02 10 2019

Հայաստանը փորձությունների թնջուկի առջև, ի՞նչ է տալիս Քոչարյանին պատանդ պահելը

Հայաստանը փորձությունների թնջուկի առջև, ի՞նչ է տալիս Քոչարյանին պատանդ պահելը

Արտաքին-քաղաքական ուղղությամբ, առաջին հայացքից ու արտաքինից վերջին դեկադան Հայաստանի համար հիպերակտիվ էր: Իրադարձությունների թվարկումը միայն տպավորիչ է թվում. Փաշինյանի այց ԱՄՆ, ելույթ ՄԱԿ-ի ամբիոնից, ԵԱՏՄ ղեկավարների գագաթնաժողով Երևանում, Սինգապուրի վարչապետի, Իրանի նախագահի այց: Եվ, որպես այդ ամենի «պսակ» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այց՝ ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում, հանդիպում հյուրընկալող երկրի վարչապետ Փաշինյանի հետ, գովասանքի խոսքեր՝ մամուլի համար:

Փաշինյանի ամերիկյան այցը սակայն, նրա ընդդիմախոսների ու նաև համեմատաբար չեզոք մեկնաբանների հայացքով այնքան էլ արդյունավետ չէր ու գործնականում քիչ բան տվեց Հայաստանին՝ արտաքին-քաղաքական շահերի պաշտպանության և առաջխաղացման իմաստով: ԱՄՆ ղեկավարության հետ լուրջ հանդիպումներ և պայմանավորվածություններ չեղան, ՄԱԿ-ից հնչած ելույթը կիսատ-պռատության տպավորություն էր թողնում, չհասկացվեց ու թուլության դրսևորում ընկալվեց Փաշինյանի կողմից՝ նաև ադրբեջանական ժողովրդի շահերը հաշվի առնելու՝ անբացատրելի համառությամբ կրկնվող թեզը:

Դրանից անմիջապես հետո, մի ժամանակ հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարող Հայաստանի արդեն Արևելյան կամ Եվրասիական գործընկերների հետ հարաբերությունների զարգացման հերթը եկավ՝ ԵԱՏՄ, Ռուսաստան, Բելառուս, Սինգապուր, Իրան:

Հա, Վլադիմիր Պուտինն եկավ Հայաստան (իբր թե չէր գալու, ոմանք էլ դրան հավատացել էին, մինչդեռ պարզից էլ պարզ էր, որ Ռուսաստանը ԵԱՏՄ գագաթաժողովը բաց չէր թողնի, առավել ևս Իրանի ղեկավարի հետ տարածաշրջանային զարգացումների քննարկման խնդիր կար): Եկավ, ու ի՞նչ:

Այստեղ հիմնական հարցն այն է, թե Հայաստանի թավշահեղափոխական ղեկավարությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ինչքանո՞վ կարողացավ գոնե հղկել և հայ-իրանական հարաբերությունների դաշտում, և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության այգում ցանած «բողկերը»: Կարողացա՞վ, թե՞ չկարողացավ:

Այն, որ երկրորդ նախագահը շարունակում է մնալ անազատության մեջ, շինծու մեղադրանքներով կալանավորված ու քաղաքական պատանդի կարգավիճակում, իրական ցուցիչն է, որ հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում ու այդ հարաբերությունները բարդացնող խնդիրներն ու կնճիռները չեն հարթվել, ավելին, հնարավոր է՝ խորացել են, անկախ այն բանից, թե որքան լայն է տեսախցիկների առաջ ժպտում Պուտինը, ինչ շնորհակալական արարողակարգային արտահայտություններ է անում Հայաստանի վարչապետին, կամ ինչ «մանր ժուլիկություններ» է Փաշինյանին հարող «բրիգադը» հրամցնում Ռուսաստանի նախագահին, վրացական լրագրողուհու տեսքով կամ ԵԱՏՄ դեմ հինգ հոգանոց «ցույցիկով»:

Նույնը՝ Իրանի դեպքում: Հարթվեցի՞ն կնճիռները, որ այս մեկուկես տարում Փաշինյանի կառավարությունը հասցրել է այստեղ էլ կուտակել: Դա հիմա ոչ մեկը բացեիբաց չի ասի: Բայց պատասխանները ժամանակի հետ կերևան: Ուղղակի արտաքին-քաղաքական ոլորտում որքան հաճախ են տարբեր ղեկավարներ ընդհանուր «կենացային» արտահայտություններ անում, ուրեմն այդքան ավելի խորն են ռեալ պրոբլեմները, որքան ավելի լայն են ժպտում տեսախցիկների առաջ, այնքան, ուրեմն ավելի շատ կարգավորելու հարցեր են մնացել աշխատանքային օրակարգում:

Մեզ համար կարևոր ու անհանգստացնող խնդիրներն այն են, որ Հայաստանի այժմյան ղեկավարույթունը առայժմ ձեռքբերումներ է գրանցում մեր պետության ռազմավարական գործընկերներից հատկապես Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերությունները բարդացնելու ուղղությամբ:

Մյուս խնդիրն այն է, որ այդ ղեկավարության որդեգրած դիրքորոշումը, եթե կարելի է այդպես անվանել, տարերայնության տպավորություն թողնող հայտարարույթուններն ու քայլերը, խնդիրներ է ստեղծում ինչպես Արցախի հարցի կարգավորման գործընթացում, այնպես էլ՝ Արցախի իշխանությունների ու ժողովրդի հանդեպ ՀՀ իշխանության հարաբերությունների ու վերաբերմունքի հարթություններում:

Հարցեր ու կասկածներ են ծագում, որոնց հենց Փաշինյանն ինքն ու իր հայտարարություններ են տոն տալիս: Ավելին, Լևոն Տեր-Պետրոսյանի «պատերազմ թե խաղաղություն»-ական, փաստացի՝ «հողհանձնողական» մոտեցումը կրող անձանց քանակությունն ու հակահայկական «սորոսականություն» դավանողների, Հայաստանը սկուտեղի վրա թուրքերի դեմը նետելուն միտված կողմնորոշում ունեցողների տեսակարար կշիռը «թավշյա» կառավարության, իշխող ու որոշումների վրա ազդող շրջանակում կատաստրոֆիկ ավելանում է ու ավելացել է:

Նման պայմաններում, երբ ադրբեջանաթուրքական տանդեմը, տեսնելով Հայաստանի ցաքուցրիվ ու իր իսկ դիրքերը թուլացնող արտաքին-քաղաքական քայլերը, ավելի ու ավելի հոխորտալից ու ռազմատենչ ռիտորիկայով է հանդես գալիս, այսինքն՝ կոշտացնում է դիրքորոշումը՝ հնարավոր առավելագույնը պոկելու ախորժակով:

Երբ այդ կտրվածքով ես դիտարկում զարգացումները, լրիվ հասկանալի է դառնում, թե անձնական վրեժխնդրությունից ու մարդկային փոքրությունից բացի, ի՛նչ հիմնարար կամ առանցքային նպատակ է հետապնդում Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին բանտում պատանդ պահելը: Իրականությունն այն է, որ փաստացի, Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել այն գործիչը, ով կկարողանա ու կհամախմբի մտահոգ ու ազգային այն ուժերին, որոնք դեմ են Փաշինյանի վարած քաղաքականությանը, դեմ են Հայաստանի պետականությունը կործանելուն, Արցախը թշնամու սպառնալիքների դեմ մենակ թողնելուն ու ծախելուն:

Եթե Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը քննող դատավորները հասկանային, թե իրենք խորքում ինչ որոշում են կայացնում, ապա չէին շտապի «պատերի տակ վնգստացողի» մեդալ ստանալ Փաշինյանից ու դառնալ նրա կույր կամակատարը, չէին դառնա Հայաստանի դեմ նյութվող դավերի բութ գործիք:

 

Հարութ Մինասյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ