17 10 2019

Նիկոլական ֆեյքերը․ Ի՞նչու ՊՈԱԿ-ը չի հրապարակում նրանց անունները

Նիկոլական ֆեյքերը․ Ի՞նչու ՊՈԱԿ-ը չի հրապարակում նրանց անունները

Ըստ տարբեր դիտարկումների, նաև ժամանակ առ ժամանակ որոշակի բացահայտումների, սոցիալական ցանցերում գործում է ֆեյքերի հսկայական բանակ, որոնք առավոտից երեկո փնտրում են Նիկոլ Փաշինյանի ու մյուս իշխանավորների վերաբերյալ քննադատական և բացասական խոսք ու հարձակում գործում նրանց վրա։ Ընդ որում, խոսքը ոչ թե գաղափարական բանավեճի մասին է, այլ պարզ ու այլանդակ հայհոյանքների։

Այդ ֆեյքերը սկզբում աշխատում էին տարբեր անկյուններում, ինչպես ասում են՝ ամեն մեկն իր տանը՝ իր համակարգչի առաջ։ Հետո, ըստ տարբեր տեղեկությունների, դրանք հավաքվեցին իրար գլուխ, ստացան գրասենյակ և սկսեցին գործել կենտրոնացված մեկ վայրից՝ Կառավարության ենթակայության տակ գտնվող հիմնարկից։ Այդ տեղեկության համաձայն, այդ ֆեյքեր օգտագործողները ստանում են 200 հազար դրամի կարգի աշխատավարձ, յուրաքանչյուրը պահում է մինչև 15 ֆեյք։ Ըստ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների՝ նրանք գործում են Կառավարությանն առընթեր Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ներքո։ ՊՈԱԿ-ը, հիշեցնենք, նոր իշխանության ժամանակ փոփոխության ենթարկվեց՝ թե՛ անձնակազմի քանակով, թե՛ գործառույթների։

Գրավոր հարցում ուղարկեցինք ՊՈԱԿ-ը՝ պարզելու կառույցի աշխատակազմի թիվը, գտնվելու վայրը, աշխատողների անուն-ազգանուններն ու աշխատավարձերի չափը։

Նախ պետք է նշել, որ կառավարությունը տեղեկությունը տրամադրեց մի տեսակ չուզենալով և կիսատ, որը տևեց մեկ ամսից ավելի։ Լրացուցիչ ժամանակ խնդրեցին նամակին պատասխանելու համար և մեկ ամսից ավելի ժամանակահատվածում նշեցին ընդամենը այն, ինչ այդ կառույցի կայքում արդեն կար, այն է՝ ՊՈԱԿ-ի աշխատողների թիվը 155 է։ Ներկայացրել էին հաստիքացուցակը՝ առանց անուն ազգանունների և դրույքաչափերի։

Քանի որ հարցերին տրված պատասխան նամակը թերի էր, ևս մեկ նամակ ուղարկեցինք՝ խնդրելով նշել աշխատակիցների անուն ազգանունները, դրույքաչափերը, գտնվելու վայրը։

Պատասխանում նշել էին որ ՊՈԱԿ-ը գործում է երեք հասցեներում՝ Օրբելի 23, Արշակունյաց 44 և Հանրապետության հրապարակ, կառավարության տուն 1։

Տարօրինակ է, բայց լինելով պետական կառույց ու սնվելով հարկատուներիս հաշվին, որը ենթադրվում է թափանցիկ հիմնարկ հասարակության համար, աշխատողների անուններն ու աշխատավարձի չափը հրաժարվեցին տրամադրել՝ հղում անելով Տեղեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածի առաջին կետի երկրորդ մասին, այն է՝ տեղեկատվության տնօրինողը մերժում է տեղեկատվության տրամադրումը, եթե դա խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը։ Զարմանալի է՝ օրենքին հղում անելով հրաժարվել տրամադրել մի տեղեկություն, որը ոչ մի ձև անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնի ինֆորմացիա չի կարող համարվել։ Խոսքը գնում է ընդամենը նշելուն թե կոնկրետ ովքեր են աշխատում և որքան են ստանում՝ հարկատուներիս հաշվին։ ՉԷ՞ որ հանրությունը կարող է և իրավունք ունի իմանալու՝ արդյո՞ք վարչապետը կամ այլ իշխանավորներ, օրինակ՝ չեն ընդունել այդտեղ իրենց խնամի-ծանոթ-բարեկամներին, կանանց, դուստրերին կամ հարսներին, և նշանակել աստղաբաշխական աշխատավարձեր, որպեսզի ապահովեն բացի իրենցից՝ նաև բարեկամների բարեկեցիկ կյանքը։ Չէ՞որ, ժողովուրդը, որը մեծամասամբ ապրում է համեստ պայմաններում, իրավունք ունի իմանալու՝ արդյո՞ք իր քվեին արժանացած Փաշինյանը ընտրողի վճարած հարկերը արդյունավետ է օգտագործում, թե՞ իր ոչ պրոֆեսիոնալ շրջապատից բացի նաև իրենց ընտանիքների հարցերն է լուծում՝ ապահովելով բարեկեցիկ ապրուստ յուրայիններին։

Իհարկե, եթե մենք ցանկանանք մտնել դատական գործընթացի մեջ, կարող ենք այդ ինֆորմացիան ստանալ, որովհետև չի կարող մեր պահանջած տեղեկատվությունը լինի անձնական կամ ընտանեկան գաղտնիք։ Նմանապես, պետք է գաղտնիք լիներ ՊՈԱԿ-ի տնօրենի անունը հրապարակելը կամ փոխտնօրենի, այնինչ դրանք առկա են կառույցի օնլայն հարթակում և կամ կառույցի որևէ անդամի հետ հարցազրույց անելիս հրապարակվում է անունը։

Բայց այդ տեղեկատվության չտալը շատ ավելի է խորացնում կասկածներն առ այն, որ իշխանության գովաբանողները սոցցանցերում, Նիկոլ Փաշինյանին աստվածացնողները, ատելություն քարոզողները հենց այնտեղ են աշխատում, սնվում են պետբյուջեից, այսինքն՝ մեր՝ հպարտ հարկատուների գումարներով և գրում են միմիայն մի նպատակով, որպեսզի միամիտ քաղաքացիների մոտ մի փոքր էլ երկարացնեն Փաշինյանի իշխանության պատրանքները։ Պետք է շեշտել՝ նրանք ոչ թե պետության, հայրենիքի, միասնության կամ որևէ դրական տեղաշարժերով են զբաղված, այլ՝ բացառապես իշխող ուժի ներկայացուցիչների մասին անձնական գովքով և պախարակելով ցանկացած այլ կարծիք հայտնողի։

Նրանք լցված են վարչապետի էջում ու կերտում են աստծո կերպար, հակառակորդներից՝ սատանայի։ Բերենք օրինակ՝ ամենաթարմ դեպքից։ Վարչապետը հոկտեմբերի 17-ին հանդիպել էր զոհված զինծառայողների ծնողներին, որոնք կառավարությունից աջակցություն են պահանջում։ Այդ ֆեյք կոչեցյալները, «դուք ո՞վ եք, որ մեր վարչապետից բան պահանջեք»-ի տրամաբանությամբ հայհոյանքներ էին շաղ տալիս հերոսների, նրանց ծնողների հասցեին, ինչը անգամ թշնամին չի անում։ Սա հերթական ապացույցն էր, որ այդ նիկոլահպատակ ֆեյքերը տեղավորվում են դավաճանական պիտակի մեջ։

Պատկերացնո՞ւմ եք, ամբողջ աշխարհում իշխանությունը բարության քարոզիչ է, հանդարտեցնում է կրքերը՝ պահպանելու համար պետության ստաբիլությունը, իսկ մեզ մոտ հակառակն է ստացվում․ իշխանությունն է կազմակերպում, տարածում ատելություն, անհանդուրժողականություն՝ իրականում պայքարելով պետության դեմ։

Մեր պահանջած ինֆորմացիայի տրամադրումը հնարավորություն կտար ուսումնասիրել ու որոշակի պարզություն մտցներ օդում կախված լուրերի մեջ, որը, ստիպված կլինենք հայթհայթել այլ վայրերից և հրապարակել այս և այն տեղերից եկող ասեկոսեները։

Ի դեպ, հրապարակախոս, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը հրապարակել էր տեղեկություն, որ ֆեյք է պահում նաև Հովհաննես Մովսիսյանը և հրապարակել էր լուսանկարներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ