11 10 2019

Տիկին Աննան հաղթահարե՞լ է ֆոբիաները․ 3-րդ այցը՝ Շվեյցարիա

Տիկին Աննան հաղթահարե՞լ է ֆոբիաները․ 3-րդ այցը՝ Շվեյցարիա

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երևի միակ մարդն է աշխարհում, որը և՛ ֆոբիա ունի ինքնաթիռից, և՛ մշտապես շրջագայում է։ Թեև նա արտերկրյա զբոսանքների նկատմամբ հոբին ներկայացնում է որպես ամուսնու նկատմամբ անսահման սեր, որը, ծանրաբեռնվածության բերումով, ստիպված է արտահայտել բացառապես օդանավում։ Լիրիկան ընդհատվում է միայն տեղական այցերի ժամանակ։

Փաստ է, որ նախկինում որևէ ղեկավարի կին այդքան ակտիվ չի եղել շրջագայությունների և երեկոների մասնակցելու հարցում, որքան՝ ներկայիս վարչապետինը։ Նա անգամ խախտում է բոլոր արարողակարգերը։

Ընդամենը 1 տարի 5 ամսվա ընթացքում, սա Աննա Հակոբյանի երրորդ այցն է Շվեյցարիա։ Հոկտեմբերի 11-ին մեկնարկող այցով նա մասնակցելու է շվեյցարական Կարմիր Խաչ կազմակերպության ամենամյա բարեգործական երեկոյին։

Նկատենք, որ նախքան այս եղած այցերը բավականին տարաբնույթ քննարկումների առիթ դարձան։

Առաջին այցը տեղի էր ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 12-17-ը։ Այն ժամանակ արդեն հարցեր առաջացան, թե այդ ի՞նչ աշխատանքային այց է, ինչի՞ համար։

Իսկ արդեն 2019 թվականի հունվարի 20-ին, երբ վարչապետը մեկնել էր Դավոս, մամուլում շրջանառվեց, թե Աննա Հակոբյանը պետական միջոցների հաշվին չորս օր գիշերել է Շվեցյարիայի Ցյուրիխ քաղաքի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկի նախագահական համարում, ինչը հերքեց խոսնակը, սակայն որոշ ժամանակ անց վարչապետի տիկինը հայտարարեց․ «Իրականությունը հետևայլ է՝ եղել եմ Դավոսում, ունեցել եմ պաշտոնական հրավեր Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչներից՝ ուղեկցել իմ ամուսնուն ֆորումի շրջանակներում, բայց ինչ-ինչ անձնական պատճառներից ելնելով չկարողացա (մասնակցել ֆորումին): Ինչպես տեսել եք լրատվությունից և վիդեոներից՝ ես ֆորումում չեմ հայտնվել: Դրանից ելնելով՝ ինձ թվում էր, քանի որ կար պաշտոնական հրավեր և ես այնտեղ էի ու չգնացի, կոռեկտ չի լինի ասել, որ գնացել եմ ֆորումին ու չեմ մասնակցել»։

Այցերի վերաբերյալ Աննա Հակոբյանն իր մեկնաբանութունն ունի․ «Այդ այցերը հաճախ լինում են ոչ իր նախաձեռնությամբ։ Լինում է երբեմն, որ տեղի հայ համայնքն է ուզում տեսնել, հանդիպել ինձ հետ: Իհարկե, ավելի շատ ուզում են հանդիպել ամուսնուս հետ՝ որպես ՀՀ վարչապետի: Բայց շատ հաճախ նրա խիստ գրաֆիկի պատճառով հնարավոր չեն լինում այդ հանդիպումները եւ մարդիկ նախընտրում են հանդիպել ինձ հետ, իմանալ երկրի ներքին հարցերի, մեր ընտանիքի մասին: Ես չեմ կարող ասել՝ ֆինանսավորեք այդ հանդիպումները, գնեք տոմսերը։ Այցերը լինում են մի քանի տեսակի՝ լինում են պաշտոնականներ, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեից, ֆոնդերի գոյությամբ պայմանավորված, որոնց ֆինանսավորումը տեղի է ունենում ֆոնդերի հաշվին, սփյուռքի հետ կապված, որոնք կրկին պետական բյուջեից են ֆինանսավորվում եւ անձնական այցերը, որոնք անձնական ծախսերով են ֆինանսավորվում ու եթե անձնական ծախսերով էլ չեն, հաստատ բյուջեի վրա բեռ չեն դառնում: Ես մի գաղտնիք բացեմ, ես ֆոբիա ունեմ ինքնաթիռներից, չեմ կարող բացատրել, թե ինչ ծանր են նստում ինձ վրա այդ ուղեւորությունները»։

Թե հերթական ուղևորությունը որքանով է ձեռնտու և օգտակար պետության համար, այդ մասին, վստահաբար, առաջիկայում հրապարակումներ կլինեն։ Վստահաբար կտեղեկանանք նաև, թե որքան է արժեցել Շվեյցարիա ուղևորությունը։ Բայց դատելով վարչապետի ընտանեկան շքեղ ծախսերից ու ուղևորություններից, որոնց՝ միայն հանրությանը հայտնի դարձակ փաստերը միլիոնավոր դոլարների են, պետք է ասել, որ այս ուղևորությունը ևս դասվելու է թանկարժեք բայց անարդյունավետ ծախսերի շարքին։

Բայց հետաքրքրականը նաև այն է, որ տիկին Աննա Հակոբյանը հատկապես հավանել է Շվեյցարիան՝ հաշվի առնելով, որ առիթով կամ անառիթ մեկ տարվա մեջ արդեն 3-րդ այցն է կատարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ