6 մլն դոլար։ Տարրական թվաբանություն իմանալը բավարար է պարզելու համար, որ դրանք զիջում են ոչ միայն նախորդ իշխանության ժամանակ՝ 2017 թ․-ի չորրորդ եւ 2018 թ․-ի առաջին եռամսյակների օտարերկրյա ներդրումների ծավալներին, այլեւս հենց «թավշյա» կառավարության ժամանակվա՝ 2018-ի երրորդ եւ չորրորդ եռամսյակների ցուցանիշներին եւ գերազանցում միայն խայտառակ նվազած երկրորդ եռամսյակի 14 մլն դոլար ցուցանիշին։

Այժմ գումարենք այս տարվա առաջին եւ երկրորդ եռամսյակների օտարերկրյա ներդրումների ցուցանիշները։ Կստացվի 91,2 մլն դոլար։ Սա նշանակում է, որ այս տարի, երկու եռամսյակների ընթացքում, այսինքն՝ կես տարում կատարված օտարեկրյա ներդրումներն ավելի քիչ են եղել, քան անցած տարվա առաջին եռամսյակում՝ այսինքն երեք ամիսների ընթացքում կատարված 94 մլն դոլար կազմող ներդրումները։

Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ Հայաստանում կատարվող իբր «հսկայական ներդրումների» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության եւ իրական պատկերի մասին։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ