23 10 2019

Նախարարական աշխատավարձերի գաղտնի բարձրացումն ու «հպարտ» քաղաքացիները

Նախարարական աշխատավարձերի գաղտնի բարձրացումն ու «հպարտ» քաղաքացիները

Նախորդ տարվա ապրիլ-մայիսից առաջ հանրության շրջանում տարածված էր այսպիսի մի արտահայտություն՝ ոչ մի բան չի փոխվում, մարդիկ վատ են ապրում։ Այն, որ նման տրամադրությունները ուղղորդված քարոզչության արդյունք էին, ապացուցում է ներկան։ Ինչպես տեսնում ենք, ինչ-որ բան իսկապես «փոխվում» է, բայց միայն Նիկոլ Փաշինյանի, նրա ընտանիքի, իշխանական պատգամավորների, նախարարների և փոխնախարարների կյանքում։ Նրանց կենսամակարդակը կտրուկ բարձրացել է վերջին մեկուսկես տարում։ Եթե այս փոփոխությունն էին տենչում «հպարտ» քաղաքացիները, ապա կարող ենք նշել, որ այն իսկապես տեղի է ունեցել։ Եթե խոսքը բնակչության կենսամակադրակի բարձրացման մասին է, ապա դա ոչ միայն տեղի չի ունեցել, այլև հակառակն է տեղի ունենում՝ կենսամակարդակը ընկնում է, բայց զանգվածային դժգոհություններ «ինչ-որ բան փոխելու» անհրաժեշտության մասին այլևս չկան։ Չկան, որովհետև բացակայում է այն քարոզչական գրոհը ներկա իշխանությունների դեմ, որը կար նախկին իշխանությունների դեմ։ Այդուհանդերձ, դժգոհություններ արդեն առկա են առանձին սոցիալական խմբերի ու խավերի մեջ։

Հանրային մակարդակով զանգվածային դժգոհությունների պոռթկում եղավ այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ պետական կառույցների և Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաները աստղաբաշխական պարգևատրումներ են ստանում։ Այն, որ դա արվում է Նիկոլ Փաշինյանի հրահանգով, այն ժամանակ հաստատեց հենց ինքը՝ իր հերթական լայվի ժամանակ։ «Դուխով» հեղափոխականները, որոնք փորձում էին կիրառել ավանդական «վարչապետը տեղյակ չի» կամ «վարչապետին չեն զեկուցել» արդարացումները, անհարմար վիճակում հայտնվեցին։ Եվ ահա օրերս իշխանության կողմից պետական բյուջեի գումարների շռայլ օգտագործման նոր երևույթ բացահայտվեց։

Նիկոլ Փաշինյանի գաղտնի հրահանգով կրկնակի բարձրացվել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հատուկ Նիկոլ Փաշինյանին այդ գործընթացից զերծ պահել ցանկացողների համար կրկնում ենք, որ դա տեղի է ունեցել հենց նրա հրահանգով և այդ հրահանգը եղել է գաղտնի՝ այն էլ ամիսների առաջ՝ հուլիսին։ «Ժողովրդի» վարչապետը, որը խոսում էր կոռուպցիայի, ժողովրդի թալանելու, իշխանությունների յուրացումների մասին այժմ ժողովրդից գաղտնի հրահանգ է տալիս։ Այդ փաստը հաստատել է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետը, լրատվամիջոցներից մեկի այս հարցի առնչությամբ տրված հարցին պատասխանելով․ «Ձեր կողմից բարձրացված հարցը, ինչպես նշել եք, իրականացվել է գաղտնի ընթացակարգով, ուստի նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»։

Հարց է առաջանում ինչո՞ւ գաղտնի։ Բնականաբար, որպեսզի չառաջացնի արդարացի դժգոհությունների նոր ալիք։ Ինչո՞ւ պետք է նման ալիք առաջանա։ Այն պատճառով, որով առաջացավ աստղաբաշխական պարգևատրումների ժամանակ՝ բնակչության կենսամակարդակի շարունակվող անկման ֆոնին իշխանավորների եկամուտների կտրուկ բարձրացումը բացասաբար կընդունվի ժողովրդի կողմից։

Շտապելով կանխել Նիկոլ Փաշինյանին հերթական սկանդալից փրկելու ցանկություն ունեցողներին, որոնք «հանկարծ» կարող են հիշել, որ նախարարները պետք է բարձր աշխատավարձ ստանան, որ այլ՝ ապօրինի եկամուտների չձգտեն, նշենք, որ նախկին իշխանության ժամանակ նման փաստարկ նրանց կողմից ինչ-որ չէր բերվում։ Բացի դրանից, նշենք, որ նախարարները ստանում են մոտ 800 հազար դրամ աշխատավարձ (ներառյալ եկամտային հարկը) և հիմա դա կրկնապատկվել է։ Հայաստանում 172 հազար դրամ (դարձյալ ներառյալ եկամտային հարկը) միջին աշխատավարձի պարագայում, եթե այդ գումարը ավելի քան 4 անգամ գերազանցող 800 հազար դրամը բավարար չէ նախարարների համար, ապա այդ նախարարները թող զբաղվեն այլ գործով։ 

Հայտնի չէ նաև, աշխատավարձերի կրկնապատկումը տեղի է ունենում որպես պարգևատրո՞ւմ, թե՞ աշխատավարձի բարձրացում։ Բանն այն է, որ առաջին դեպքում եկամտային հարկ չի վճարվում և ստացվող գումարն ավելի մեծ է լինում և ավելի հեռանում հայաստանյան միջին աշխատավարձից։ Նույնը կարելի է ասել փոխնախարարների, պատգամավորների և մնացած «քայլած» իշխանավորների աշխատավարձերի մասին։ Նրանց միավորում է մեկ ընդհանուր «քայլ»՝ պետական բյուջեն առատորեն վատնելը՝ աշխատավարձերի, հաճախակի արտասահմանյան գործուղումների, պարգևավճարների, տարբեր պատրվակներով գումարներ դուրս գրելու և ստանալու տեսքով։ 

Բնականաբար այդ ցանկում առաջին տեղը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը, որի միայն վերջին մեկ-երկու ամիսների իսկապես աննախադեպ և չարդարացված ճոխություններից են կես մլն դոլար ամերիկյան շրջագայության, 2 մլն դոլար կառավարական առանձնատան նորոգման, կես մլն դոլար նոր զրահապատ ծառայողական մեքենայի գնումը։

Ինչ մնում է դեռևս «անսասան» «հպարտներին», ապա նրանք թող շարունակեն բավարարվել Նիկոլ Փաշինյանին փառաբանելով և արդարացնելով։ Նրանք այլ բանի համար պիտանի չեն և այլ կյանքի էլ արժանի չեն։ Մինչդեռ ժողովրդի հիմնական մասն արդեն իր եզրակացությունները պետք է անի իր հաշվին և իր գումարներով իշխանության և նրա ղեկավարի ցոփություններից և վատնումներից։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ