Բոլոր ժամականկներում բռնակալները վախեցել են ազատ խոսքից, «ավելորդ հարցերից», իրենց ասածներին չհամապատասխանող, իրենց մերկապարանոց գնահատականներն այդպիսով հրապարակայնորեն կասկածի տակ դնող, ուստի՝ իրենց անցանկալի արտահայտություններից, խոսքից:
Ստյոպա Սաֆարյանի մասին, իհարկե, չես ասի, թե բռնակալ է: Եթե որևէ երկրում երբևէ նման բռնակալ լիներ, այդ երկիրը կինքնակազմալուծվեր... ծիծաղից: Բայց մի կողմ դնենք նրա անձի նկարագիրը, քանի որ նախ, դա անհետաքրքիր է, և հետո՝ խոսքն ավելի շատ երևույթի մասին է, որը կոչվում է խոսքի ազատության, մամուլի ազատության հանդեպ անհանդուրժողականություն, քննադատության անընկալունակություն:
Ստյոպա Սաֆարյանը իր ձևավորած կենտրոնում, որին հնչեղ «ինստիտուտ» անվանումն է տվել, կազմակերպել է քննարկում, որի ընթացքում նախատեսվում է յուրայիններով անդրադառնալ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը, մտորումներ անել: Հարցն այն է, որ այդ միջոցառման մասին հայտարարության մեջ նախաձեռնողը, նույն ինքը՝ Ստյոպա Սաֆարյանը հատուկ ընդգծել է, որ մի ամբողջ շարք լրատվամիջոցների մուտքն արգելված է, եթե գան (գնան) էլ, տեսախցիկները դուրս են հանելու, իսկ թղթակիցներին... չէ առայժմ չեն գանահարի, բայց մի բան կգտնեն, որ նրանց վրա «գործ տան»: Քավ լիցի, միջոցառման մասնակիցների շարքում նախատեսված է նման գործերի հակված մեկը:
Բնութագրականն այս ամենի մեջ այն է, որ նույն Ստյոպա Սաֆարյանը, որ «իրեն պատառոտում» է գործող իշխանությանն ու հատկապես՝ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու համար, տարիներ շարունակ դիրքավորվել է քաղաքական ու քարոզչական դաշտում որպես «արևմտյան արժեքների» համոզված կողմնակից, որպես «ժողովրդավարության, մարու հիմնարար իրավունքների ու ազատությունների համար մարտնչող» աննկուն պայքարիստ: Եվ ահա, այսպիսի անտաղանդ ինքնաբացահայտում․․․
Ստյոպա Սաֆարյանը «Yerevan today»-ի ներկայացուցչին էլ չի ուզում տեսնել իր կազմակերպած միջոցառմանը: Ու այստեղ, պետք է նկատել, մեր զգացողությունները ինչ-որ տեղ համընկնում են ու միանգամայն փոխադարձ են, մենք էլ իրենց «տենալու չունենք»: Պարզապես նրբությունն այն է, որ ի տարբերություն իրենց դեմոկրատ ներկայացնող, բայց համարյա սուլթան կարծող որոշ անձանց, լրատվամիջոցները այս կամ այն միջոցառմանը թղթակիցներ են ուղարկում, անկախ կազմակերպիչների ու մասնակիցների հանդեպ ունեցած անհատական զգացողություններից: Կարևորը թեման հետաքրքիր լինի ու հյուրերը։
Եթե Հայաստանում դեռ պահպանվել է լրատվամիջոցների ու լրագրողների կոլեգիալ համերաշխություն ասվածը, ապա իրենց հարգող լրատվամիջոցներն, իհարկե, պետք է որ հայտարարեին նման խտրական մոտեցմամբ կազմակերպվող միջոցառմանը չմասնակցելու իրենց որոշման մասին: Դա հնարավոր է, բայց քիչ հավանական:
Սաֆարյանը լիարժեք ու անդառնալիորեն բացահայտեց իր բուն էությունը, ազատ խոսքից ու լրատվական դաշտի մի զգալի մասից իր սարսափն ու ֆոբիաները: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան ժամանակ ու նյարդեր հարկ կլիներ ծախսել, հանրությանը ցույց տալու համար, թե հրապարակային գործունեություն ծավալած, շարունակ ժողովրդավարական արժեքներից, խոսքի ազատությունից ու նման բաներից խոսող անձնավորությունը իրականում սարսափում է նույն այդ ժողովրդավարական արժեքներից ու ազատ խոսքից, մամուլի ազատությունն էլ խորը թաղած ունի, եթե ոչ՝ բանտարկած:
Ասա՝ ով է քեզ պաշտպանում...
Հարութ Մինասյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը